Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/256

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էնպես էր էրևում՝ թե Աղասու ձին բուդուրմիշ էլավ, վեր ընկավ, հենց էն ա վրա վազեց՝ որ որդուն[1] խտտի, վեր թռավ։ Հարսի աչքին երևում էր՝ թե հարսանիք էր, հարամիք վրա տվին, Աղասին մեկ բոզ ձիու վրա նստած, նրանց առաջ արեց, թրով ծեծելով՝ թոզ ու դումանումը կորավ։ Իր թայդաշ հարսներն[2] ուզում էին՝ որ իրան բռնեն, փեշը թափ տվեց, ուզում էր, որ նրա եդևիցը կորչի, երեսի վրա վեր ընկավ, աչքը բաց արեց, տեսավ, որ տունը գլխին պտտում ա։ Անցկացած բաները որ միտքը[3] չէկավ, էնպես մեկ[4] ծվաց, ծղրտաց, որ ձենը երկինքը հասավ, պատերը զրզնդացին։ Էս ձենի վրա կեսուրն էլ հենց բռնի՛ր՝ հինգ գազ ծուլ[5] էլավ, հենց բռնես, մեկ թուր ջիգյարը խրեցին, հարայ տալով, մազերը[6] պոկելով՝ հարսնի կռնիցը բռնեց դուս թռավ, ու իր կիսամեռ մարդի առաջին թավալ թավալ էր տալիս, գետինը պոկում, գլխին հող ածում, ու նոր մորթած[7] հավի պես՝ որ դեռ քանի արինը տաք ա, ոտն ու էրեսը քարերին էր ծեծումդ ինչպես որ տեսանք։ Ախ՝ ես չե՛մ ուզում բանը երկարացնեմ, թե չէ նրանց արածն ու ասածն լսողի սիրտը կերեն, կփոթոթեն։

Էս ձենի վրա էր ինչպես ասեցի՝ որ մեր անբախտ ծերունին բիրադի վեր թռավ, էլ ո՛չ գտակ, էլ ո՛չ քուրք հարցրեց՝ տանիցը բղղալով, գլուխը ծեծելով՝ միրուքը պոկելով դուս ընկավ, ու հոգին բերնին հասած՝ գլորվելով, տրորվելով, իր որդու ոտի տակին գետնին դիպավ, ու թռպրտում էր։ Ընչանք էն տեղ հասնիլը հարյուր տեղ վեր էր ընկել, հարյուր տեղ ոտն ու ճակատը քարին էր առել,[8] գլխումն ու ջանումը էլ սաղ տեղ չէ՛ր մնացել, հազար քարի էր դիպել ու յարալու փարալու էլել, ձնի նման սիպտակ միրուքը՝ արնի մեջը սառել, չանին էր կպել, ու հիմիկ էլ որդու[9] ոտները լիզում էր, որ մեկ թուր էլ իրան խփի, որ շուտով էս դառն աշխարքիցս պրծնի։


Վա՜յ է՛ն ազգին, որ աշխարքումս անտեր ա, Վա՜յ է՛ն երկրին՝ որ թշնամու գերի ա, Վա՜յ է՛ն խալխին որ ինքն[10] իր կյանքն, աշխարքը Չի՛ պահպանիլ, ու հարամու ձեռ կտա։

Ով որ սարեր կերթա,[11] իրան ֆորսն անի։ Ով որ կուզի,[12] տեղը նստած մուլք դատի,[13] Անտեր ազգին նրա գյուլլեն կդիպչի,[14] Անտեր գլուխն նրա քիսեն կլցնի։

Հավատ, օրենք, տուն, ընտանիք, սրբություն Հողի քարի հետ կքսվին, կփչանան, Թե մեկ ազգ իր ջիլավն, յախեն թշնամուն Իրան իրան կտա,[15] կմնա անվաթան։

  1. որթուն = որդուն
  2. հարսները = հարսներն
  3. միտքն = միտքը
  4. [հարայ տվեց]
  5. ծլունգ = ծուլ
  6. մազերով = մազերը
  7. [կովի]
  8. [ոտ, ու]
  9. որթու = որդու
  10. [իրան]
  11. [որ]
  12. [ուրշի]
  13. [նրա գլխին զուլում, զազար պետք է գա]
  14. նրա էրեսը ոտի տակի կոխ կը մրմնջա
  15. [ու]