Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/271

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քո հավարին կըհասնիմ, թե իմանամ ինձ սիրում ես։ Էս սուրբ խաչը գիտենա։ Վա՜յ էս ինչ գլուխս քարը տվի։ Ես ու խաչ, պասակեր շուն ու խաչ, ժամի քոռ, թամբալ էշ ու ավետարան, հավատն[1] ուրացած լոթռան ու կտակարան, զանգակի ձենից փախչող կատու ու սուրբ պատարա՞գ, սրբությո՞ւն, երեսն խաչ հանիլ ու սուրբ սեղա՞ն։ Դե սուրբ սեղան, հո սուրբ սեղան։ Քո ժամը չես թողալ, ուրիշ ժամ կերթամ, ձեռս ո՞վ ա բռնում, ըսկի էլ չեմ գնալ, ինձ հո չեն սպանիլ, էս տեղ չեմ կենալ, Թուրքի մեջ կերթամ, ով ճամփես կտրում, նրանց լեզուն գիտեմ։ Կասեմ Թուրք եմ, դհա պատիվ կտան, դու հո լավ գիտես։ Չէ, ուրիշ տեղ կերթամ, քի՞չն են գնում։ Մի՛ բարկանալ, ես էս ասում եմ,— ամա որ գլուխս էլ ծեծեն, չեմ անիլ, միամիտ կա՛ց։ Էն եկեղեցու հողին ղուրբան, որ ինձ ծնել ա, էն երկրի ջրին մատաղ՝ որ ինձ պահել ա, էն ազգի ջանին մեռնիմ, որի լեզուն բերնումս ա։ Էն խաչի, ավետարանի, էն պաս դնողի, էն վարդապետի[2], տերտերի սուրբ աջին զոհ ըլիմ, որ ինձ խրատել, հավատ տվել, էս տեղն ա հասցրել։ Գլուխս մահու կտամ, իմ ազգը, հավատը, օրենքը, չե՛մ մոռանալ։ Կույր աչոք գերի ըլեմ՝ թե որ սուտ ըլիմ ասում։ Ամա ցավեր շատ ունինք, երբ որ էսպես բաներն էլ տեսնում լսում եմ, ձեռիցս մի բան չի գալիս, ես էլ հովանում եմ։

Թե մեղք ունիմ, գլխիս քար քցիր։ Քանց նեղանում ես, արի՛ սիրտ սրտի տանք, ես իմ կարողության գյորա, դու քո։ Իրար սիրենք, պատվենք, մյուսների թասիբը քաշենք, խղճին քոմակ անենք, թե էլ խոսամ, լեզուս պապանձվի։ Ես լեզու եմ սովորել, փող չեմ դատել։ Ի՞նչ անեմ։ Ամա լեզվով մարդ շատ[3] տուն ա քանդում կամ շինում, քանց փողով։ Պրծա՛, ա՜խ շատ բան կա, ամա չեմ ասում։

Հիմիկ կասես, էլի գլխներս տարավ՝ էս սարսաղը՝ «քեզ ի՞նչ․ ո՛չինչ դու քեզ համար, ես ինձ — բաս էլի իմ պատմությունն անեմ, որ քեֆդ գա» − «էդ լավ ա․ հիմիկ խելոք ես խոսում»։ Խելոք եմ խոսում՝ դե անկաջ արա՛, քնես ո՛չ, հիմիկ ծիծաղում ես, եդո լաց կըլիս գիտեմ, որ սիրտդ բարի ա, հավ չեն մորթել, քո ազգն են չարչարել, լսեցիր − դե, անկաջ դիր։

Էսպես, ինչպես տեսանք, մեր ուղղափառ, Աստվածապաշտ, մեչդասեր, նամազասեր, այլ ո՛չ մարդասեր՝ մոլլեքը, Ախունդները, Հաջի, Թաջիր, Բազըրգյան, Քյասիր, Արախլու, Ղզլբաշ, Թարաքյամա, Ղարափափախ, մեծ, պստիկ,— հերներն անիծա՛ծ, շատի անումը մտկիցս ընկել ա — մտկի՞ցս — իմ անումը մտկիցս կընկնի, նրանցը չի՛ ընկնիլ, նրանց հոգին Աստված առնի․ խնդրել եմ Աստծուց − Մսկլլու Սունլու, Չոբան, Թուրք, Պարսիկ, բեկ խան, շուն, գել, թիվ չկա։ Ինչպես մենք էն խլեզի ու բզեզի, օձի ու գիլի բանը չի՛ տեսանք՝ է[4] − հենց էն տեսակ սարից, ձորից, տանից, հանդից, գեղերից, յայլաղից, բազարից, մեյդանից — ինչ ունին, չունին, թողած, էրեսի վրա թափած, գութանը հանդումը, ոչխարը սարումը, տավարը՝ նախրումը, ջուրը, վարը, ցանքը, առ ու տուրը տեղն ու տեղն վեր ածած − ինչպես մեկ թունդ կռվի ժամանակի, որ շունը տերը կկորցնի, որդին հորը, ախպերն ախպորը կմոռանա — իմանում ես – հենց է՛ն հանքի, քո արևը գիտենա, սուտ չեմ ասում․ դու ո՛չ մեռնես – հենց է՛ն հանքին, էն տեսակ, բայց մի քիչ

  1. հավատից = հավատն
  2. [յա]
  3. [իր]
  4. [էն]