Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/145

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Միթե Ներսես եպիսկոպոսը չէ՞ր, որ Գրաֆ Պասքեվիչի հետ մտավ Հայաստան ու Հայոց մեծ մասը քարոզելով, հորդորելով՝ Ռսի ձեռի տակը բերեց։ Քանի՞ քանի քաղաքներ, գեղեր դարդակվեցան ղզլբաշի ու Օսմանցվի երկրումը, ու քանի՞սն էր Հայաստան, Վրաստան նրանցով լցվել։ Ո՞ւր թողանք էն մեր հոյակապ իշխանքը՝ Բարսեղ, Մանուկ, Մկրտիչ աղեքն բայազդցի, աշխարհահռչակ տունն Տիգրանյան ղարսցի, որ ինչպես հայր՝ իրանց բոլոր հարստությունը վատնեցին, փչացրին, ու, իրանց աղքատ ժողովուրդը պահելով՝ բերին էս կողմը։ Էս օր էլ նրանց անունը տալիս՝ բայազդցիք ու ղարսցիք ուզում են երեսներին խաչ հանեն, էնքան անթիվ է նրանց հերությունն ու լավությունը ազգի վրա։

Միթե էս բայազդցիք չէի՞ն, որ երբ մեր զորքը նրանց քաղաքն առավ, մեկ քանի օրից եդը՝ հանկարծ Վանա փաշեն մեծ ղոնշունով որ էկավ, Բայազդի չորս կողմը բռնեց, էս քաջ Հայերը ատամների տակն առած՝ է՛ն տղամարդությունը ցույց տվին, որ դեռ Երևան չեկած, շատը աստիճան, խաչ ստացավ։ Էս օր էլ որ ողորմելիքը Թիֆլիզումը մշակություն անելիս, կամ բաղնսներումը ծառայելիս խոսք ա ընկնում, էն կտրատված շորըներիցը էլի իրանց խաչերը հանում, գոռոզությունով ցույց են տալիս իրանց արնի գինը։

Կարելի է՝ թե պատմությունը՝ որ Հայի համար քոռացել՝ մեծ մեծ ազգերի ա ղուլուղ անում, էլի մոռանա, բայց ազգասեր Հայն ի՞նչպես չպաշտի էն արծափեցի Մանուկ աղայի գերօրինակ քաջությունը ու հսկայությունը, որ դեռ Բայազիդ չառած՝ առյուծի պես քառասուն քաջ հայազգի քամակին՝ Մասսա սարին նայելով, իր ազգի մեծությունը միտքը բերելով՝ թև էր առել, սար ու ձոր ոտնատակ տալիս, փաշին ու բոլոր Բայազդու գավառը պահում, քրդերին քարեքար տալիս, հալածում։ Տասը տարուց ավելի էսպես իր աշխարքին տիրություն էր անում, վաթսուն մարդով՝ շատ անգամ երկու երեք հարիր Քրդի մեջ մտել, ջախըփուրթ արել, դուս էր էկել ու ինչ ժամանակ Պարսից կռիվը բաց էլավ, արծվի պես ընկել էր Մասսա էս կողմը ու Հասան-խանի ղոնշունը շատ տեղ կոտորել, ջնջել էր, էնպես որ խանը անճարացած՝ գրեց փաշին, որ յա Մանուկին կորցնի, յա թե չէ՝ հազրվի, որ վրեն կռիվ կգնա։ Հսկա, բայց տարաբախտ Մանուկ աղեն՝ էն օրը, որ էս խաբարն ընկնում ա քաղաքը, գալիս ա որ բարութ առնի։ Փաշեն, որ նրան աչքի լսի պես էր սիրում, կանչում, աղի արտասընքով խնդրում որ անպատճառ գլուխն առնի, քաշվի․ բայց քաջասիրտն Մանուկ իր տղամարդությանն ապավինելով՝ ասածն անկաջըվեր անում ու գալիս, մեկ դուքանի առաջի զրից տալիս, որ տասը Ղզլբաշ հանկարծ վրա չեն թափվում, վեցին էլ սպանում ա, ու հետո ա հոգին տալիս ու խաչվում։ Էս օր էլ ինչ բայազդցի նրա անունը տալիս ա, ծուխը քթիցը դուս ա գալիս։ Լիս կտրի գերեզմանդ ու հողդ՝ անպարտելի հսկա։ Ա՜խ՝ երբ կըլի, որ քո հոգին մեր ազգի վրա իջանի, որ մենք էլ մեր ազգին քե՛զ պես տիրություն անենք, քե՛զ պես մեռնինք։

Ո՞ւր թողանք ղարաբաղցոց, երևանցոց ու լոռըցոնց արածները, որ