Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/229

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մուղայիթ, որքան ուրիշների։ Շատ հերն ու մեր երանի էին տալիս նրա հորնը մորը՝ որ էնպես բարի զավակ ունեին։ Ինչ տեղ մեկ մեջլիս, ինչ տեղ մեկ սուփրա էր բաց ըլում, նա էր նրանց գլուխը, ուրախությունը և քեֆ շհանց տվողը։ Նրա սուրահի բոյը, նրա թուխ թուխ ղալամ քաշած աչք ու ունքը, նրա գեղեցիկ պատկերը, նրա անուշ լեզուն, քաղցր ձենը՝ մարդի խելքն էին տանում, տեսնողն մաթ էր մնում, չէ՛ր կշտանում։ Սազը ձեռն առածին պես՝ քարին, փետին հոգի էր տալիս։ Ղորդ ա՝ արևն երեսն էրել էր, ամա որ ծիծաղելիս աչքը ու ունքը չէ՛ր բաց անում, հենց գիտես՝ թե վարդ էր[1] բաց ըլում[2]։ Նրա թվանքի գյուլլեն դարդակ չէր անց կենալ։ Մեկ ձեռը բարձրացնելիս՝ քարերն էլ դող էին ընկնում։ Հինգ մարդ նրա մեկ ձեռը չէ՛ր կարող ոլորել։ Մեկ թուր խփելով գոմշի[3] բողազն էնպես էր դուս կտրում, որ թրի ձերը գետինն էր խրվում։ Շատ անգամ քսան հարամի՝ մեկ թրի որքով էր հետ ածում։ Թուրքերը նրա անունը լսելիս՝ լեղապատառ էին ըլում։ Շատ անգամ մեկ կռիվ պատահելիս՝[4] հենց նրա անունը լսում էին թե չէ, ճանճի պես դես ու դեն էին ցրվում, ու գյում ըլում։ Ավելի անունը Ասլան բալասի էին դրել։ Ձեռներն էլ կապած՝ որ հազար թուլու[5] մեջ ընկներ, կարող էր՝ որ իր գլուխն ազատի։ Բայց էսքան զարմանալի հատկություններ ունենալով, էլի էրեխի հետ էրեխա էր, մեծի հետ՝ մեծ։ Խանի, շահի առաջին էնպես էր կաղնում, ու ջուղապ տալիս, որ հենց բռնես՝ թե թագավորի որդի ըլի։ Ծիծաղն ու խնդությունը նրա էրեսիցը պակաս չէր։ Նրա ամեն մեկ խոսքը՝[6] անգին ջահավիր էր։ Շատ մոր աչք մնացել էր կարոտ, որ նրան իր փեսա շինի։ Ջահել աղջկերքը նրա անունը լսելիս՝ ուզում էին՝ որ իրանց հոգին տան։ Շատ տեղ՝ ջրի ճամփին, կամ տան կտրներին, երբ Աղասուն անց կենալիս տեսնում էին, էնպես էին կարծում՝ թե հրեշտակ է իրանց աչքին էրևում։ Նրա ձենը լսելիս, նրա բոյը տեսնելիս, սիրտըները կրակ էր ընկնում։ Ուզում էին որ իրանց հոգին հանեն ու նրան տան։ Ուզում էին՝ որ նրան մատաղ ըլին, նրա ոտի տակին մեռնին, բայց Աղասին վաղ էր իր մուրազին հասել։

Սաղ գեղը էնքան նրա սիրովը վառվել էր, մինչև նրա վրա խաղ էին հանել։

Աղասի ջան՝ գլխիդ ղուրբան,
Դու ես մեր թաքն ու պարծանքը։
Աշխարքըս որ բոլոր ման գան,
Քո հատն ո՞ւր կըլի, դու ես մեր կյանքը։

Տանիցը[7] որ դուս ես գալիս,
Ամենի աչքն քեզ է նայում,
Քո քաղցր լեզուն բաց ըլելիս՝
Սար ու ձորեր մաթ են մնում։

  1. վարդ ա = վարդ էր
  2. էլել = ըլում
  3. [գլ<ուխը>
  4. [թե ի<մանում էին>
  5. [ձե<ռ>]
  6. [մեկ]
  7. տանիցն = տանիցը