Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/203

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ու տանջանքը իր խաթեր էր քաշել, հինգ տարի բանդումը չորացել, ցամաքել, հազար անգամ գերեզմանի դուռը գնացել՝ եդ եկել, որ իր որդուն տեսնի, փափագն առնի, էնպես հողը մտնի, որ սրտումն էլ դարդ չմնա, գերեզմանն իր համար դժոխք չդառնա։

Բերդի մեջն ու չորս կողմը որ ասեղ քցեիր, գետնին չէ՛ր հասնիլ․ աշխարքը իրարոցով էր դիպել։ Աչք էր՝ որ խնդում էր ու լալիս, բերան էր՝ որ գովում էր՝ ու օրհնություն տալիս․ ազգական, բարեկամք էին՝ որ իրար փաթաթված՝ մնացել էին փետացած։ Լեզվի տեղակ արտասունքն էին նրանց էրված սիրտը հովացնում։ Սար ու ձոր թնդացին, բաղ, բաղաստան ցնծացին, որ իրանց տերերն էլ եդ ճամփու էին ուզում ընկնիլ, որ գնան՝ նրանց զվարթացնեն․ բերդի դռներն ու քուչեքը դրմբում էին ոտի ու ուրախությունի ձենիցը։ Ռսի ղարավուլները ամեն տեղ բռնեցին, խալխը քիչ քիչ սկսել էր, որ քաշվի, բայց որտեղ որ Հասան-խանի խերիցը քոռացրած, քոթրոմացրած, ոտից, ձեռից ընկած անդամալույծ կար՝ էկել բերդի դուռը բռնել էին, որ իրանց սև օրին մեկ լիս, մեկ ողորմություն, մեկ դինջություն գտնեն։

Էս միջոցին էր՝ որ Ներսես սրբազանը Սահակ աղի ձեռիցը բռնած՝ ընկել էր բրջերի, բադանների գլուխն ու հենց գիտեր՝ թե երկնքիցն ա Երևանու դաշտին մտիկ տալիս․ նոր ըլի դրախտը նրա աչքի առաջին բաց էլել, նոր ըլի ջրհեղեղը դադարել, նոր ըլի որդին միածին վեր էկել, որ իր արդար, սիրելի Հայոց ազգին փրկություն բերի։ Անց կացած ժամանակները երազի պես էին նրա աչքի առաջին կանգնել։ Չէր իմանում՝ թե Երևա՞ն ա տեսածը, թե Թիֆլիզ։ Էն պուճախներումը, էն ձորերումն ու բաղերումը՝ որ սև Ղզլբաշի երեսի էր նրա աչքը սովորել, Ռուս էր տեսնում ցրված, նստած․ ո՞վ չէր տեսածը երազ համարիլ, յա հրաշք։ Էս մտածմանց մեջը խրված՝ էն թանձր ունքերի տակիցը իր հոգելից աչքը Զանգվի վրա էր քցել ու մնացել վերացած, գավազանի վրա թինգը տված, որ մեկ քաղցր ձեն եդևիցը որ «հայր սուրբ ջան» չասեց ու ձեռն՝ առաջ դոշին, հետո[1] երեսին չկպցրեց, քաջաջան հովվապետը մնաց ուշագնաց։ «Հայր սուրբ ջան՝[2] սրբազան տե՛ր՝ ա՜խ, էս ի՞նչ օր ա», մեկ ձեն էլ մյուս կողմիցն էկավ ու մյուս ձեռը բերան ընկավ։ «Սմբաթով ջան, Երուսալեմսկի ջան՝ ո՛րդիք, թաղեցե՛ք ինձ այսուհետև ձեր ձեռովը․ թե որ մեկ քանի օր էլ Աստված ինձ կյանք պետք է տա, թո՛ղ էնդուր համար տա, որ էս էրված սրտիս մուրազը կատարեմ, մեր խեղճ, ցրվյալ ազգը՝ էլ եդ իրանց աշխարհը բերեմ54)։ Էս մեկ բանն էլ թո՛ղ էս կարոտ աչքս տեսնի, հետո, ա՜խ՝ հետո Հայաստանի սուրբ հողի տակը մտնիմ։ Խնդրեցե՛ք, խնդացե՛ք, խնդացե՛ք, խնդրեցե՛ք՝ ո՛րդիք ջան, որ ձեր ծերունի հոր էս մեկ խնդիրն էլ Աստված լսի, էլ ուրիշ բան չեմ ուզում։ Հայաստա՛ն, Հայաստա՛ն՝ տո՛ւր ինձ քո սիրտը, տո՛ւր ինձ գերեզման․ էլ որ նոր ազգեր թե գան ու երթան, ա՜խ չի՛ մոռանաս քո սև դառն օրվան նեղությունն, տանջանքն, կաց ու զգաստացի՛ր, քո խեղճ որդոցը սիրով պահպանիր, էլ քո զավակը գերի մի՛ քցի՛ր, սուրբ հողդ իմ երեսս՝ ընտի՛ր Հայաստան, աթոռ Աստուծո՝ տուն Արշակունյան»։

  1. աչք<երին>
  2. [հ<այր>]