Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/242

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բակումը ջերգով կանգնած՝ կռկռում էին, կչկչում էին։ Ֆորթերը, եզները, ձին, տավարը՝ ուրախությունից ուզում էին՝ թե կապըները կտրատեն։ Էշը զռում էր, գոմեշը տռլնգում, էծը մկկում, կովը բառանչում, ֆորթերը բղավում։ Որը ցռում էր, որը շռում, որը կվում, որը թրքում, որը ֆստացնում, որը փստացնում, որը բզբզացնում, որը վզզացնում։ Մեկ թիքով մեղրել էին իրանց տիրոչը, հերիք չէր, ուզում էին՝ որ մեկ էլ գան, հենց միրքի մեջ տեղը՝ մեկ թազա թազա վեր դնեն, մյուս բաները չեմ ուզում ասիլ, շատ ամոթ ա։ Ախր բերաններին՝ որ էնպես զոռ էին տալիս՝ դու տե՛ս թե ետևների հալն ի՞նչ կըլեր։ Դարման կերած տավար, գարի կերած ձի։ Մեկը հազում էր կամ փռշտում[1] թե չէ, հինգը նրա ջուղաբը տալիս էին։ Խուլասա, ի՛նչ գլուխ ցավացնեմ, էսպես նազրախանի ու մուզիկի ձեն՝ շահի դռանն էլ չէր լսված։ Բայց գինու տակռին դալար մնա, էս թոփ ու թոփխանեն, էս զարբազանը՝ մեկին էլ ա քյար չէ՛ր անում։ Շատի՝ հենց բռնես՝ քեֆը գալիս էր։ Բայց ամեն սհաթ հո մեկ չի՛ ըլիլ, ու հենց ում ուժն ասես՝ տերտերին ա հաղթում։ Էս խեղճը[2] հենց շարքյասեն ձեռն առավ թե չէ՝ օրհնեց, պռծավ, հենց պռնկին դրեց ու էն էր ուզում, որ մաքրազարդի, էշն էն կողմիցը էնպես մեկ թունդ տրաքեց՝ որ տերտերի՝ էլած չէլած խելքը գլխցը թռավ, շշկլեց, գինու կեսը կատիկը թռավ, կեսը միրքին թափվեց ու ուզում էր՝ որ թասն էլա չի կոտրի, ձախու ձեռը վրա բերեց սաստիկ՝ որ բռնի, էնպես խփեց տանտրոչ գլխին, որ փափախը կրակն ընկավ, ու տասն ատամի մինն էլ՝ փորը։ Թե ուրիշ վախտ էր էլել՝ ես գիտեմ՝ թե տանուտերը ինչպես նրա միրքի մազերը մին մին կպոկեր, ամա էս սհաթին որ գլխին էլ շռեիր, մեկ բան չէ՛ր իմանալ։ «Լավ հարաքյաթ ես անում հա՛, տերտեր ջան՝ է՜հ․ ի՞նչ անենք, բարիկենդան օրեր ա, խելքըներս կորել ա։ Դու սա՛ղ ըլիս, ա՜յ տղա ա՛ծա, Վիրաբ ջան՝ մեկ լավ զլի՛ ձենդ։ Խմե՛նք, քե՛ֆ անենք, ո՞վ ա[3] խաբար՝ թե էքուց մեր գլխին ի՞նչ կգա։ Գյոռն չաթլասն՝ տերտեր ջան՝ գյոռն, էդ չալ միրուքդ ուտեմ, որ մի սիրտըս կշտանա, ինչ կըլի». ասում էր ու տերտերի ուսերին վեր հատում։ Էսպես դինջ, իրանց քեֆն արամիշ էին անում մեր պարոն քեդխուդեքը ու հազար բաբաթ նաղլ, մասալա իրար ասում։ Վաղուց էին կշտացել, հաց չէին հո ուտում, փոքր մազա էին անում, գինի խմում, որ ետո դուս գան, իրանց տղերքանց ջիրիդին թամաշա անեն։

Արեգակն էկել՝ երկնքի մեջ տեղը բռնել էր։ Օրվան փուշը քիչ մի կոտրվել էր։ Սար ու ձոր փլփլում էին։ Էս հադաղին ով որ Քանաքեռ մտներ, հենց կիմաներ՝ թե հազար տուն կա էնտեղ։ Հենց կիմանար՝ թե էս գեղըցիքը աշխարքի տերն են, ո՛չ դարդ ունին, ո՛չ ղասաֆաթ, ամեն մեկը հազար[4] թումանի տեր ա։ Ինչքան տղամարդիք, ջահել տղերք կային[5] տներիցը դուս էին էկել՝ ռահաթ խալխը՝ որ կտրներին էին նստել՝ քեֆ անում, որը ձեռնաբռնուկ էին արել, պար էին գալիս, որը խաղ ասում։ Էստեղ զուռնեն էր փչում, էնտեղ ճժալախտի էին խաղում, մյուս տեղ էլ փահլեվանները կոխ էին պռծնում, մանր տղերքն էլ կամ ձնաթոփի էին խաղում, կամ աչքակապուկ։ Թափի, զուռնի ձենը, հարայ հրոցը աշխարք էր

  1. [էր]
  2. [մեկ անգամ]
  3. ով է = ո՞վ ա
  4. [միլիոնի]
  5. [տանիս]