Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/152

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թող մտիկ անեն․ մեկ ղարաբաղցի հոդաղի տղա էր, որ եսիր արի, հմիկ աշխարքի տեր ա դառել։ Խոսրով-խանն ո՞վ էր, ո՞ւմ որդի, էնպես էլ Մանուչար-խանը, հմիկ սաղ Իրանը զավթել են, շահն էլ են նրանք, շահզադեն էլ։ Շահի հոգին նրանց ձեռին ա. ասեն, նստի՝ կնստի, վեր կա՛ց՝ վեր կկենա․ ինձ նման հարիր սարդար, խան, շահզադա՝ նրանց ձեռին են մտիկ տալիս։ Ստամբոլ են գնում Հայի տղերքը, վազիր ու փաշա են դառնում․ Թեհրան են ընկնում, նադիր ու խան. սրանից ավելի էլ ի՞նչ պատիվ կուզի մարդ որ ստանա, ու սրանք էսպես քարացել՝ ոչինչ չեն ընդունում։ Մեր կուռը բեզարեց՝ սրանց կոտորելով, մեր թուրը գլացավ՝ սրանց սպանելով, սրանք՝ էլի հենց գիտես՝ թե խիարի սերմ ըլին. մեկ ղրաղիցը կտրում ես, մյուս ղրաղիցը դուս են գալիս, էլի հասնում, էլի կտրածի տեղը բռնում։ Մարդ կուզի օր քաշի, կյանք վայելի, սրանք իրանց կյանքը իրանք են մահու տալիս, իրանց օրը իրանք խավարացնում։ Մեռնին իրանց հավատովը, դժոխքը պետք է գնան, սատանի ձեռքը։ Մեկ կտոր պանիր ուտիլն, մեկ ուշունց տալն, մեկ արած մեղքը չասիլն ի՞նչ զատ է, որ սրանք էնպես կարծում են, թե իրանք դևի փայ կըլին, թե որ չպահեն։ Մեր հավատովը կեր, քանդիր, խլիր, սպանիր, քեֆ արա, աշխարքի վայելչությունը քաշիր։ Կնիկդ փիս ա՝ դուս արա՛, ուրիշի ա՛ռ, ո՛չ պաս, ո՛չ ծում, աչքդ ի՞նչ սիրի՝ էն կե՛ր, էն հաքի՛ր, մաշի՛ր. մեկ չոռ ասողի աղիքը վեր ածա, քեզ ծուռը մտիկ անողի՝ աչքը հանի՛ր, էլի որ մեռնիս, գնաս էն կյանքը, ի՞նչ դժոխք, ի՞նչ պատիժ, առաջիդ էլի հազար մոյդա ու աղչիկ պար կգան, քեզ քեֆ շհանց կտան։ Վարդի ջուրն երեսիդ կթափի, ոսկեջուրն տակովդ կերթա, սրանից ավելի փա՛ռք։ Էստոնք թողած՝ հոգի ու հավատ կորցրել են էս հիմարները, էս դինումը ջոկ են տանջվում, էն դինումը հո՝ էլ ի՞նչ ասիլ կուզի, չունքի դրախտի բալանիքը մեր փեզամբարի ձեռին ա։ Ո՛չ սրից են վախում, ո՛չ փառքից խաբվում։ Ծծկեր երեխեն էլ Թուրքի անունը տալիս՝ ուզում ա մարդի կտրատի։ Էլ ի՞նչպես համբերես, համբերությունը մեկ օր կըլի, երկու օր։ Սաղ Իրան հարիր անգամ սրանց գլխին փուլ էկավ, էլի տակիցը դուս եկան, շունչ առան ու տեղն ընկած վախտը մարդի սաղ սաղ ուտում են. սրանց արածին ո՞վ կդիմանա։ Հմիկ էլ մեկ գյադա իմ ղլերին (ծառա) ա սպանել, ախր ի՞նչ անեմ, սիրտս բերնովս դուս ա գալիս, ի՞նչպես չի սրանց ղիմա ղիմա անես։ Ախր նա էս օձերի ճուտն ա, ընչանք մորը չսպանես, ձագը ձե՞ռ կընկնի»։

«Խա՛ն, մա՛լիք՝ էլի ասում եմ, սրանց արածը տանելու չի, ամա դո՛ւք եք էկել իմ դուռը, ի՞նչ անեմ, ի՞նչպես եդ դարձնեմ։ Որ սիրտս ուզեք, գիտեք որ կըհանեմ, ձեզ կտամ։ Սրանց գլուխը ձեր արևին սադաղ․ թո՛ղ, բխով քցեն դրանց ոտներն ու շլինքը, ու բերդումն ընչանք մնան, մինչև սուչլուն ինքն իրան եդ գա։ Հորնը մոր արինը քաղցր ա, վաթանի հողն ու ջուրն անոշ։ Թո՛ղ՝ սրանք գրեն իրանց տղերքանցը, խրատեն, որ եդ դառնան, թե չէ՝ բանը փիս կգա։ Կուզեմ, որ է՛ն, է՛ն, է՛ն բեդովլաթ Աղասուն մեկ էլ տեսնիմ, մեկ էլ էն սուրահի բոյին նայեմ, հետո միսը բերանը տամ, որ սրտումս դարդ չմնա։ Թո՛ղ՝ նա էլ, ուրիշիներն էլ լավ իմանան, թե Սարդարի հրամանը գետինը չի պետք է քցած․ սրբի պես պաշտած՝