Կրեսոս թագավորն Լիդացվոց՝ երբ Կյուրոս բոլոր աշխարքի տիրեց ու նրա երկիրն էլ առավ, կռվումը ղոնշուն, սիրելի, բարեկամ, զորապետ՝ նրան թողեց, ու էն անգին մարգարտի ու ջավահրե ամարաթներում մեծացած Կրեսոսը, որ իրանից բախտավոր աշխարքի երեսին էլ մարդ չէ՛ր համարում, ընկած մեկ պարսիկ զորականի առաջ, շունչը բերնին հասած՝ փախչում էր, որ իր գլուխն էլա պրծացնի, պարսիկը ետևիցը հասավ: Սուրը գլխին պսպղաց, աչքերը սևացավ, դեռ գլուխը չտված՝ հենց իմացավ, թե մահն էն ա հոգին առավ: Հենց ուզում էր, որ ի՛ր թուրը իր սիրտը կոխի, որ թշնամին իրան չսպանի, զորականը որ թուրը չի՛ բարձրացրեց, թագավորի միամոր որդին, որ հոր մահը չտեսավ առաջին, քսան տարվա փակ լեզուն՝ իսկույն կապը կտրեց, բաց էլավ, ու քսան տարվա լուռ սիրտը՝ իր առաջին ձենը տվեց. «Անօրե՛ն՝ էդ ու՞մ ես սպանում, քաշի՛ր թուրդ ետ, չե՞ս տեսնում, որ առաջիդ Կրեսոս ա, աշխարքի տե՛րն ա»: Զորականի ձեռները թուլացան. թագավորն իր գլուխն ազատեց, քսան տարեկան լալ (մունջ) որդին իր հորը պրծացրեց: Էսքան տարի ողորմելի թագավորազն իր կյանքն անց էր կացրել, ո՛չ ծնողաց էնքան սերը, էնքան գութն ու փափագը՝ որ նրա ձենը մի լսեն, մի սիրտըները հովանա, ո՛չ էն փառքն ու մեծությունը, ո՛չ էն պատիվն ու իշխանությունը, ո՛չ էն գանձն ու հարստությունը, ո՛չ աշխարքիս սերն ու վայելչությունը, ո՛չ էնքան սիրելյաց ու բարեկամաց սերն ու քաղցր զրիցը, ո՛չ ամպի ձենը, ո՛չ գետի ու թռչնոց էն անուշ եղանակը՝ էնքան վախտ նրա սրտին է՛ն ներգործությունը չէին տվել, որ մեկ ծպտա էլա, ու իր հոր, իր[1] ազիզ հոր մահը՝ որ առաջին տեսավ, սիրտն էլ իր խուփը եդ քցեց, պապանձած լեզուն էլ իր կապը կտրեց, փակ բերանը իր կսկիծը հայտնեց, կարոտ, վերջին[2] թելն ընկած հերը՝ իր որդու ձենը լսեց, որ լսողի սիրտն՝ էսօր էլ ա կրակ ընկնում, երբ մտածում ա՝ թե որդիական սերն էր, որ բնության գրած զնջիլը՝ էսպես ջարդեց ու փշրեց:
Ո՛չ քսան-երեսուն տարուց ավելի ա՝ իմ ազիզ հե՛ր՝ իմ սիրելի ազգ, որ սիրտս կրակ ա ընկել, էրվում, փոթոթվում ա, գիշեր, ցերեկ լացն ու սուգ իմ աչքիցս, ա՜խն ու ո՜խը իմ բերնիցս չի՛ պակսում, ա՜յ իմ արյունակից բարեկամք, որ մեկ միտքս ու մուրազս ձեզ պատմեի ու հետո հողը մտնեի: Ամեն օր գերեզմանս առաջիս տեսնում էի, ամեն սհաթ մահվան հրեղեն սուրը գլխիս պտտում էր, ամեն րոպեի ձեր սիրտն ու դարդը՝ հոգիս էրում, մաշում էր, լսում էի ձեր քաղցր ձենը, տեսնում էի ձեր սիրուն երեսը, իմանում էի ձեր ազնիվ միտքն ու կամքը, վայելում էի ձեր ազիզ սերն ու բարեկամությունը, մտածում էի ձեր կորցրած փառքն ու մեծությունը,