Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/199

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ գիշեր ցերեկ անում էին, թե ե՞րբ կըլի՝ մեկ Ռուսաց հավատակցի երեսը տեսնին, եդո հողը մտնին, լսեց Աստված ու կատարեց։ Խաչի լիսի ու Ռուսաց մարդասիրության շնորհքը ապառաժն էլ կակղացրին, ու Հայաստանի չոլ, ամայի դաշտերը էսօր մարդաբնակ են դառել ու Ռուսաց ազգի խնամքը վայելում, իրանց սուրբ աշխարքը կրկին շենացնում։ Հայոց ազգի կարոտ աչքը վաղուց էլ արտասունք չի տեսնիլ, իրան հայրենիքը կտեսնի, նրա ծոցումը կմեծանա, նրա սերը կվայելի ու քոռ նախանձոտ մարդին գործքով ցույց կտա, թե Հայ ազգը ո՛չ թե փողի կամ շահի խաթեր ա Ռուսի տերության անունը պաշտում, այլ թե իր սրտի ուխտն ուզում կատարի, որ իրան հավատն ու ազգը պահողին արինը, կյանքը, որդին չխնայի։ Հայ ազգը՝ որ ո՛չ թե թուլ էր, յա քաջություն չուներ, որ իր երկիրը պահել էր, ո՛չ։ Երկիրն ինքն էր պարտական։ Աշխարքումն ո՛վ ոտը բարձրացրեց, Հայաստանու վրովը պետք էր լոք տար, Հայոց ազգին պետք էր ոտնատակ տար, ձեռք քցեր որ իր թշնամու հախիցը կարենար գալ։ Ո՛չ Ասորիք, ո՛չ Պարսիկը, ո՛չ Մակեդոնացիք, ո՛չ Հռովմայեցիք, ո՛չ Պարթևք, ո՛չ Մոնղոլը, ո՛չ Օսմանցիք չէին կարող էն զորությունը ստանալ, եթե Հայոց ազգը մեկի դեհը չէ՛ր պահել։ Դեհը պահելով ղորդ ա իր տունը քանդեց, չունքի իր բարեկամը վեր ընկնելուց եդո իր թշնամին ավելի ևս իր չարությունը գործում, իր ինադը (ջիգրը) հանում էր, բայց էստով Հայոց ազգը արարած աշխարքին հավիտյանս հավիտենից կարող է համարձակ ցույց տալ, թե ինչքան հոգի ուներ, ինչքան կամաց զորություն, սրտի հաստատություն, որ իրան չորս կողմի էն հզոր ազգերը կորան, փչացան, անունները չկա, Հայոց ազգը անուն էլ ունի ու իրան հավատն ու լեզուն մինչև էս օր իր արնի գնովը պահեց, հասցրեց՝ որ մեկ ազգ էլա էսպես օրինակ չունի։

Երևան թևին տվեց, երբ Ռուսաց զորքը իր մեջը մտան51) Էջմիածնի խնկի, մոմի հոտը ու զանգակների ձենը երկինքը հասավ։ Քաջահաղթ հսկայն, կոմսն Երևանի՝ Տոբիթա հրեշտակ Ներսես արքեպիսկոպոսի ձեռիցը բռնած մտավ Վաղարշապատ, որ Եփրեմ կաթուղիկոսի սուրբ աչքին լիս տա ու առողջություն։ Էն ժամանակվան խաղերը որ հանել ասում էին, հավիտյանս հավիտենից կարող են աշխարքին վկայություն տալ՝ թե Թուրք ու Հայ հենց իմացան թե Աստված վեր էկավ իրանց համար։

Հարիր տեսակ խաղ հայերեն, թուրքերեն Երևանու բաղերն52) ու ձորերը լսում էին, ու հինգ տարեկան երեխեն էլ էսօր ուրախ վախտը ձեռը բերնին ա դնում ու ասում։ Որ ասածիս ամեն մարդ հավատա, էն խաղերիցը մեկը թող օրինակի խաթեր էստեղ գրվի։

Սար ու ձոր սասանմիշ էլան, զարմացան,
Պասքովիչ սարդարին ոտի տակն ընկան,
Մեր Մասիսն, Ալագյազն փիանդազ53) էլան․
Անիրա՛վ՝ էս բաղին բաղմանչի ունի։
Անիրա՛վ՝ էս բաղին բաղմանչի ունի,
Յարալու սրտիս էդ քարը մի՛ քցի։