Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/184

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էն բարերարությունը չի արել, ինչպես հիմիկ։ Աղջիկ ասես, տղա, հարսը, երեխա, ծծկեր՝ հազար չվանով[1] կապած՝ տուն էին արել, Ղարսա գեղերիցը եսիր բերել, որ տանին՝ յա սարդարին փեշքաշ անեն, յա Ախլցխա ծախեն։ Ո՞ւմ էսպես սհաթին մարդ[2] կյանք տա, որ նրա առաջին ծունըր չդնեն, երկրպագություն չանեն։ Բայց հսկայն Աղասի ինքն էր ընկնում սրանց ճտովը, ինքը նրանց կապը եդ անում, ինքը երեխին ջոկ, մորը ջոկ սիրում, գուրգուրում, որ Աստծուն փառք տան, սուրբ Սարքսին խունկ ու մոմ վառեն, թե չէ՝ էս[3] իր հունարը չէր։ Ոչի՛նչ գիշեր էն լիսը, էն կյանքը չի՛ տեսել, չի՛ քաշել, ինչպես էս։ Ազատվողք թե ազատողք իրար տեսնելիս, հենց իմանում էին՝ թե երկնքումն են ու ո՛չ երկրումս։

Փոքր ինչ որ դինջացան, աչքդ բարին տեսնի։ Քրդերի շորերն, ասպարն, ձի ռախտը ու խուրջինները որ բաց չարին, հազար արնի գին կար միջըներումը, ամեն մեկին վրա հարիր թումանի զինքս, արծաթ ու ոսկի, թո՛ղ նաղդ փողը։ Աղասին ո՛չ մեկին էլա մտիկ չարեց, ղրկեց ձիանը բերել տվեց, ներս քաշեց ու քրդստանցի Հայերին հարցրեց, որ իրան միամտեցնեն՝ թե էն գիշերը կարո՞ղ են էնտեղ ռհաթ մնալ՝ թե ո՛չ։ «Աղա՛՝ գլխուդ, արևուդ ղուրբան՝ վալլախա չընք գինա, թե էս շան լաջերիցն էլ կան, թե չէ․ ամա օյաղություն աղեկ է։ Սրանց չանգիցը շունը չի խըլսի, մարդն իմա՞լ խլսի։[4] Մգա Աստծուն փառք՝ խազար էնպես ջանավար մեր առաջը գան, զէնոնց խերն անիծեմ․ մեկ թուր տուր մեր ձեռը, մենք գինանք՝ թե իմա՛լ քո ճակատը պարզ կենենք։ Մեր ամեն մեկը սուրբ Կարապետ գինա, էսոնց տասնին խավի պես կծալի, տակը կքաշի։ Դու դարդ մի՛ արա, ռահաթ պարկի, մեր երեսն ոտացդ հողն ըլի. էսոնց քոքը կտրվի, քանց շուն շատ են, քանց գել առավել։ Թե մեզ կխարցնես, մենք էմլա խեյրաթ կտեսնինք, որ մեր կես պարկի, կես ղարավուլ քաշի, էս ձորեր խանա լիքն են»։

Հենց էս մասլըհաթին էին, մեկ էլ էն տեսան՝ որ ձիավորի ոտի ձեն ա գալիս։ Արիասիրտն Աղասի միտք արեց, որ սրանք նրանց ընկերները պետք է ըլին, ական թոթափել երեխա, օղլուշաղ ղրաղ քաշեց, հազար անգամ ձեռն էստուր բերնին դրեց՝ որ ձեն չհանեն, երկու քրդին էլ բերան, ձեռ, ոտը դհա ղայիմ կապեց ու մեկ իգիթ քրդստանցու թուրը հանած վրըները կաղնացրուց, մյուս քրդստանցոցը կրակի չորս կողմը նստացրուց, որ կարծիք չընկնին, ու ինքն իր ռաշիդ տղերքանցովը եկեղեցու դրան աջ ու ձախ կողմը կտրեցին, թուրները հանած՝ պատնըդուս ցցվեցին ու թշնամուն ճամփա տվին։

Լոլո ձեն տալով՝ քսանից ավելի ձիավոր ժամի դռանը վեր էկան, բալուլ տվին մեկ երկուսի ձեռքը՝ որ ման ածեն։ Հայի երեխեքանց ու կնանոնց սուգ ու շիվանի ձենը՝ որ ժամը չէ՛ր ընկնում, պատերն էլ սուգ էին անում, բայց խեղճերը չէին իմանում՝ թե ինչ բարի հրեշտակ ա Աստված նրանց համար ուղարկել։ Հենց գյուռ արած՝ որ ղալմաղալ անելով ներս չընկան, էլ չիմացան, թե մարդ ա, որ իրանց գլուխը կոտրում ա, դև կարծեցին կամ սուրբ․ էլ թրի, մզրախի, յա ղալխանի վախտ չէ՛ր։ Քրդստանցի Հայերը մաջալ էլ չտվին Աջամի Հայերին․ շատին հենց կրակի շամփուրն

  1. [չաթած]
  2. [ձեռք]
  3. [նրա]
  4. կխլսի = խլսի