Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/249

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էլ ո՞ր օրին ես մտիկ տալիս, քյահլան ձին տակիդ, յարաղ ասպաբը վրեդ, մեկ կտոր հաց՝ որտեղ ըլի, որ չճարես։

Հենց իմանաս՝ դժոխքն առաջին բաց էր էլել։ Հազար գլխանի դիվան ատամները կրճտացնում, զարհուրելի ձենով խնդում, ծիծաղում, ժնգժնգացնում, չանգըները սրում, հազրում, կրակը, բոցը չաղ ըլեին անում, որ նրան էրեն, խորովեն, կտրատեն, թիքա թիքա անեն, իրանց փայ շինեն։ Հազար կպրե կարաս, հազար օձ ու կարիճ՝ բերանները բաց արած՝ նրան էին մնում՝ որ քրքրեն, կուլ տան, մարսեն։ Դեռ աչքը էս սարսափելի քնիցը չբաց արած, էնպես էր էրևում՝ թե Սարդարի ջալլաթները (դահիճ) կռները վեր քաշած, արինն աչքըները կոխած, թրերը սրած գալիս էին՝ որ իրան տանին։ Թոփչին թոփն էր սրփում, հազրում, գյուլլաչին՝ գյուլլեն էր ջոկում, մոտ բերում, հեր, մեր, ազգական, դովում, ղարդաշ, երլու, անցվորական՝ հեռու տեղից գոռում, վա՜յ, հարայ էին տալիս, գլխըներին, ծնկներին խփում, ծեծվում, ջարթվում, իրան անունը տալիս ու սուք անում։

«Աղասի ջա՛ն՝ մեկ թո՛ւր էլ ինձ խփի, թո՛ղ քո ձեռը ինձ սպանի, թո՛ղ քու ոտի տակին հոգիս տամ, թո՛ղ քո ձեռովն իմ մահս առնիմ, սիպտակ մազս քեղ փիանդազ՝ Աղա՛սի ջան՝ քանի աչքումս դեռ լիս կա, քանի բերնումս շունչ, ոտդ բերնիս դի՛ր, թուրդ սիրտս խրիր, ինձ մահ տո՛ւր․ թո՛ղ գնա՛մ կորչի՛մ, եդո ի՞նչ կուզես, արա՛»։ Մեկ հալևոր ոտի տակն էր ընկել, երեսը գետնին ծեծում, գլխի մազերը ճպռում, ու վախտ վախտ Աղասու ծնգներովը[1] փաթաթվում։ Աստվածասեր կարթացողներ՝ էլ ինչ ասիլ հարկավոր ա․ դուք էլ էք իմանում՝ որ էս խեղճ, տարաբախտ հալևորը Աղասու ողորմելի հերն էր։ Հենց խաբար տանողը լեղապատառ, լեզուն կպած՝ տուն ընկավ ու գլուխը ծեծելով ձեն տվեց․ «Տո ձեր տո՛ւնը չքանդվի, գեղը կոխեցին, տարա՛ն, Աթոյենց աղչիկը քաշեցին, Աղասին արնի միջումը ծըփծփում ա, ֆառաշները, Սարդարի ղլերը (ծառայք) կրակ են վեր ածում» և այլն, ինչպես որ մեկ թոփի տրաքոց կամ սաստիկ ամպի ձեն՝ մեկ ձորի միջի խփում ա, ու քարափները դղրդում, թնդում, մարդի ականջներ խլացնում, մի քիչ ժամանակ շշմացնում են, ու գլուխդ սկսում ա դժժալ, պտիտ գալ, աչքերդ սևանում, մութ ու խավար քեզ կոխում, խելքդ թռչում, մնում ես քարի պես կանգնած, ոտքդ ու ձեռքդ թուլանում, ջանդ սրսռում ա, ու լեզուդ կպչում, էլ չե՛ս իմանում, թե ո՞ւր ես, երկրո՞ւմը թե դժոխքումը, էն[2] հանքին Աղասու հոր ոսկերքը սարսափեցան, է՛ն հանքին ուշ ու միտքը թռավ, մնաց սառած, փետացած, աչքերը քցեց է՛ս կողմն, է՞ն կողմն։ Ծերությունը ջանն առած, մի ոտը հողի էրեսին, մի ոտը գերեզմանումը, աշխարքի էրեսին էն մեկ պտուղն ուներ, էն մեկ զավակն[3], նրան մտիկ տալիս, հենց իմանում էր՝ թե աշխարքի թագավորն էլ ա ինքը, շահն էլ։ Նրան ջիրիդ խաղալիս տեսնելիս՝ հենց իմանում էր՝ թե ոտը գետնիցը կտրվել ա, թև ա առել, թռչում[4]։ Ծերությունն էլ էր մոռանում, մահն էլ, դժոխքն էլ, արքայությունն էլ։ Էնպես էր կարծում՝ թե նոր ա ծնվել, ճխում, ճչում, ոտին, ձեռին էր անում՝ ինչպես ութ տարեկան տղա։ Նրա անունը որ տալիս էին՝ լերդի ծերը խաղում էր, ուրախությունիցը սիրտն ուզում էր պատռի։ Ամեն մեկ նրա աչքերին պաչ անելիս, ամեն մեկ խտիտն

  1. ծնգներիցը = ծնգներովը
  2. էնպես = էն
  3. [ուներ]
  4. թռել = թռչում