Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/290

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պետք է առաջ գնա, բոլոր միաբանությունը դուս ա գալիս՝ մեկ կես վերստ տեղ էլ առաջ գնում՝ գլխաբաց, խաչով՝ խաչփառով, շուրջառով, բուրվառով, շարական ասելով նրանց ներս բերում։ Շատ անգամ վանքի հայաթը մտնելիս՝ պետք է զառ ճոթից փիանդազ քցած՝ որ էս անօրենի ոտը խերով ըլի։ Փիանդազը ֆառաշների փայն ա։ Էսպես գալիս են վանքը լցվում, վեհարան, խուց, Ղազարապատ ասես, էլ տեղ չի մնում. ասեղ՝ որ քցես, գետինը չի ընկնիլ։ Հալա Սարդարի, Խաների սիրտը փեշքաշներով, փողով առնում ենք, ու Կաթողիկոս, եպիսկոպոս գիշեր ցերեկ գլխըներովը պտիտ գալիս՝ որ մեկ վնաս չի հասնի, ամա <ինչ որ մեր> խեղճ միաբանի ու մեր նոքարների գլխին <ա գալիս, դուշմանդ չտեսնի>։ Փետի, թրի առաջ արած, սաղ օրը՝ ուշունց տալով, ծեծելով, հազար մեկ բան են ուզում, յա ձիանց տեղն ու խոռակը լավ չի, յա իրանց սրտի ուզածը բանի պետքը չի՛, մեր ձիաններն էլ դուս անում, տավարն էլ, խոզերին հո որտեղ հասնում են, էնտեղ թրատում, ախր խոզի թշնամի են. բաս ի՞նչ կըլի մեր էփված հացը, կամ ձեռ տված բանը հարամ ա, իրանք են ամպարը մտնում, մառանը մտնում ու ինչ սրտըներն ուզում ա, իրանց ձեռովը վերցնում։ Էսպես մոյդա ասես, ղարաչի, քյամանչի, սազանդար սաղ գիշերը որը պար ա գալիս, որը ֆալ ա բաց անում, որը բերնին զոռ տալիս՝ որ էս անիրավի սիրտը շահվի, գինի խմիլն էլ հո նոր են սովորել՝ էլ ի՞նչն ա պակաս։ Աստված ոչ շհանց տա, մենք էլ ձեռըներս դոշըներիս պետք է սաղ գիշերը նրա առաջին կամ չոքենք, կամ կանգնինք, որ քեֆը տեղը գա։ Էսպես ընչանք նրանց մեր հասարիցը դուս ենք ուղարկում, մերը մեզ ա հասնում։ Շատ անգամ վարդապետ էլ են թրատում։

Ախր մեզ որ է՛ս են անում, ձեզ ի՞նչ կանեն․ համբերությունը կյանք ա։ Կարելի ա, որ մեկ օր Աստծո ողորմության դուռը բացվի, կամ էն ա, բոլորս էլ կկոտորվինք, կամ թե չէ մեկ ճար կըլինի մեզ։ Քրիստոնեն թրով չի պետք է իր բանը յոլա տանի։ Էսպես արեց էն մեր գեղցի հիմար Աղասին էլ, որ խեղճ քանաքռցիք էնքան ջառըմա տվին, ու հալևոր հերն ու գեղի քեդխուդեքը՝ էս ա հինգ տարի ա, բանդումը քոթուկում չորանում են, ու Աստված գիտի՝ թե վերջըները ի՞նչ կըլի, ո՛չ Մելիք Սահակի խոսքը, ոչ կաթողիկոսի մեկ օգնություն չարին, ինքն էլ գժի պես սարեսար ա ընկել, չափմիշ անելով, ճամփա կտրելով, ման ա գալիս, ով ա պիտում, թե ո՞ր քարի վրա գլուխը վեր կըդնի, ու ի՞նչ տեղ ղշերոց, գիլերոց կըլի։

Չէ՛, չէ՛, սիրելիք՝ քանի կարանք մեր գլուխը պահենք, հա կասեն, հա ասենք, չէ՛ կասեն, չէ ասենք, մինչև տեսնենք՝ թե բանն ի՞նչ տեղ կըհասնի։ Ասում են թե Ռսները էկել, Աբարան են հասել, ով ա խաբար, բալքի մեկ ումուդ ըլի․ Աստված նրանց թուրը կտրուկ անի։ Թե մեկ նրանց ոտը էստեղ կըմտնի, էն ժամանակը թող մեզ էլ տանին, մատաղ անին։— [1]Իրիգնաժամի զանգակը տվին, գնանք աղոթք անենք, հլա շատ կխոսանք։—Ա՜յ տղա, վեղարս տո՛ւր, մաշիքս դի՛ր»։

Իսկույն տիրացուն մաշիքը դրեց առաջին, մեկ սարկավագ էլ փիլոնը վերցրեց, տերտերներն էլ փիլոնները ուսըներին դռանը էնքան կանգնել մտիկ էին արել՝ որ աչքըները ջուր էր կտրվել։ Եպիսկոպոսը դուս էկավ թե

  1. [Պատարագի]