Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/159

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տավար, ոչխար՝ էլ ոչ տուտ ուներ, ո՛չ տակ։ Իսկույն շոր փռիլ[1], բուխարին վառիլ տվեց, հարսներն էկան՝ հարգևոր, հարգևոր քիթ ու պռունկ կալած, նրանց ոտները քաշեցին, ջուր բերին, ոտ ու գլուխ լվացին, ու ղոնաղները էրկու կարգ սկսեցին նստիլ։ Աղա Ն․ ամենիցը ներքև էր նստել։ Մեկ ութ իննը մեծ ու պստիկ ղոչաղ39) տղերք էլ՝ անլվա, անլվա՝ որը խանչալը կոխքին քաշ արած՝ որը մեկ կտոր հաց ձեռին՝ կրծելով, որը մեկ փեդ չանի տակին դրած՝ որը գլխաբաց, կամ փորաբաց, շապկանց կամ անփոխան՝ էկան, անկաջները խլշացրած՝ սաքվի չորս կողմը շարվեցին ու աչքըները ղոնաղների երեսին կթեցին։ Հերը ծեծում էլ էր, դուս չէին գնում։ Դեռ բարիկենդանի մաղեն, սուջուխ (չուչխել) ասես, ալանի, տանձ, խնձոր, փշատ, չիր՝ ջիբըներումն ունեին մեր տղերքը − հանեցին, երեխեքանցը բաժանեցին՝ աչքըները մնաց բաց, չունքի նրանց երկրումը էնպես արմաղան բաներ չկային։ «Մեր կաղնին ու ֆոնն էլ էս համը չունին», մեկզմեկու ասում էին ու անոշ անում։ «Էնքան մածուն, կարաք, եղ[2], սեր ու մեղր ենք կերել՝ որ բերանն ու փոր հոտել են. աշխարք, աշխարք է՛ս պետքը ըլի, որ էսպես բաներ դուս են գալիս, մեր հավերիցն ու գոմիցն ի՞նչ լազաթ դուս կգա», ասեցին ու ուրախ ուրախ դուս թռան, որ գնան, իրանց հարևանների երեխեքանցն էլ՝ իրանց ճարած նուբարը ցույց տան։ Ընչանք ծիտը ջուր կխմեր, գոմը երեխեքանցով լցվեց. մինը մնին բոթում էր, որ առաջ գնա, միրգ ուզի։ Ղոնաղների մեկը, որ ձեռը չէր շարժում, հազար տեղ գունդ ու կծիկ էին ըլում։ Էսպես հլա խելիմ վախտ երեխեքը նրանց պարապացրին։

Տանուտերը քանի ուզեցավ բան հարցնի, նրանք մատըները բերնըներին դրին, սուս արին, էստով իմացան՝ որ սրանում մեկ բան կա։ Մեկ քանի սհաթ անց կացավ թե չէ, սաղ գեղն էկավ, հավաքվեցավ նրանց գլխին։ Ով տուն էր մտնում, գդակը գլխին, յափունջին վրեն, չիբուխը բերնին կամ ձեռին, թութունի քիսեն ու խանչալը գոտկիցը քաշ արած, քաբաչի չուխեն հաքին, շալվարի ծերը պաճուճումը ղայիմացրած, տրխըները կուփ կուփ հաքած, ամեն մեկը՝ մեկ սարի ղդար տղամարդ։ Էլ մեծ ու պզտիկ չէին հարցնում։ Գլուխ տալը հո ըսկի՛ ադաթ չի, որն էկավ, մեկ բարի լիս կամ ողորմի՛ Աստված ասեց ու նստեց։ Քսան, երեսուն տարեկան ջահել տղերքն էլ՝ որը սնըդուս, որը պատնըդուս շարվեցին, ու՝ իրար անկաջում քսփսալով՝ յա ղոնաղներին էին մտիկ անում, յա նրանց յարաղ ասպաբին, յա մեկ բան ուզելիս՝ ամենն էլ իրար գլխով էին դիպչում, որ իրանց պարոնի պարոնների ասածը կատարեն։ Տանու տղերքն էլ էկան, որը գոմն էր սրբում, որը ձիանը թիմարում, որը խոտ ու դարման բերում, որը մալը տանում, որը չիբուխի կրակ դնում, ամենն էլ ուրախ էր, որ մեկ բան անի, մեծերի ու ղոնաղների սիրտը շահի։ Սրանք էլ՝ յարաղ ասպաբ հանել, պատիցը քաշ էին արել ու ծալապատիկ նստած՝ զրից էին տալիս։ Ձիանոնց համար ամոթ էր հարցնիլ․ նրանք լավ գիտեին, որ իրանց ուլախին շատ պատիվ կտան, քանց իրանց։

Օրը հենց մի քիչ եդ բացվեց, շատն էլ հանդիցն էկավ, ձինն աչքըներն առել՝ երկար վախտ չէին իմանում, թե էկողներն ի՞նչ մարդ են։

  1. [տվեց]
  2. եղը = եղ