Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/166

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Արի՛, ասածդ արա՛, ինձ թաղի՛ր.
Բե՛ր իմ երեխեքս ու վրես կանգնիր․․․
Մեկ նրանց տեսնիմ՝ աչքս խփելիս՝
Մեկ նրանց ասեմ՝ լեզուս լռվելիս.
Մնա՛ք բարով՝ որդիք ազիզ, սիրեկան։
Է՛լ չէ՛ք տեսնիլ ինձ՝ ա՛խ՝ դուք հավիտյան․
Ձեր անբախտ հորը հոգին հիշեցե՛ք․
Մնա՛ք բարով՝ իմ քա՛ղցր, սիրուն երեխեք.
Ձեր հոր տեղակ՝ ձեր խեղճ մորն հիշեցե՛ք
Ու իմ ողորմին, ժամն կատարեցեք։40)

Ո՞վ չի գիտի, որ մարդի սիրտը արնով լցվելիս՝ ո՛չ սուր էնքան քյար կանի, ո՛չ դեղ, ո՛չ քուն, ինչքան բառն ու խոսքը ու իլլահիմ խաղը, բայաթին, էստուր համար Աղասու ընկերքն էլ ղրաղ քաշվեցին ու հեռըվանց նրան մտիկ էին անում, որ գլխին մեկ փորձանք չգա, չունքի սար ու ձոր նրա արինն էին խմում։ Էնքան անկաջ դրին, որ ձենը կտրեց, քունը տարավ, հետո էկան, մեջըներն առան ու էլ եդ Ղարաքիլիսա տարան։

Մեկ օր էլ էսպես էլի էս հալին դռանը մեկ քարի վրա նստած էր, որ մեկ դարիբ մարդ քիչ քիչ նրան մոտացավ, առաջին կանգնեց, երկար նրան մտիկ արեց ու հենց էն ա՝ Աղասին ուզում էր, նրանից հեռանա, որ իր դարդն օքմին չտեսնի, Ղարիբը դոշը բաց արեց, վրա թռավ, նրան խտտեց ու հենց՝ «Ա՛ղասի ջան» ասեց ու ձենը փորն ընկավ, լեզուն պապանձվեց ու էսպես մնաց յարալու, փարալու Աղասու դոշին փեդացած՝ ընկած։ Աղասին գեջդանգեջ որ խելքի չէկավ, ու աչքը բաց արեց՝ Աստված՝ ո՞վ կարեր նրա արտասունքը բռնիլ, նրա սրտին մեկ ճար անիլ։ «Ա՛մու ջան, Ա՛վետիք ամու ջան, դո՞ւ ես», ասեց ու իրանից գնաց։ Տեսնողներհ էս դհից, էն դհից վրա թափեցին, երկուսին էլ էնպես մեռած՝ տուն տարան, ջրով, հոտով եդ բերին։ Հենց աչքըները բաց էին անում, իրար երես տեսնում, էլ եդ դուբարա ընկնում էին իրար ճտով, իրար անուն տալիս, գնում էին էն դինեն՝ եդ գալիս։ Մոտըներին կանգնողների աչքերիցը՝ արտասունքը գետի պես էր վեր թափում։ Ճարըները կտրվեց, տերտեր կանչեցին, ավետարան կարդացին, խաչ ու մասունք գլխըների վրա դրին, որ անջախ մի անջախ ուշըներն էկան։

Էս էկող Ղարիբը՝ սի՛րելի կարդացող՝ Աղասու հոր ախպերն էր, որ՝ գլուխը փեշն էր դրել, էկել իր ազիզ կորածին գտնի, տեսնի, մուրազն առնի, էնպես մեռնի։ Ո՞վ ըլեր՝ էնպես չաներ։ Սիրտըները որ մի քիչ դինջացավ, ջանըները հովացավ, Ավետիքը գդակի ծալիցը մեկ թուղթ հանեց, Աղասուն տվեց, ինքը մհանով տանիցը դուս գնա՛ց, որ նրա աչքի արտասունքը չտեսնի, չէրվի, չփոթոթվի։ Երկու թուղթ էր բերել հետը, մեկը Աղասու մերն էր գրել, մեկը նշանածը։ Երանի՛ էն աչքին, որ էսպես թուղթ իր օրումը ո՛չ տեսել ա, ո՛չ էլ կտեսնի։ Էլի Աղասին էր, որ դիմացավ, բայց վա՜յ էն դիմանալուն․ հարիր անգամ թուլացավ, նվաղեց, թուղթը դրեց երեսին ու աչքերը խփեց, էլ եդ ջուր ածեցին, եդ բերին։ Մոր թղթի խոսքերն էս ա.