Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/289

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ըլին սրբերը, մեր սուրբ Գեղարթը, մեկ բան ըլելիս, կամ ղոնշուն գնալիս՝ մեր մի Հայը շատ անգամ որ մեկ փչի՝ տասը տաճիկ գյում կըլին, մեկ որ մատով տա, տասը բանհոգի կըլին․ Հայի փիրն Աստված օրհնի։ Ամա ի՞նչ անենք որ մեզ հրաման չկա թուր բանացնել․ Քրիստոս ինքը Պետրոսի ձեռիցը թուրն առավ՝ որ Քրիստոնյա ազգը թրից ձեռք վերցնի։ Մեր Լուսավորչուն էլ էնքան չարչարելիս՝ հրաման չտվավ որ թուր առնի։ Քրիստոնեի թուրը — աղոթքը ժամը, պատարագն ա։— Ա՜խ ընչի՞ թող ժամ, պատարագն էլ ըլին, ամա թրի փիրն օրհնած ա. թուր որ չես խփում, գլուխդ կտրում, օղլուշաղդ եսիր են տանում․ սիրելի՝ թուրն իր տեղը, աղոթքն իր․ թրով թշնամուդ հախիցն արի, աղոթքով հոգիդ մաքրի․ Աստված հեչ խռովիլ ու բարկանալ չի՛։ Աստված մարդիս ստեղծեց, որ լավ օր քաշի, իր գլուխը պահի, ուրըշի ձեռին գերի չմնա. իմացա՞ր։ «Քրիստոս Տերն մեր՝ սիրելիք՝ եթե կամենար՝ որ իր սուրբ անօրինությունը հեշտությամբ անց կենար, ու ինքը չչարչարվեր, չխաչվեր, էլ չէ՛ր գալ էս փուչ աշխարքը ու մարմին առնիլ։ Մեկ որ ասել էր ամեն բան թամամ կըլեր։ Ամա չէ․ Ադամա մեղքը մնացել էր մեզ վրա, մինչև էն մեղքը չջնջվեր, մեզ ազատություն չէ՛ր ըլիլ։ Ինքն Տերն մեր եկավ մեր մեջը, մեր արինը ու մարմինն առավ, որ մեզ օրինակ լինի, թե ով կամենում ա երկնային փառացը արժանի ըլի, ընչանք չի չարչարվի, չի տանջվի, իր գլուխը մահու չտա, Աստծո սուրբ տեսուն չի կարող արժանանալ։ Որ ո՛չ առնուցու զխաչ և եկեսցէ զկնի իմ, որ ո՛չ թողցէ զհայր, զմայր, զկին, զորդիս, չէ՛ ինձ արժանի։ Յարիցեն ազգ յազգի վրայ, թագաւորութիւն թագաւորութեան վրայ, նեղեսցին, տանջեսցին զձեզ վասն իմ, այլ դուք ուրախ լերո՛ւք, զի վարձք ձեր բազում են յերկինս և մազ մի ի գլխոյ ձերմէ ո՛չ կորիցէ առանց հօր իմոյ՝ որ յերկինս է։ Մարգարեք, առաքյալք սուրբը էնպես չարչարվեցան, իրանց արինը թափեցին, որ այժմ Աստծո այսկողմյան դասումը նստած իրանց վարձքը ստացել, փառավորվել, երկնային ուրախությունը վայելում են։ Մեզպես մեղավոր անարժան մարդիկը ի՞նչ հաղդ ունինք, որ Աստծո սուրբ կամացը ընդդիմանանք՝ էդպես բան պետք է մտքըներովս էլ չի՛ անց կենա, ո՜ւր թե մնա բերնով ասիլ։

«Թե իմանաք մեր գլուխն ինչ են բերում էս անօրենները․ դուք հենց ձերն էք ասում։ Ամեն մեկ բեկ, մեկ խան սուրբ Աթոռը գալիս, մեզ շիշն ա դնում, էրում․ ո՛չ հաց ու ջուրն ա նրանց փորը կշտացնում, ո՛չ փեշքաշն ա նրանց աչքը կշտացնում․ շափթով նստում են մեզ վրա, ինչ որ ուզում են տալիս ենք, էլի ռազի չեն։ Սարդարը կամ Հասան խանը գալիս, հո երկինքը մեր գլխին փուլ ա գալիս, աշխարքն աշխարքով դիպչում։ Էլ շունը տերը չի՛ ճանաչում, էնքան գել են վրա թափում մեր վրա։ Քչիցը, քչիցը ամեն մեկ գալիս, չորս հինգ հարյուր խան, բեկ, ծառա, մեհտար, աշչի, ղայլանչի, ղուշչի, երկու էնքան էլ ձի, ջորի, ուղտ, բարխանա հետըները քցած, գալիս են մտնում վանքը։ Ինչ օր որ նրանց ոտը մեզ մոտ պետք է մտնի, հացըներս էլ ա հարամ ըլում, ժամըներս էլ։ Սաղ որը՝ յա ժամի ծերին, յա ճանապարհի մեջտեղը՝ շոքում, անձրևում, թոզում պետք է կանգնիլ՝ մտիկ անիլ, թե երբ նրանց ծերը դուս կդա։ Իրեք, չորս եպիսկոպոս