Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/167

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Ա՛ղասի ջան, Ա՛ղասի, գլխովդ փարվան ըլիմ՝ Աղասի։ Ընչի՞ չեմ էս սհաթին կրակ դառնում՝ ինձ էրում, ընչի՞ չի լեզուս չորանում, աչքս խավարում, ընչի՞ չեմ թոզ դառնում՝ քամին բերի, գամ, ոտիդ տակին ցրվիմ, սարեսար ընկնիմ, քարեքար, որ իմ երեսը կոխես, որդեղ որ ման գաս, որ իմ աչքը հանես, որդեղ որ նստիս, որ ինձ վրա գլուխդ դնես, որտեղ որ քուն մտնիս՝ Նանն ըմբրիդ մեռնի, իմ թագավոր, իմ աղա՛ Աղասի»։

«Տնկած ծառերդ փուշ են դառել, ինձ սպանում․ պացած ծաղկըներդ կրակ են դառել՝ ինձ էրում, խորովում, ման էկած տեղերդ՝ աչքիս լսումը մզրախի պես ցցվում, սիրտս դուս ճոթռում։ Ո՞ւր կորչիմ, որ ձենս օքմին չիմանա, ո՞ւր գնամ, որ աչքս՝ քո տեսած բաներն էլ չտեսնի[1], միտքս քո ասած խոսքերն էլ չհիշի, ջանս քարանա, որ էլ անունդ չտամ, սիրտս ջուր կտրի, որ էլ քո սերը չզգամ, ումբրս փչանա, օրս խավարի, որ երկնքի տակին էլ չասեմ, թե ես է՛լ եմ մեր, ես է՛լ որդի բերի, ինձ է՛լ մեկ օր աչքալիս տվին, ես է՛լ մեկ օր որդու, զավակի արևի ձենը պետք է ածեի, ես էլ որ աչքս խփեի՝ մեկ բուռը հող դո՛ւ պետք է երեսիս քցեիր, դո՛ւ իմ նաշը խտտեիր, դո՛ւ իմ լաշը հողին տայիր, դու վրես սուք անեիր, գլխիս վրա կանգնեիր, ու էդ ազիզ, էդ սուրբ բերնովդ ասեիր․ «Հոգիդ լի՛ս դառնա՝ ա՜յ իմ մեր, ա՜յ իմ մեր, ի՞նչ կըլեր, որ մեկ էլ աչքդ աչքիս, բերանդ բերնիս առներ ու հետո Աստված հոգիս տաներ»։

«Հոգիս խոր է՝ թե հանեմ Աստուծուն տամ․ սիրտս ձեռիս չի, որ կրակը քցեմ, էրեմ․ երկնքին ձե՛ռս չի հասնում, անկաջդ ձե՛նս չի ընկնում։ Ղուշ ա գլխավերևս թռչում, քո անունն եմ տալիս, շունչս ա բերնիցս դուս գալիս, քո հասրաթը ջիգյարս էրում, փոթոթում․ աչքիս եմ հուփ տալիս, սիրտս ա տրաքում․ բերանս եմ կալնում, միտքս ա ցնորվում․ տունն եմ մտնում, պատերն են ինձ դժոխք դառել․ դուս եմ գալիս, սար ու ձոր սև օրս լաց ըլում, երկնքին եմ նայում, մեկ ձեն չի գալիս, երկրին եմ մտիկ տալիս, մեկ խաբար չիմանում։ Բարձին եմ գլուխս դնում, շունչս ա ինձ խեղդում, քնած, թե զարթուն՝ դո՛ւ ես աչքիս առաջին պտիտ գալիս։ Արտասունքս ծով ա դառել՝ Աղասի ջան. ախ ու ոխ քաշելուցը շունչս կտրվել, հոգիս մաշվել՝ գլխիս էլ մազ չի մնացել, ոչ քամուն չտամ, երեսիս էլ տեղ չկա, որ չըլիմ կարատել, տան ու դռան էլ քար չկա, որ չըլիմ դոշիս խփել։ Գլուխս ծեծելուցը ձեռներս բեզարեց․ շատ լաց, ըլելուցը[2] աչքս խավարեց, բայց ա՜խ․․․ ա՜խ․․․ հոգիս իմ տված չի, որ ասեմ՝ դուս գնա․ սաղ սաղ էլ գերեզմանը մտնիմ, ո՞ւմ ձենը լսեմ, ո՞ւմ երեսը տեսնիմ, ո՞ւմ հոգիս տամ, ո՞ւմ ոտի տակին գլուխս դնեմ, ո՞ւմ էս փեդացած ձեռներովս խտտեմ, ո՞ւմ էս չորացած լեզվովն ասեմ։ Մեռնիմ էլ՝ Ա՛ղասի ջան՝ հոգիս գլխովդ պտիտ կգա, ապրիմ էլ՝ ո՛րդի ջան՝ ջանս քո ուղուրին դրած ա։ Հոգիս երկնքումն ըլի՝ մարմինս քո առաջին փիանդազ․ շունչս վրես ըլի, դո՛ւ ես իմ սրտի մուրազն։ Հող կդառնամ՝ հողս քեզ պտուղ կտա․ ջուր կկտրվիմ, քո հանդի, ծաղկի վրա կթափիմ, դրախտումն ըլիմ, քո՛ ծառի ճխկների վրա բլբյուլի պես կկանգնիմ, քեզ անուշ քուն կդնեմ, աշխարքումս

  1. [անկա<ջս]
  2. ըլելուց = ըլելուցը