Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/137

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

զրկվեցինք, ո՞ւմ ձեռն ընկանք։ Ա՜խ՝ տեր Աստված՝ ընչի՞ մեզ էսպես պատժեցիր, քեզ ի՞նչ էինք արել, որ մեր աչքը էսպես հանեցիր, ո՞ւմ մեկ վնաս տվինք, որ մեր գլխին քար քցեցիր։ Մեր հորնըմորը, մեր քիր ու ախպերը մատաղ արիր, ախր մեզ էլ նրանց հետ տանեիր, ի՞նչ կըլեր։ Մութն էկել ա, գետինն առել, նա՛նի ջան, սար ու ձոր խավարել, փակվել, մենք մերը կորցրած հավի ճտերի պես ընկել ենք չոլ ու դուզ․ ո՛չ աչքըներս ա քուն գալիս, ո՛չ սրտըներս՝ ղարար, ախ քաշելիս՝ կրակ ա դուս գալիս[1] լերդըներիցս․ ո՞ւմ երեսին մտիկ անենք, որ մեր սուքը տեսնի, ո՞ւմ ճտովն ընկնինք, որ մեր արտասունքը սրբի, ո՞ւմ մոտ գնանք, որ մեզ գոգն առնի, մեր սիրտը մխիթարի, մեր դարդն իմանա։ Քարերը անկաջ չունին, որ մեր ձենը լսեն, սարերը սիրտ չունին, որ մեզ վրա ցավին․ երկինքը հեռու, որ մեզ քաշի, տանի, երկիրը թուր չունի, որ մեզ էլ փրթի, կոտորի․ ո՞ւմ ասենք մեր դարդը, ա՜խ, ո՞ւմ, ընչի՞ մեզ աշխար բերիք, մեզ կաթը տվիք, պահեցիք, դուք շուտով պրծաք, երկինքը գնացիք, մեզ որբերիս էս փո՛ւչ աշխարքի վրա թողիք, որ դհա ավելի տանջվինք, դհա ավելի չարչարվինք, ձեր կարոտը մեկ կողմից քաշենք, մաշվինք, մեր ցավը մյուս կողմից սրտըներս անենք. էրվինք. փոթոթվինք»։

«Ձեռըներս կապած, գլխըներս բաց, երկնքի տակին, Ապարանու չոլումը՝ ձեզ ենք կանչում, ձեզ ենք ուզում, ձեր անունը տալիս, ձեր խաթեր լալիս՝ ա՜յ մեր ազիզ ծնողք՝ երկնքումն ա ձեր հոգին, թողե՛ք՝ մեկ սհաթ գա, վրըներս պտիտ տա․ երկրումս ա դեռ․ մեր աչքին մի երևի, հասրաթներս առնինք ու հետո, ա՜խ՝ հետո մեր հոգին էլ ձեր հոգուն տանք, ձեզ հետ թռչինք, ձեզ հետ միանանք, դժոխք, թե դրախտ միասին տեսնինք, ուր որ ըլիք, առանց ձեզ չմնանք․ ա՜խ՝ ի՞նչ կըլի, ի՞նչ․․․ ա՜խ՝ ի՞նչպես չի մեր սիրտը պատռվում, մեր ջանը էրվում, մեր բերնիցը կրակ դուս գալիս, մեզ խորովում, ի՞նչպես ա մեր լեզուն խոսում, ու չի՛ քրքրվում, մեր աչքը տեսնում ու չի դուս տրաքում, մեր շունչը դուս գալիս, ու չի կտրվում, մեր արինը եռում ու չի ցամաքում, մեր անկաջը լսում ու չի քառանում, մեր ոտները փոխվում ու չի մեր աակին փշրվում, խուրղուխաշ ըլում․ էս ի՞նչ օր ա, որ մենք քաշում ենք»։

«Նանի՛ ջան, ա՛խպեր ջան․ բաբի ջան․ վա՜յ, վա՜յ․․․ է՞ս օրվան համար մեզ օրորոց դրիք․ է՞ս օրվան համար մեզ սրից, ջրից ազատեցիք, մեր ցավին դարման արիք, մեզ ջան ասելով, մեր աչքը սրբելով, գոգըներդ առնելով, դոշըներիդ կպցնելով, քրտինք թափելով, անքուն մնալով, սար ու ձոր ընկնելով՝ մեզ ապրուստ ճարեցիք, ձեր կյանքը խավարացրիք, մեզ ծաղկացրիք, դուք թառոմեցիք, մեզ դալարացրիք, ձեր ումբրը չորացրիք, մեզ տանը քուն դրիք, դուք հանդում, չոլում, արևի, անձրևի տակ ջանըհան էլաք, որ մենք զորանանք․ աչքըներիդ լիսը սպիտակացրիք, որ մենք մեծանանք, հասնինք, ձեզ քոմակ ըլինք․ է՞ս ա մեր քոմակ ըլիլը, է՞ս էր ձեր մուրազը։ Էստո՞ւր համար Աստծուն՝ լիսը բաց ըլելիս, մութը մթնելիս՝ գիշեր ցերեկ աղոթք էիք անում, որ մեր ոտին քար չդիպչի, մեր մատը փուշ չըլի, մեր գլխին կարկուտ, արև չխփի, մեզ իր աչքի առաջին, իր թևի տակին ցավից, չոռից

  1. [սրտընե<րիցս>]