Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/200

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մատաթովն Ղարաբաղ առավ՝ ազատեց,
Կրասովսկին Աբարան ոտնատակ տվեց,
Սաղ Իրանն Պասքովչին չոքեց, ծունր դրեց.
Ղզլբաշն մուկ դառած, գլխին վայ տվեց.
Բեկենդորֆն սարդարին ջախըփուրթ արեց,
Ասլանի գլուխն արծվին Ռուսն մատաղ արեց.
Անիրավ՝ Հայերի արինն մի՛ խմի,
Միտք արա՝ էս բաղին բաղմանչի ունի։ Անիրավ և այլն։

Սրբազան Ներսեսի խաչին ղուրբան գնամ,
Հոգևոր Եփրեմի տիրոջն ղուլ դառնամ,
Սուրբ Գեղարդն մեռոնի զորքն մալում էլան.
Թշնամին քոռացավ. Հայքն ուրախացան․
Հայ ազգի աղոթքը երկինքը հասան։
Անաստված՝ Հայից ձեռք քաշի, կորի։
Անիրավ՝ Հայերի արինն մի՛ խմի. միտք արա՛ և այլն։

Մենք քամակ քամակի կտանք, վեր կկենանք,
Ռսին մեր աշխարքը, կյանքն ղուրբան կտանք։
Հասան-խանն կատվի պես քարեքար ընկավ,
Շահզադի ղոնշունը ցիր ու ցան էլավ.
Մեր խաչին՝ անհավատ՝ արի, ճանաչի՛.
Անաստված՝ Հայիցը ձեռք քաշի՛, կորի։
Անիրավ՝ Հայերի արինն մի՛ խմի. միտք արա՛ և այլն։

Էջմիածին, Թավրեզ, Աբասաբաթ, Սարդարաբադ − Ռուսաց օրհնյալ ոտի հողին արժանացան, բայց դեռ Երևան իր անճար գլուխը դեմ էր տվել ու ետին շունչն ընկած՝ ուզում էր որ դեռ մեկ քանի սհաթ էլ իր ջրատար որդվոց գլուխը լա, նրանց սև երեսը մեկ էլ տեսնի, որ փրկիչն Հայաստանի, կոմսն Երևանի, իշխանն Վարշավի էկավ, էնտեղաց բանդում, զընդանում մաշված Հայերին էլ մեկ օգնություն անի, ազատի։

Ամսի հինգն54) էր, որ Երևանու բերդը ծխումը կորավ։ Երկնքի կրակը ջոկ էր վեր թափում խեղճ կենողների գլխին, թոփի թոխփանի գյուլլեն ջոկ, հինգ օր հինգ գիշեր սար ու ձոր դրմբում, դմբդմբում էր։ Հենց գիտես Սոդոմ, Գոմորի քուքուրթն ու կրակը էսօր ա վեր գալիս։ Երևանու հատած պատրուքի պես՝ թե մեկ ճրթճրթում էլ էր մեկ սհաթ քիմի, էլ եդ հանքչում, խավարում էր, էնքան թոփի գյուլլա էր գլխին ու սրտին դիպել, հոգին բերանը հասցրել։ Սարդարը, Շահզադեն վաղուց էին իրանց սև օրը լաց ըլելով Երևանու երկրիցը ձեռ քաշել, Իրան փախել։

Հասան-խանն էր մնացել մենակ թոռումը, որ իր արած չարության պատուհասն առնի ու էն մարգարեական ձենը կատարվի, որ Աբարանումը նրա խուլ ականջն ընկավ, բայց խելքը գլուխը չէկավ։ Նհախ որքան բերնում լեզու ու ձեռին հունար կար, բանացրեց, որ՝ իր ազգին սիրտ տա՝ իրանց գլուխը ձեռ չքցեն։ Հինգ օրվանից հետո խալխը որ տեսավ, ճար չկա, իրան միջի մեծամեծներիցը մեկ քանի մարդ ընտրեց, ու հենց էն ա վերջին