Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/144

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

փոխած, չերքեզի շոր հագած, յարադ, ասպաբ կապած, որ Թիֆլիզու, Ղազախ, Բոռչալվի միջովը չէր անց կենում, հենց իմանում էր խալխը՝ թե իրանց փրկիչն էր գալիս։ Էն ժամանակը՝ որ Շամշադինի մովրովը հարիր մարդով հենց հասավ Մատուշկի ասած կարմունջը ու սարսափելով էլ եդ՝ եդ դառավ, չկարաց առաջ գնալ, էս հսկա եպիսկոպոսը երկու մարդով, հազար արինակեր հարամու գլուխ ջարդելով՝ Ղազախ, Բոռչալու անց կացավ, հասավ Շամշադին, իր հայրենիքը, իր ընտանյաց մեջը, գրաֆ Սիմոնիչին՝ որ Գյանջուցը փախած գալիս էր՝ իր բոլոր զորքովը՝ իրանց տանը երկար պահեց ու Երմալովի թղթովը բոլոր կառավարությունն ստացավ, մինչև Թիֆլիզուցը օգնություն գար։․․․․․ Գեղը որ Պարսիկք էկան, քանդեցին, գերի արին, ուր յոթանասուն տանից ավելի էր,[1] երեսուն մարդով հինգ հազար մարդի մեջ մտավ, առյուծի պես իր ժողովուրդն ազատեց, նրանց եսիրը եդ բերեց։ Էս միջոցին Երմալովն էլ էկավ, հասավ։ Մեկ պաս օր եպիսկոպոսիցը խնդրում ա, որ կռվի ժամանակին էլ պասին մտիկ չանի, բայց նա հսկայաբար պատասխան է տալիս. Պարսից միսը թողած՝ ի՞նչ հարկավոր է տավարի միս ուտիլ։ Էս միջումը Ալեքսանդր Վալին ու Զոհրաբ-խանը էկան, Շամշադինը կոխեցին ու քիչ էր մնացել, որ տակ ու գլուխ անեն։ Անմահ եպիսկոպոսը իր ընտիր Հայերով նրանց քամակը կտրեց, զորքըները կոտորեց ու հինգ Պարսիկ իր ձեռովը բերեց ու Երմալովին փեշքաշ արեց։ Սա էլ ճակատը համբուրեց ու շատ անգամ խնդրեց, որ իրան ասի, թե ինչ պարգև ա ուզում թագավորիցը բերիլ տա։ Անմահ եպիսկոպոսը էն խնդրեց, որ Շամշադինու ու Ղազախ, Բոռչալվի Հայ ազգը Թուրքի ձեռիցն ազատվի, չունքի մինչև էն ժամանակը նրանց ձեռին շատ նեղություն էին քաշում։ Խնդիրքը կատարվեցավ ու ինքն էլ արքայական պսակին ու թոշակին (պենսիա) արժանացավ։

Ո՞վ չի զարմանալ, որ սրա ախպեր Գալուստը՝ ինչ ժամանակ Հասան-խանի ձեռը գերի ընկավ ու ուզում էին, որ գլուխը տան, Նազի-խանը մեջ ընկավ ու նրան արձակիլ տվեց։ Սարդարն էլ էն պայմանավ նրան թողեց ու ֆարման տվեց, որ Շամշադնու, Ղազախ, Բոռչալվի մեծությունը որդոց որդիս նրան կբաշխեր, թե կարողանար Հայերի սիրտն առնիլ, նրանց դարձնիլ, որ ղզլբաշին ծառայեն։ Հրամանն էնպես էր տված, որ թե չորս օրվա միջի խաբար չբերի, գլուխը հազար կտոր պետք է ըլեր։ Բայց նա էս բոլոր արինը աչքի տակն առած՝ էկավ ու թղթերը Մատաթովին տվեց։ Հասան-խանը հազար ոսկի նրա գլուխը բերողին, երկու հազար՝ նրան սաղ-սաղ բռնողին էր խոստացել։ Շամշադնու սարերը, ձորերը գիշեր ցերեկ գող ու ավազակ ղլվլում էին, որ նրան բռնեն, իրանց պարգևն առնին, բայց շատին ինքը իր թրին պարգև արեց։ Էսքան անվանի, էսքան քաջության տեր էր էս օջախը, բայց էլի ով Գրիգոր եպիսկոպոսին տեսներ, հոգին հետը կերթար. է՛ն զարմանալի սրտի տերն էր, է՛ն քաղցր լեզուն, է՛ն անուշ բնութունն ուներ։ Երեխի պես կնստեր, կպատմեր, ինչ գլխովն անց էր կացել։ Բայց ի՞նչ հարկավոր է բանը երկարացնիլ։ Քանի Կավկասյան սարը կա, Մատաթովի ու սրանց արածը հավիտյան կհիշվի, կասվի։

  1. [հի<սուն>]