Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/293

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էր ծնում իր ինն ամսվա դառը ցավով պահած երեխեն, կամ թե չէ սաղ էլ որ ըլում էր, բարուրում, ուզում էր՝ որ կամ ինքն էլ մեռնի, կամ էրեխին հետը տանի, բայց անաստված ղզլբաշի թրի բերանը երկուսն ի միասին էր կտրատում, կամ բարուրը ձեռիցը առնում, կամ սպանում, կամ ջուրը քցում, կամ քարին տալիս, փչացնում։ Շատ հալևոր կամ պառավ՝ էլ որ կարողություն չէր ունենում, որ ոտը առաջ փոխի, մեկ քարի տակի նստում էր՝ որ բալքի թե գազանք գան, նրանց ուտեն, կտրատեն, գլխները բաց էին անում, լալիս, իրանց որդոցը օրհնում ու բարի ճանապարհ խնդրում, ու Արախլվի ոտներն ընկնում՝ որ իրանց էնտեղ թողի՝ հենց խոսքը բերններումն էին թրախորով լինում։ Էլ ո՛չ որդու ձեն էին լսում, ո՛չ թոռի։ Շատ որդի իր հալևոր հորը կամ մորը, շատ փեսա իր հարսին, կամ աները, շատ ախպեր իր քվորը՝ շատ ծնող իր երեխեքը՝[1] տեսնելով՝ թե էլ ջան չունեն՝ որ[2] շարժին՝[3] հենց որ շալակում, ուզում էին՝ կամ իրանք էլ մեռնին, կամ նրանց չթողան, մեկ էլ էն էին տեսնում, որ քամակները թեթևացավ, ու իրանց քաղցր բեռան արինը շլնքովը վեր թափեց։ Շատի բախտն էնքան բանում էր՝ որ թուրն իրանց էլ էր հետը տանում։ Բայց ա՜խ, ղորդ ա իրանք պռծնում էին, ամա իրանց քոռփա էրեխեքանց ցավը ով պետք է քաշեր։ Կամ անիրավ Տաճիկներն էին զավթում, կամ էստեղ էնտեղ սովամահ ըլում։ Բոբիկ ոտները քարերն էին ճղել, բաց գլխները արեգակն էրում խորովում։ Շատ մոր էրեխեն գրկից խլում, կտրատում էին՝ որ ծանր չգնա։ Ով երկինքը աչքը քցած՝ հանդարտ մտիկ էր տալիս, երկիրը բերանը փակ՝ ում տալիս էին՝ դեն էր քցում, ու մեկ բուռը հողի էլ ա չէ՛ր արժան տեսնում, վա՜յ նրան՝ թե որ կամ սելի ակն էր կոտրվում, կամ ձին սովի ձեռիցը բեզարում, կամ գրաստը ծարավիցը, շոքիցը թուլանում, վեր ընկնում, կամ իրան էլ անասնի հետ էին սպանում, կամ սել, մանր էրեխեք միջումը վեր ընկած, կամ քնած թողում, ու տիրոնչը թրածեծ անելով, առաջ քշում. ջանն ազիզ ա, բայց շատը գլուխը սելի վրա էր դնում, կտրիլ տալիս, մեռնում՝ որ իր ողորմելի զավակները չոլումը չթողա։ Ա՜խ, սիրտս արին ա դառնում, ձեռներս դող ընկնում, աչքերս սևանում, երանի նրան՝ որ էսպես բան ո՛չ տեսել ա, ոչ լսել. բայց մեր ողորմելի ազգը հազար անգամ ա տեսել։ Քար չկա մեր երկրումը՝ որ Հայի արին չըլի տեսած։ Ա՜խ՝ սիրելի Հայ՝ էս բանը լսելիս՝ ինչ ունիս, տուր, որ քո ազգը քիչ քիչ մեկ լավ օր քաշի։ Սրանք են՝ որ դռնե դուռը ման են գալիս ու ողորմություն են խնդրում՝ որ գնան իրանց գերիքն ազատեն։ Որդուտ նայի՛ր, Աստծուն փառք տո՛ւր՝ որ քո առաջին խաղում են, ու քո դուռն էկողի ցավն իմացի՛ր, որ տանից, տեղից ընկած՝ քեզ ա ապավինել։

Նրանց ուտելիքն էր՝ խոտը, ծառերի կեղևը, թուփը, կամ իրանց սատկած տավարի միսը, չունքի մորթել չէ՛ր կարելի էսպես ժամանակին։ Մեկ արտ ռաստ գալիս, մեկ խարաբա գեղ մտնելիս՝ էնպես իմանում էին՝ թե դրախտն են գնում, չունքի լավ օսալ էլ մեկ բուռը ցորեն, կամ գարի ճարում էին, ու շատ անգամ հենց էնպես բովում, բոխվում, աղանձում

  1. [որ]
  2. [իր]
  3. [ուզում էին որ]