Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/143

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԳԼՈՒԽ ԵՐՐՈՐԴ


Հայաստան աշխարհը շատ վախտ էր նեղության, ավերման տակ ընկել, ամա էս ամենիցը անց կացավ։ Սար ու ձոր դառել էր գողի, ավազակի բնակարան։ Ամեն կողմից Պարսիկք է՛նպես ոտը բարձրացրին հանկարծ, որ էլ դեմ կենալու ճար չկար։ Բայց էս նեղությունն էր, որ Հայոց էլ էն հոգին էր տվել, որ թե մեկ կողմից իրանց ազգին ոտի տակ էին տալիս, մյուս կողմից իրանք էին թշնամու արինը ծծելով ման գալիս։ Սաղ Պարսկաստան պոկ էր էկել, սաղ Կավկազ դոնմիշ էլել։ Էրակլի որդի Ալեքսանդրեն՝ որ Վրաստան առնելուցը եդը՝ փախել, Պարսից դուռն էր ընկել ու հարիր անգամ գլուխը քարեքար տվել, որ իր աշխարքը էլ եդ ձեռք քցի, էլ սար չէր մնացել, որ անց չկենա, որ բալքի թե իր սրտի մուրազը կատարի։ Լազգի, Չաչան, Չերքեզ, Ղազախ, Բոռչալու, Շամշադին, բոլոր Կարսպից գավառները՝ ձեռըները հինա էին դրել, թև առել, որ թռչին ու Ռսի իշխանությունը ստանան։ Հայ ազգին յա կրակ էին խոստանում, յա սուր, յա կոտորում, յա թալանում։ Ինչքան թույն ունեին՝ մեր ազգի գլխին էին թափում։ Յա պատիվ, մեծություն խոստանում, որ խաբեն նրանց, յա պատիժ, պատուհաս տալիս՝ որ վախենան, Ռսիցը ձեռք վերցնեն։ Շահիցը, սարդարիցը ֆարման ֆարմանի վրա էր գալիս, բայց Հայոց արդար սիրտը, ուղիղ սերը՝ որ Ռուսաց հետ ունեին, է՛ն ժամանակն էլ նրանց չթողեց, երբ թուրը գլխըներին խաղում, որդի ու զավակ դոշըներին, առաջներին սուրն էր քաշվում, յա կրակումն էրվում։

Ինչ որ Պարսից կռվի ժամանակին Հայք արին, Աստուծո է հայտնի, ու ամենաողորմած Կայսրն էլ շնորհակալությունով ու հրովարտակներով, խաչով ու նշանով էս արած լավության տեղը շատ անգամ լցրեց։ Թող բազի հիմար, անաստված մարդ հայոց ոտը ձգի, թե մարդ չիմանա, քարերը վկայություն կտան։ Հալբաթ որ մեկ օր մեկ արդար, անաչառ մարդ Վրաստանու պատմությունը կգրի, էն ժամանակը կերևի, թե Հայք ի՞նչ արին, ի՞նչ հավատարմություն են ցույց տվել տերությանը, ի՞նչ արին են վեր ածել։

Ո՞վ չգիտի, որ էս հադաղին, ինչ ժամանակ Հասան-խանը արևմտից, Աբաս-Միրզեն արևելից՝ ավազակի պես հանկարծ էկան, մեր սահմանը (սնռը) կոխեցին, մեր կողմը ամենևին խաբար չունեին։ Ընչանք Ռուսք իրանց զորքը կհավաքեին, Ղզլբաշը կարող էր սաղ Վրաստան ոտի տակ տալ, եթե Հայք չէին ամեն տեղ նրա ճամփեն կտրել։ Միմիայն Ներսես ու Գրիգոր եպիսկոպոսաց, Մատաթովի ու Բեհբուդովի արածը բավական է, որ աշխարք իմանա, թե ի՞նչ հոգի ուներ էն ժամանակը մեր ազգը։ Առաջինը՝ խաչը ձեռին՝ Հայոց քարոզում, զորք էր հավաքում, որ գնան, արին վեր ածեն իրանց ազգի համար, երկրորդը՝ Երմալովի խնդրքովը եպիսկոպոսության շորերը