Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/207

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հսկայն Աղասի ներս ընկավ․ հենց իմացանք՝ թե եկել ա, որ էն անիրավներին բռնիլ տա ու մեզ ազատի։ Ո՞վ կիմանար՝ թե ի՞նչ մարդ ա ու ընչի՞ համար ա էկել։ Խեղճ հոր հո՝ շունչն էր մնացել բերնումը. աչքի լիսը վաղուց էր հատել, վաղուց էին ոտ ու ձեռք նրան թողել՝ չորացել։ Փորն էկել էր ուռել՝ բերնին դեմ առել։ Հենց գիտես՝ թե հոգին ինքը նրանից չէ՛ր ուզում ձեռք վերցնի, չունքի շատ անգամ էն ուշագնաց վախտը լավ պարզ լսում էինք, որ ուզում էր գլուխը բարձրացնի ու մեռած ձենով մղկտում էր․ «բաս ո՞ւր ա . . . թո՛ղ, թո՛՝ մի տեսնիմ . . . Ա՛ղասի, որդի, հո՛գի, քա՛նի մի քա՛նի ինձ մաշես, երկնքումը վաղուց եմ տեղս տեսել՝ ա՛յ իմ ջիվան որդի, քանի՛ մի քանի ինձ մաշես, արի՛, արի՛՝ երեսիդ մեռնիմ, արի՛, մեկ շունչդ առնիմ, էլ հո աչք չունիմ, որ քեզ տեսնիմ, էլ հո ձեռք չունիմ՝ որ քեզ գրկեմ, լեզուս ա մնացել, անկաջս, թո՛ղ մեկ էլ ձենդ լսեմ, որ մորդ էլա մեկ խաբար տանիմ․ Հռի՛փսիմե, Նա՛զլու, Կա՛րո, Փա՛րիխան, Աղասի»։ Սանգարի ժամանակին ձենը իսպառ կտրվել էր։ Մենք հենց իմանում էինք՝ թե վաղուց ա հոգին տվել։ Թոփի, դոմբաբի ձենը մեզ խլացրել էր։ Երբ ոտը խաղաղվեց, էլի առաջվան պես նղղալով խոր հոգոց քաշեց, էլի էս խոսքերը սկսեց եդ ասիլ ու հոգու հետ կռիվ տալ։ Վերջին խոսքն էլի էն էր․ «արի՛, արի՛՝ Աղասի, ո՛րդի, հոգի՛ ջան»՝ որ դռները ճռռացին ու ջիվան որդին հոր ձենը որ չիմացավ․ «Ա՛փու ջան՝ գլխովդ ման տամ, դեռ սա՞ղ ես՝ երեսիդ ղուրբան, ափու ջան» ափու ջան ասիլը, գժվածի պես հոր վրա ընկնիլն ու թուր ու խանչալ վրա գալը մեկ էլան։ Հերը հենց ձենիցը մեռավ. որդուն, ա՜խ՝ ջրատար որդուն էլ ժամանակ չմնաց, որ յա հորը եդ բերի, յա իրան մեկ չարա անի։ Էլի Աստված մեզ էր խեղճ եկել, որ սալդաթը էս ձենըձորը որ լսեց, խիշտն առած՝ ասլանի պես ներս ընկավ, երեքին սպանեց, մյուսները փախան։ Քոռանա իմ աչքս, որ էսպես բան չէ՛ի տեսել։ Հազար անգամ Աղասու հոր լացը կտրել, հետը քեֆ եմ արել։ Բարիկենդանին էլ՝ որ Աղասին փախավ, նրանց տան քեֆ անողների մեկն էլ ես էի։ Իմ որդիս, ա՜խ իմ ջիվան Մոսին էլ էր նրա հետ փախել։ Բայց ես լսում եմ՝ թե նա դեռ սաղ ա։ Աստված՝ դատաստանդ քաղցր ըլի, էսպես զուլում էլ ո՛չ շհանց տաս, էլ ոչ տեսնինք, երեսս ոտիդ տակն, ասեց ողորմելին ու[1] փեշն աչքերին դրեց։

Րիգնահովն ընկել էր, թոզ ու դուման բերդի չորս կողմը բռնել։ Էսպես վախտին ղուշն էլ իր բնիցը չի դուս գալիս, բայց սաղ աշխարն էկել՝ Երևանու բերդի չորս կողմը բռնել էր, որն ջիվան Աղասու խաթեր, որը նրա մեյիդը դուս բերելու, չունքի լսել էին՝ որ մուզիկով ու ղոնշունով պտի թաղեն ու էսպես բան, էսպես տեսարան՝ Երևանումը դեռ առաջինն էր։ Սալդաթ ու մուզիկանդ բերդի դուռը կտրել էին, ժանդարմեքը ճամփա էին բաց անում։ Համամների ու սուրբ Սարգսի դուզը էնպես էր սևին, սպիտակին տալիս ու դես ու դեն ծփում, ինչպես մեկ փրփրած ծով, որ քամու ձեռին՝ յա սիպտակ փրփուրն ա կիտուկ, կիտուկ քարին, ապառաժին խփում, յա սև ջուրն ա դրմբալով դես ու դեն քցում։ Թոզն էլ հո բոլորը թամամ էր անում։ Տամբուր մայորը թոփուզը պտտեց, սալդաթները կարգ ընկան, մուզիկեն

  1. [աղլու<խը>]