Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/204

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Ախր ո՞րտեղանց որտեղ թռաք, էկաք՝ սիրելի որդիք, որ ձեր հայրենիքը տեսնիք», վերջապես հարցրեց սրբազանը զարմացած՝ աչքերը սրբելով, ու էս ազնիվ Հայկազանց գլուխը դոշին կպցնելով, «ախր մի ասեցեք, որ դինջանամ. ձեր կարոտն էի քաշում, ձե՛զ էի ուզում, ձե՛զ, որ էս սհաթին իմ սիրտն իմանար, իմ ուրախությանը մասնակից ըլիք, ո՛րդիք ջան, Հայոց ազգի բարի շառավիղք։ Էդ ո՞ր Աստվածը իմ մեղավոր սրտի խորհուրդն իմացավ ու ձեզ ինձ մոտ բերեց»։ «Մենք էլ հենց էդ մտքովն ու մուրազովը տուն ու տեղ թողինք, իրեք գիշեր ա չենք քնել, սար ու ձոր ոտնատակ տվինք, որ մի գանք էս սհաթին ձեզ տեսնինք, քո ուրախությունն ու օրհնությունը առնինք, մեր հայրենյաց ազատությունը տեսնինք, մեր կարոտ աչքը մի կշտանա ու էլ հենց էս սհաթին պետք է ետ դառնանք, որ կուսակալը մեր գալը չիմանա»։

«Հա՛յ անիրավս ձեզ, է՞տուր համար եք էդպես չերքեզի շորերում կուչ էկել, որ մարդ ձեզ չճանաչի. շատ լավ. հանաքն հո էդպես չե՛ն անիլ, դուք ձեր խաղն եք խաղացել ձեր ջահիլ տեղովը, ես էլ իմը կխաղամ էս ծեր տեղովս, տեսնինք՝ ո՞րս կհաղթենք։ Ձեզ բանդ պետք է քցած, որ մի քիչ քիթըներդ տրորվի, իմանաք՝ թե հայրենյաց համար էդքան նեղություն քաշողը, էդքան ճամփա էկողը ու իր ղուլլուղից ձեռք վերցնողը՝ թուր էլ որ դեմ անեն սրտին, կրակ էլ որ ածեն գլխին, պետք է երեսը եդ չի՛ թեքի․ դուք էսքան տեղն անահ, աներկյուղ անց եք կացել, ոտի տակ տվել, որ մարդ են ուտում, հիմիկ սիրտ չե՛ք անում, որ կուսակալի առաջը գաք։ Տո՝ Հայաստանու փրկիչը որ ձեր էդ ազնվական գործն իմանա, հասկանա՝ թե դուք ձեր աշխարքի ու ազգի ազատության հանդեսը էկել եք, որ տեսնիք, ձեր ձենն էլ նրանց ձենի հետ խառնեք, ձեր ազնիվ սիրտն էլ նրանց սրտի հետ միացնեք՝ էն էլ էս հրաշալի, էս արժանահիշատակ ժամանակին, ձեզ սիրելու, ձեզ գրկելու խաթեր, ձեզ վրա պետք է բարկանա՞։ Էն ի՞նչ սիրտ պետք է ըլի, որ տեսնի՝ մեկ որդի սարեսար ա ընկել, գլուխը մահու տվել, որ իր ծնողին նեղությունից պրծած տեսնի, ինքն էլ ջանը եդ դնի, ինքն էլ հետը ուրախանա ու, մահապարտ էլ որ ըլի որդին, նրան թողություն չտա։ Ձեզպես որդիք շատ ունենամ, շատ. էկե՛ք, էկե՛ք՝ ձեր երեսին մեռնիմ, ձեր էդ ազնիվ աչքերին ղուրբան, իմ սիրուն պահած որդիք, էկե՛ք՝ ձեր էդ մաքուր ճակատը մեկ էլ համբուրեմ, մեկ էլ ձեր էդ սիրուն երեսը դոշիս կպցնեմ, հետո ձեր շուչն56) իմ վզին։ Կուսակալը57) թե խոսք ունի՝ առաջ ինձ ասի։ Դուք է՛ն օրինակն եք ցույց տվել, որ մեկ որդի Սիբիրից ոտով գնացել ա Մոսկով, որ իր հորն ազատի․58) ձեզ ո՞վ կարա գնամիշ անիլ։ Հայոց ղոնշունն էլ էն ա հա՝ հազրել եմ, քիչ քիչ սովորում են կռվելու կերպը։ Մելի՛ք՝ էսպես զավակներ որ թագավորն էլ ունենա, չի՞ ուրախանալ։ Հայոց ազգը էսպես որդոց ա կարոտ, է՛սպես, ի՞նչ կըլի, որ սրանց նման մեկ հարիրն էլ ըլին։ Հլա մտիկ տո՛ւր սրանց բոյին, սրանց պատկերին, սրանց լեզվին, սրանց աննման աչքերին․ Աստծուն հայտնի ա, ուզում եմ՝ թե էս սհաթը հոգիս հանեմ, սրանց տամ։ Օրհնվի էն արգանդը, որ էսպես զավակներ կբերի։ Ամեն մեկը էնպես գիտես՝ թե թագավորազունք ըլին։ Ձեզ ստեղծող Աստծուն զո՛հ ըլիմ, զո՛հ․ ինձ պետք է թաղեք, որ հետո վրըներովդ ղուշ անց կենա։ Ձեր հայրենիքն էիք ուզում, էս էլ