Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/206

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բաս ես քա՞ր պտի ըլիմ, որ նրա սուքը չանեմ։ Բաս սիրտս կհամբերի՞, որ էս օր չուզենամ՝ էնպես հսկա, էնպես ազնիվ, քաջ երիտասարդի վրա հոգիս տամ. բայց չէ՛, ես ի՞նչ եմ, որ Աղասու սուքն անեմ, իմ բերանն ի՞նչ ա, որ լսողի սիրտը շարժի, էրի, խորովի, նրա սուք անողը հետո կգա, ես իմ դառը պատմությունն անեմ։

Իրեք թուրք էին ընկել բրջի մեկ ղրաղումը, մյուսները փախել — ա՜խ՝ լեզու՝ լռվիս, ի՞նչ կըլի,− Աղասին, հրեշտակ Աղասին՝ երկու խանչալ սրտումը ցցված, իրեքր քամակումը ու ոտ ու ձեռ հազար տեղ յարալու փարալու՝ իր ողորմելի հոր դոշին, արինը ծովի պես չորս կողմը բռնած՝ որ սրբազանը վրա հասավ։ Աջու ձեռը որ չէր տարել, որ հոր[1] գլուխը, էն ձնի պես սպիտակ մազերը մեկ խտտի, մեկ դոշին կպցնի, որ էնքան տարվան էրված սրտի մուրազն մի առնի, հովանա, հենց տեղն ու տեղը ուսը վեր էին բերել ու կտրած ձեռը մնացել էր հոր գլխատակին, երեսը երեսին, ու ձախու ձեռն էնպես փետացած, դոշի վրա ընկած։ «Վա՜յ՝ աչքս դուս գա՝ վա՜յ իմ ազգի ազիզ որդի, վա՜յ մեր ճամփեն փուշ դառնար՝ ա՜յ ջիվան, ա՜յ մեր ախպեր Հայի զավակ. վա՜յ մեր օրին ու արևին՝ Երևանու ճրագ, իմ պահած մեծացրած՝ սիրուն Աղասի, քո արինն է՞ս տեղ պիտի թափե՛ր». ասացին էս ազգասեր հոգիքն ու աղլխներն աչքըներին դրած՝ ամեն մեկը մեկ ղրաղ քաշվեցին, չորացան, թուլացան, երկինքը գնացին, քարացած մնացին ու էլ որ մեկն ու մեկը հանկարծ աչքը կամ հոր երեսին, էն լիս դառած պատկերին, յա տղի կտրատած ջանին, էն արնաթաթախ մարմնին չէր քցում ու սիրտը բերնովը դուս բերելով՝ բիրդանբիր ձեն տալիս ու գոռում. «Հլա մի մտիկ արե՛ք, տեսե՛ք, հորն ի՞նչպես ա խտտել, տո էն ծերին նայեցե՛ք, տեսե՛ք՝ աչքը ի՞նչպես ա որդու երեսը քցել ու երկու ձեռով ճակատին խփում». սի՛րտ՝ տրաքի, սի՛րտ՝ էլ չեմ կարում տանիլ, ո՛վ ջիգյար ունի, ինքն իմանա. մնացածը էքուց կգրեմ։59)

Հայոց ազգը էնպես ռաշիդ, էնպես ջիվան որդիք շատ էր կորցրել էս կռվներումը, էլ ո՞ւր կհասներ, էլ ի՞նչ օգուտ շատ սքալն ու մղկտալն. բայց ա՜խ՝ Աղասու մերը քոչի ճամփին էր իր սև օրը վերջացրել, հերը որդու արնովը՝ իր փետացած լաշը լվացել, նշանածը, ողորմելի Նազլուն դեռ Փամբակ էր, միմիայն տես ու ճանաչ էին նրա վրա ցավում, կսկծում, իր ռաշիդ ընկերները հո, քանի Մատաթովի մոտ էր գնացել՝ ո՛չինչ խաբար չէ՛ր իմացել, էկող, գնացող էնպես էին պատմում, թե նրանց եսիր էին արել՝ Հասան-խանի մոտ տարել։ Ո՞վ էր խաբար, բալքի թե էն անդամալուծների շատը նրա բարեկամքն էին, բայց մարդ չէր գիտում։ Էն բրջից ձեն տվող Երևանցի Հայիցը հենց էսքան իմացան՝ թե երբ քաջն Աղասի ռսի ապելատով բրջի դռանը երևեցավ, ղարավուլ սալդաթը ղրաղ կանգնեց, պատիվ տվեց։ «Ինչպես մեկ հրեշտակ, է՛նպես ներս ընկավ իգիթը», վրա բերեց Երևանցի Հայն, «անօրեն Թուրքերը մեկ ղրաղում թուր ու խանչալ պլոկած՝ տափ էին կացել։ Բերդի առնիլը դեռ չէինք իմացել, հենց իմացանք՝ թե էն Թուրքերն էկել են մեզ յա սուրը քաշեն, յա դուրս տանին՝ կախ տան։ Լերդ ու թոք ջուր կտրած, մնացել էինք սառած, որ

  1. հորը = հոր