Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/198

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էն սարի ծերին էնքան գլուխս պահեցի, որ էլի նրան մի ձեռք քցեմ, չէլավ. Աստված գլխիս բարկացավ ու էս հալիս ինձ քո ոտը բերեց, որ շատ չի հպարտանամ, շատ չի ամբարտավանամ։ Որքան բարութ ունեի՝ հատավ. ընկերքս էլ չկարացին դեմ կենալ, ամենը մեկ սար ընկան, ես էլ էս հալին առաջիդ կանգնած եմ, ինչ հրաման ունիս ասա՛, մեկ գլուխ ունիմ, էն էլ Ռուս թագավորին ղուրբան։ Թաք ըլի՝ մեր աշխարքը անօրենի ձեռիցն ազատվի, թող մեր կերածը ցամաք հաց ըլի։ Երևան բոլոր քոչացրին, խեղճ խալխի տուտը Թավրեզ, Բայազիդ, Ղարս հասավ։ Մեկ ծեր հեր ունիմ, բանդումն ա փթում. մեկ պառավ մեր ունեի, ճամփին քոչելիս ա հոգին տվել, մեկ նշանած ունիմ, հազար կրակից, սրից, թշնամուց սաղ ամառը տանջվեցա ու անջախ մի անջախ բերի՝ Ռուսի հողը քցեցի, էլ ուրիշ բան չեմ ուզում, մեկ հորս էլ ազատեի, մեկ մեր ազգը, մեր երկիրը, մեր հավատը ազատ տեսնեի, ետո թո՛ղ Աստված՝ ինչ իմ ճակատիս գրվածն ա, էն կատարի»։

Էս խոսքումը էլ սիրտը չդիմացավ. ջիգյարի կրակը բերանը փակեց, աչքի արտասունքը՝ տեսությունը։ Հսկայն Մատաթով երկար ժամամակ մնացել էր զարմացած ազնիվ երիտասարդի էնպես ճարտար բերնի, էնպես քաջ սրտի, էնպես հիանալի պարթև բոյի վրա ու փափուկ ջիգյարի․ խնդրեց՝ որ քիչ մի հանգստանա ու ինքը իրան թադարիքը տեսավ։ Ո՛վ էն ժամանակը կամ տեսած կամ լսած կըլինի, թե Մատաթովն ի՛նչ արեց, նհախ տեղը չի՛ նրա անունը Հայի, Թուրքի, Ղզլբաշի բերնումը մնացել։ Աշխարք տակ ու վեր կըլի, բայց նրա հիշատակը անջնջելի կմնա մեր ազգի միջին ու մեր աշխարքումը։

Դեռ վարժատան աշակերտ էի ու ինչպես էսօր կենդանի է մտքումս՝ Աղասին ինչպես մտավ Թիֆլիզ։ Երևելի իշխանի որդի չէ՛ր որ նրան մեծ փառքով ներս բերեին, բայց ո՛վ նրա արածը իմացել էր, ուզում էր ոտները ջուր անի՝ խմի։ Մեկ թղթի միջում ծալած իրա ոսկորները քսան անգամ հենց ինձ ա ցույց տվել, որը որ զանազան տեղ կռվներումը կոտրել՝ հանել էին։ Մեկ քանի ժամանակից հետո՝ հայտնի յա ամենին, որ երբ Ղարաբաղու կողմն թշնամուցը ազատվեցավ, Ապարան, Երևան դառան Ռուսաց քաջ սրտի մեծագործության ու տղամարդության ասպարեզը։ Նհախ տեղը չի Երևանու անունը էնպես անձին պատիվ տվել, որ Ռուսաց զենքը Ասիա ու Եվրոպա՝ երկինքը հասցրեց։ Ո՞ր Հայը իրան պարծանք չի համարիլ, որ Օսմանցվի, Ղզլբաշի ու Պոլշիո Աստվածը էսօր իր կոմսության անունը Երևանու անունովն ա զարդարել՝ իշխանն Վարշավի և կոմսն Երևանի Ասիու միջումը Ալեքսանդրի ու Պոմպեոսի, Ջինգիզխանի ու Թամուրլանգի հիշատակը իսպառ ջնջեց, ու Ռուսաց քաջության, մեծահոգության, բարեսրտության, մարդասիրության անունը աստղերի հետ դասեց։ Քանդելու միայն էին սովոր ասիացիք, շինություն ու խաղաղություն տեսան։ Ուրիշ թշնամու առաջ իրանց արինն էին տալիս, եդո իրանց քաղաքն ու օղլուշաղը. Ռուսաց ընդհակառակն բանալիքն էին ընծայում, եդո իրանց տունն ու ընտանիքը։ Գոռոզ կարծիքն Պարսից, թե խանը միշտ պետք էր Ալու փանջին հնազանդեր՝ ցրվեցավ, ու իրանց անողորմության, անօրենության տեղակ՝ շնորհք, ողորմություն տեսան։ Հայոց արտասվալից աղոթքը՝