Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/248

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նստել, քեֆ են անում։ Քեֆն էլ գլխըներիդ հարամ ըլի, խաչ ու ավետարանն էլ։ Տնա՛քանդներ՝ մեկ աշխարքի դարդիցն խաբար առեք՝ է՜․․․

Տո Մկրտի՛չ հասի՛ր, հասի՛ր, վազի՛ր, թև ա՛ռ, թռի՛, մարաքեն քանի կենում ա, չաղանում ա, էս սհաթս կգան, մեզ կըտանին, բերդը կածեն։ Աղա՛սի, Աղա՛սի, քառանաս ո՛չ Աղասի, էդ շներիցը գլուխդ ա՛ռ, կորի՛, էդ ի՞նչ արիր՝ Տնո՛վ քանդված»։

Բայց թոփ ու նազրախանա էլ որ ածեին, Աղասին չէ՛ր իմանալ, ղորթ ա որ քառացել էր, էլ ո՛չ անկաջն էր իրանը, ո՛չ կյանքը, բայց խելքն ու ձեռը լավ էին իմանում՝ թե ի՞նչ բանի վրա են։ Արինն աչքերը կալած ռաշիդ երիտասարդը հենց էսպես բանի էր ման գալիս, որ իր ձեռի ղվաթը, իր թրի հունարը շհանց տա։ Էլ թուրը որ օրվա համար են կապում։ Ջիրիդատեղիցը վարավուրդ արեց՝ որ աշխարքը բոլոր անսասացավ։ «Ա՜յ տղե՛րք՝ էս տեղ մեկ բան կա», ասեց ու թռավ։ Նրան տեսան թե չէ, ձևռով, գտակով արին՝ որ հեռանա, բայց շունչը բերնին դեմ էր առել, չէ՛ր էլ մաջալ անում՝ թե տեսնի, թվանքը լիքն ա, թե դարտակ։ Առյուծի պես ներս ընկավ[1] հսկա երիտասարդը, ճամփին անկաջովն էր ընկել՝ թե ի՞նչ խաբար ա։ Էրկուսի գլուխը սրփելեն եդև, մյուսներն ուզեցան՝ որ թուր հանեն, «Աթան գյոռնի սիրիմ՝ սզա քի՞մ յոլլուփ դր» (Ձեր հոր գյոռը էսպես անեմ, ձեզ ո՞վ ա ղրկել), ասեց, ու թուրը պլոկած՝ ներս ընկավ, մեկի ուսը վեր բերեց, մյուսին էլ ղամով ադիք մաղիքը տրորեց, էն վեցը տեսան՝ որ էլ ճար չկա, ձիանը նի էլան ու փախան։

«Արի՛, երեսիդ մեռնիմ՝ Թաքոյի ջան՝ աչքդ բաց արա՝ աչքերի՛դ ղուրբան, Աղասին մեռած՝ ոսկոռները փթած պետք է ըլեին, որ քո սիրուն մազին մեկը մատով ձեռը տար։ Վայ իմ աչքին ու արևին՝ ինչպես փեդացել, սառել ա։ Թաքոյի ջա՛ն»՝ ասում էր[2] քնքուշ երիտասարդը՝ գլխին տալիս՝ արտասունքը աչքերիցը քուլա քուլա վեր էր թափում։ Գնացին ջուր բերելու։ Նա ձեռները խաչել, ինքն էլ փետացել՝ մնացել էր կանգնած։ Մոտանար, չէ՛ր սիրտ անում, խտտել, ձեռները ճմռել, անկաջումը ձեն տալ, երեսին ձեռը խփել, բոլոր, բոլոր չէ՛ր կարելի, չունքի Թագոյին կույս էր, ուրիշ մարդի աղչիկ էր։ Մորն էր մտիկ անում, մերը չէ՛ր ձեն տալիս, դուրսն էր նայում,[3] սատկած լաշերի դժոխային կերպարանքներն էին աչքովն ընկնում, էլ ինս, ջինս, իսան չէ՛ր էրևում, ամենն էլ փախել, սարերով, ձորերով էին ընկել՝ որ իրանց գլուխը պրծացնեն։ Շների վնգվնգոցը, կընձկնձոցը, աքլորների կանչոցը, հենց իմանաս՝ իրան ասում ըլեին ցավելով․ «ինչ արիր, արիր, գլուխդ ա՛ռ, կորի գնա՛ Փամբակ, Թիֆլիզ, էս երկրումը քո արևը մեր մտավ, քո օրը խավարեցավ, քո ճրագն հանգավ, թոփի բերանն ա քու ջանը, քանի որ ոտը խաղաղ ա, քանի ջիլավդ ձեռիդ ա, քանի բերնումդ շունչ կա, գլխիդ ճարը տես։ Մնաս էլ, ձեր տունը բոլոր սուրը պետք է քաշեն, գնաս էլ, էն բաբաթ, քեզ էլ ա ճար արա։ Քո հերը քեզանից ղայրու էլ զավակ չունի, նրա օջախի ծուխը մի՛ կտրիր, ձեռներդ արընոտ արիր, Սարդարի ֆառաշներին ես սպանել՝ տո անիսավ, մեկ միտք արա է՜լ։ Դրանց արյունը քեզանից կուզեն, սրանց տերերը հմիկ կատաղել, փրփրել, իրանց միսն ուտում կըլին, ի՞նչ ես փետացել, կաղնել։

  1. [իգիթը]
  2. [կտրիչը]
  3. [մեռելների]