Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/180

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ա՜խ՝ ի՞նչ կըլեր՝ ոտս կոտրեր, էստեղ չգար,
Ձեր ազիզ երեսն չտեսներ, էսպես չլար․
Ի՞նչ կըլեր՝ Աստված ամեն մարդի տար
Ձեր անմեղությունը, ձեր հալալ պաշարն։

Երաբ յարալու սրտիս ասածը
Կպահե՞ք ձեր մտքումն՝ թփե՛ր բաց էլած.
Ձեզ վրա ման գալիս ձեռք ձեռքի տված,
Աղչիկ ու հարսներ ձեր մոտին նստած.

Սիրո՛ւն աղբրներ, լաջվա՛րդ ծաղկըներ՝
Երաբ որ նրանք ձեզ քաղեն, ծոցերն
Լցնեն, հոտ քաշեն, զարդարեն դոշերն,
Իրար տան, կապեն փունջ ու պսակներ,

Մեկ մեկու ասեն՝ մեզ չմոռանաք,
Պահի՛ր էս ծաղիկն, քեզ մոտ հիշատակ․
Երա՞բ իմ լացս էլ դուք չե՞ք մոռանալ,
Ու ձեր հոտի հետ իմ սուգս նրանց տալ.

Նրանց իմ օրհնությունն, իմ խնդիրն ասել,
Որ ինչքան շունչս կա ու չեմ մեռնիլ,
Նրանց սերը կհիշեմ, նրանց կուզեմ պաշտել,
Ինձ չի՛ մոռանան, ես նրանց չե՛մ քցիլ

Մտքիցս ու նրանց սերն սրտումս կպահեմ.
Հետս ման կածեմ, հողը կտանիմ։
Աստված թո՛ղ ձեզ տա՝ ինչ որ ես կուզեմ,
Մնաք բարո՛վ՝ սարեր, էլ ձեզ տեսնիլ չե՛մ։

Մեկ տափարակ դուզ տեղ բաց ա ըլում հանկարծ տեսնողի առաջին՝ մեկ մեծ դաշտ, չորս կողմը սարերով պատած, աջ ու ձախ սևին տալիս, ու քանի գնում ա մարդ, ամպ ու դուման քաշվում, պարզում են, հենց իմացնում ես՝ թե առաջիդ մեկ էնպես քաղաք ա բաց ըլում, որ հազար հազար[1] կենող միջումն ունի, ու ցրտի, յա շոքի ձեռից բեզարած՝ ուզում ես, որ շտապիս, գնաս մեկ աստվածասերի դռան վեր գաս, դինջանաս, էլ եդ ճամփեդ բռնես, գնաս։ Մեկ տեղից ահագին բերդի պարիսպն ա քեզ խաբում, մեկ տեղից զարմանալի եկեղեցյաց գմբեթը ու մեծությունը, մյուս տեղից բարձր մինարեթքը[2], քոշք ու սարայի գլխըները։ Մտքումդ ասում ես՝ թե էս տեսածդ մեկ մեծ, զորեղ թագավորի թախտ պետք է ըլի, էստեղ ոսկին ու արծաթն աղբի հետ պետք է խառը ընկած ըլի, էստեղ օրը հարիր քարվան ներս մտնի, հարիրը դուս գա։ Հենց իմանում ես՝ թե ցերեկը թոզն ու դումանն ա աչքդ բռնում, գիշերը՝ մութն ու խավարն ա քեզ խաբում,

  1. [բնակող]
  2. [և]