Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/14

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անշուշտ, եթե Աբովյանին բախտ վիճակվեր անձամբ հսկելու իր գործի հրատարակությանը։ Քանի որ այդ տեղի չի ունեցել, հապա արտագրության միջոցին վեպի վերջնական վարիանտում մեկ անգամ մուտք գործած վրիպակները այդպես էլ մնացել են և անցել վերոհիշյալ բոլոր հրատարակություններին։

Սակայն և այնպես կարելի է և պետք է մեղադրել «Վերք»-ի հրատարակիչներին այն բանում, որ նրանք Աբովյանի տեքստը վերարտադրել են մեխանիկորեն՝ հաշվի չառնելով, որ մեխանիկական ընդօրինակությամբ անհնարին է վերարտադրել հեղինակի կողմից վերջնականապես չստուգված և չճշտված այդպիսի մի բացառիկ բարդ տեքստ։ «Վերք»–ի ինքնագրում տեղ գտած սխալները հնարավոր էր վերացնել և կամ դրանցից գոնե մասամբ խուսափել միայն մի միջոցով՝ այդ տեքստը, յուրաքանչյուր հրատարակության դեպքում, ուշադիր կերպով ուսումնասիրելու, տարակուսելի և անհասկանալի թվացող ամեն մի բառ ու արտահայտություն հատուկ հետազոտության առարկա դարձնելու միջոցով։

Մեր կարծիքով, նման աշխատանք թափելու պարագայում «Վերք»-ի հրատարակիչները կարող էին ինքնագրում տեղ գտած որոշ լյապսուսներից խուսափել։ Բերենք մի քանի օրինակ։ Նկարագրելով ռուս-պարսկական պատերազմի նախօրյակին Երևանի և նրա շրջակայքի հայ ազգաբնակության տեղահան լինելը, Աբովյանը գրում է․ «Էջմիածնի միաբանքն էլ ցրվեցան... Երկու ջանից հինգն էլ ա չմնացին, որ սուրբ տաճարին ու աթոռին պահպանություն անեն»... Այս բացահայտ թյուրիմացությունը, որ կրկնվել է «Վերք»-ի բոլոր հրատարակություններում, թվում է թե կարելի էր հեշտությամբ վերացնել։ Նախ դժվար չէր կռահել, որ այստեղ խոսք կարող էր լինել ոչ թե երկուսի, այլ երկու հարյուրի մասին, երկրորդ՝ չէ որ որոշ հրատարակիչներ հնարավորություն ունեին այդ արտահայտությունը ճշտել «Վերք»-ի սևագրի միջոցով։ Եվ կամ այսպիսի փաստ. Աղասին գերի վերցրած Հասան խանին ասում է. «Հլա քանի Երևան չես առել, քեզ հետս շան պես քաշ կտամ, սարեսար կքցեմ»։ Եթե «Վերք»-ի հրատարակիչները մի փոքր ուշադիր աչքով նայեին այդ նախադասությանը, հապա թվում է թե պիտի հասկանային, որ «չես առել» արտահայտությունը ձեռագրում անիմաստ է, և որ այդտեղ կհամապատասխաներ «չեն առել» արտահայտությունը։ Այդ միջոցին դեռևս Երևանը պարսիկների ձեռքին էր, և ռուսական բանակն էր, որ պարսիկներից պիտի վերցներ այդ քաղաքը, ուստի այստեղ կարող էր խոսք լինել միայն ռուսների կողմից Երևանը վերցնելու մասին. «Հլա քանի Երևանը չեն առել»... Որքան և տարօրինակ է, «Վերք»-ի նախորդ հրատարակիչներից