Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/16

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այսպես, օրինակ. «աղլուխը» վերծանվել է «գլուխը», «զոհը»՝ «հող», «լացին»՝ «բացի», «բուրջը՝ «շուրջը», «միջոցումը»՝ «միջումը», «ծով»-ը՝ «ձոր», «հրեշտակ»–ը՝ «հիշատակ... այլն, և այլն...

Անցյալից եկող տրադիցիայի հանդեպ անքննադատ վերաբերմունքի արդյունք է նաև «Վերք»–ի նոր հրատարակությունների մեջ «Զանգի»-ին՝ իբրև այդ երկի անհրաժեշտ մասի՝ տեղ չտալը։

Սովետական նախորդ երկու հրատարակությունների շատ կարևոր առավելությունն այն է, որ այդ հրատարակություններում վերացվել են անցյալի ցենզուրական բոլոր աղճատումները։

Այժմ երկու խոսք «Վերք Հայաստանի» վեպի սույն հրատարակչության մասին։ Ի տարբերություն բոլոր նախորդներից, ի՞նչ առանձնահատկություններ ունի այս հրատարակությունը։

ա) Այս հրատարակության մեջ վերջապես առաջին անգամ «Վերք Հայաստանի»-ն լույս է տեսնում լիակատար կերպով՝ «Զանգի» հավելվածով հանդերձ։

բ) Այստեղ առանձին բաժին է կազմում վեպի սևագիր վարիանտը, որը «Վերք»-ի մինչ այժմ հայտնի տեքստի համեմատ, պարունակում է բազմաթիվ հետաքրքրական նորություններ։

գ) Բացի լիակատար լինելուց, «Վերք»-ի սույն հրատարակության տեքստը գիտականորեն ստուգված և ճշտված է։ Տեքստը պատրաստելիս նախապես ուսումնասիրվել են ինչպես վեպի երկու ինքնագրերը, այնպես էլ բոլոր նախորդ հրատարակությունները, հանգամանք, որ հնարավոր է դարձրել խուսափելու ամեն կարգի սխալներից և շեղումներից։

դ) Հատորն ունի գիտական ապարատ, որտեղ ըստ անհրաժեշտության և հնարավորության ծանոթագրված են ինչպես տեքստային փոփոխությունների հետ կապված հարցերը, այնպես էլ երկում հիշատակված պատմական դեպքերն ու դեմքերը։

Պիտի կարծել, որ «Վերք Հայաստանի» վեպի սույն հրատարակությունը այդ երկի բոլոր հրատարակությունների մեջ այն նոր լավն է, որի անհրաժեշտությունը և կարևորությունը վաղուց զգացվում էր։

Մ. ԱԲԵՂՅԱՆԻ ԱՆՎԱՆ
ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ