Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/298

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեղք ա էսպես բանը. մեր օրենքը չի հրամայում»։

Էս Հովակիմը, էս Լոռու, ձորերի Աստվածը, էս սարերի արծիվը, էս մեշեքանց ասլանը մենակ հերիք էր՝ որ մեկ քարի քամակից ձեն տալիս, կամ մեկ չոլում ռաստ գալիս, հարյուր Թուրքի լեղին ջուր կտրի, աչքըները սևանա։ Էն սևացած, արևի, անձրևի տակի մուր դառած՝ ունքերի տակիցը որ աչքը չէր ընկնում մարդի երեսի՝ էնպես էր իմանում, թե կայծակն ա խփում ու սար ու ձոր սևանում էր գլխին, գետինը պտտում, ու ինքը քար դառած մնում առաջին կանգնած։ Քանի քանի էսպես ղոչախ տղերք քամակին քցած՝ գիշեր ցերեկ՝ էս ահագին հսկայն վիշապի պես պտտում ու Լոռվա ձորերումը ու սարերի գլխին ղուշը երկնքիցը վեր էր բերում, ու ձիավորի ոտի իզը բռնած՝ ձորե ձոր ընկնում, ֆորսի քամակիցը հասնում, ու տասը ձիավորով հարյուր ձիավորի մեջը ճղում, ջախըփուրթ անում, ու էլի Թուրքերի օբեքանց միջովն անց կենալիս՝ մեկն էլ ա չէր սիրտ անում՝ որ աչքն էլ ա խեթի։ Ինչպես ինքն էր մեծացել, էնպես էլ իր բոլոր ընկերքը՝ ամեն մեկ տան հինգ վեց տղամարդ կար, զարթնե մեծն ու պստիկը ու սարի չայիր չիմանը, ծաղիկն, աղբյուրը, ձորի[1] քարն ու էրն էին նրանց ջանը, նրանց հոգին, նրանց կյանքը։

Տաք յորղան դոշակում, բուխարու[2] առաջի, շկոլում, կամ եկեղեցում չէին մեծացել, որ նրանց սիրտը կամ ահ ունենա, կամ թուլություն։ Շատ անգամ անձրև կարկուտ գալիս էլ՝ նրանք չոլումը, կամ սարումը քնած տեղը գլուխ չէին բարձրացնում, որ քունը չփախչի։ Նրանց բուխարին, նրանց փեչը իրանց տան մեջտեղն էր, ուր տեղ որ երկու, իրեք ահագին ծառ իրար վրա քցած, առավոտից մինչև մութը էրվում ա ու իրանք էլ դռները բաց շատ անգամ շապկանց, գլխաբաց կրակի չորս կողմը կտրում, խմորը գունդ են անում, միջումը թխում, միս են խորովում, հաց են ուտում ու իրանց ձորերի պատմությունն անում, ու որդին հոր ճտովն, ախպերը քվորը խտտած անմեղ գառի պես բոլորեշուրջ վեր թափում քնում։ Մեկ ղալմաղալ ընկնելիս՝ իրանց ապրանքը, օղլուշաղը տանում էին էնպես քարափների, էրերի մեջ պահում, որ ղուշը սիրտ չէր անիլ մոտ գա։ Հազա գազ բարձր, սուր քարափների դոշին, որ մարդ մտիկ անելիս՝ աչքը սևանում էր, սրանք էնպես էին ման գալիս, էնպես էին էս քարափի ծերիցը էն քարափի ծերին թռչում, որ հեռըվանց տեսնողն էլ մնում էր քար դառած, աչքերը կալնում էր ու դուզ գետնի վրա չէր կարում ահիցը կանգնիլ, նստում։[3] Տավար, ոչխար, իլխի մեշեքն էին քշում ու իրանք թվանքները ուսներին սար ու ձոր ոտի տակ տալիս։

Ախ՝ ի՞նչ տեղ են կենում, որ էսպես չանեն, էս սիրտը չունենան, վարժատան չէին՝ մեռած բառով, անհոգի շնչով՝ թույլ լեզվով լսել՝ թե Հայք էլ վաղ թագավորություն ունեին, որ կամ չհավատային, կամ քունները տաներ վարպետի անսիրտ պատմության վրա։ Ամեն քար նրանց համար գիրք ու ամեն ապառաժ նրանց համար պատմություն,

  1. [խոտն ու]
  2. բուխարի = բուխարու
  3. [էր]