Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/158

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էին իմանում, որ Աղասու բռնողները առաջ չէին գնալ, պետք էր, որ մեկ տեղ տափ կացած ըլեին, որ ոտը խաղաղվի ու էնպես ճամփա ընկնին։ Ի՞նչ անեն, մնացել էին մոլորած։ «Տղե՛րք՝ մնա՛նք էս տեղ՝ Աղասու շունը՝ տեսնում եք՝ որ կորել ա, նա իմաստուն հայվան է, ինչպես որ ըլի, հոտի վրա կարող է գտնիլ. թե ճար կա, նրանից կըլի էս գիշեր, մենք ո՛չինչ չենք կարող անիլ»։ Էսպես խելիմ վախտ տարակուսած նստած՝ միտք էին անում, որ բիրդանբիր խելոք շունը՝ լեզուն հանած՝ հեթեթալով լիս ընկավ։ Շունը վազեց, նրանք եդևիցը։ Հենց մեկ խելիմ տեղ անց կացան թե չէ, շունը՝ եղի ոտը վեր քաշեց՝ կանգնեց։ Շատ էլ զոռ արին, որ տեղիցը եռա, չէլավ։ Իսկույն իմացան զգույշ հայվանի միտքը, ձիանոնցիցը վեր էկան, մեկին տվին ու Կարոն՝ առաջները ընկած՝ կամաց կամաց ոտըները փոխեցին։ Մեկ թափի մոտացան թե չէ, էլի շունը կանգնեց, հոտոտաց։ Թվանքները առան ձեռըները՝ Աստուծո ողորմությունը հասավ՝ նրանք է՛ն կողմիցը գնացին, որ թափի շվաքը մնաց առաջներին։ Քարերի տակովը՝ փորըսող անելով՝ էնքան գնացին, որ մտան մեկ քանդված փոսի մեջ։ Ջուր չկար միջումը, բան չկար, անձրևի ճղած էր։ Թափի շվաքը՝ մեկ հինգ գազ էլ էն կողմն էր ընկել նրանց գլխի վրովը։ Էս խանդակի միջովն՝ էնքան էսպես ուսուլով գնացին կռացած, որ հարամին մնաց դեմ ու դեմ։ Լիսնյակը հենց ընկավ թուրքերի ճակատներին, տեսան որ Աղասին միջըներումը չի. սիրտըները ընկան տեղ. մի քիչ էլ շունչ առան, ու ամեն մեկը մեկի ճակատին նշանիլն, թվանքների տրաքալն ու հարամիքանց բանհոգի[1] ըլիլը մեկ էլավ։ Հավի պես դեռ էնպես թրպրտում էին, որ մեր տղերքը վրա հասան։ Ա՜խ՝ ո՞վ է կարող նրանց ուրախությունն ու արտասունքը էս սհաթին պատմիլ, երկնքիցը իրանց հոգին եդ բերին, էլ նրանց բերանն ի՞եչ խոսք կգար։ Որ էլ վախտ չկորցնեն, վերցրին իրանց կորցրած գանձը, հանեցին թշնամու յարաղ ասպաբը, շորերը, բարձեցին Թուրքերի ձիանոնց վրա ու երըմիշ էլան։ Ո՞վ կզարմանա, որ լսի, թե Աղասին ամեն իր շանը տեսնելիս ուզում էր՝ կյանքը նրան տա։ Վարավուրդով մինչև տասնըհինգ մարդ էն գիշերը սպանել էին։ Եկեղեցու մոտ որ էլ եդ հասան, հանեցին՝ մեկ քանի շահի փող դրին սեղանի վրա, չոքեցին, Աստծուն փառաբանություն տվին, ու ճամփա ընկան։

Լիսադեմը կարմրին էր տալիս, աղոթարանը՝ քիչ էր մնացել՝[2] բացվի, որ մեր ճամփորթները մտան Ռսի հողը ու թուշ քշեցին Պարնի գեղի վրա։ Աղասին չէր ուզում, որ մարդամեջ մտնի, ուզում էր՝ սարե-սար ման գա, որտեղ իր ճակատին գրած էր, էնտեղ մեռնի։ Ինքն էլ ուրախ չէր, որ աչքը լավ օր տեսնի, բայց ձմեռվան ցուրտ եղանակը, դաշտերի սառնությունն ու չորությունը, ողորմելի ձիանոնց սովածությունը՝ ոչինչ կերպով չէր կարելի հաղթել։

«Է՛ս վախտին, է՛ս հալին՝ աջա՞բ, աջա՞բ՝ Աղասի ջան, խե՛ր ըլի», ձեն տվեց Աղա Ն., որ նրա հետ միասին տարերով հաց էին կերել, ու ուրախ-ուրախ դուռը բաց արեց, ձիանը ներս քաշիլ տվեց ու ղոնաղների ձեռիցը բռնեց, տարավ սաքուն։ Գոմի երկենությունը հարիր գազ կըլեր։ Գոմեշ, ձի, եզը,

  1. [ընկ<նիլը>]
  2. [որ]