Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/299

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ամեն հին բերդ, քանդված մատուռ կամ եկեղեցի, որ սար ու ձոր լիքն են էստեղ, նրանց համար կենդանի վարժապետ։ Ամեն գերեզման, ամեն արձան նրանց համար կենդանի վկա ու պատմագիր։ Լոռվա անառիկ բերդը, Սանահնա ու Հախպատի վանքերի պատերը, տաճարները, սրահները՝ նրանց համար վարժատուն։ Իրանք ղորդ ա, կարթալ չեն գիտիլ, ամա սրտներումը երկաթի պես ա գրված՝ թե էս է՛ն սուրբ հողերն են, էն սուրբ դաշտերն են, որ մեծն Շահն շահ Աշոտ Բագրատունի, Սմբատ.... Զաքարե սպասալար, Արղությանց Երկայնաբազուկ նախնիք, Հովհան Օձնեցի իմաստասեր, Հովհան Երզնկացի՝ արծվի պես խոյանային, առյուծի պես մռնչային ու[1] հրեղեն սերովբեի ու քերովբեի պես՝ թուրը ձեռն առած՝ երկրումս Օմարի, Հոնաց, Ջինգիզխանի, Թամուր-լանգի հոգին քաղեին, երկնքումը իրանց համար անմահության բրաբիոն, անթառամ պսակ պատրաստեին։ Նրանց ծնկները սրանց գերեզմանի վրա չոքում, նրանց երեսը սրանց սուրբ հողին ա քսվում, նրանց ոտը սրանց երեսին ա կանգնում, նրանց արտասունքը սրանց հողի հետ ա խառնվում։ Նրանց սերմը սրանց հողիցն դուս գալիս՝ իրանց պահում։ Նրանց տան հիմքը սրանց գերեզմանի վրա շինած։ Նրանց մեռելը սրանց միջումը պարկած։

Քնից են վեր կենում, սրանց գերեզմանը տեսնում.
Թե քուն են մտնում, սրանց երազում տեսնում.
Թե օրթում ուտում, նրանց անունը տալիս,
Թե ճամփա գնում, նրանց աղոթքն հիշում։
Թե կռիվ անում նրանց հիշում, հաշտվում։
Օ՛վ սուրբ լերինք, ձորք, Հախպատ, Սանահին,
Ձեր սուրբ դաշտերումը, սարերի գլխին.
Հազար արձաններ անմռունչ կանգնին։
Կենդանի լեզվով խեղճ անցավորին
Կանգնացնեն, ասեն, էլ լռվին կրկին։
«Լա՛ց քո տարաբախտ արևդ ու օրերդ,
Լա՜ց քո խեղճ գլուխը՝ բա՛ց էդ ձեռներդ։
Տո՛ւր հոգիդ անտեր, ողորմելի Հայ,
Էլ ո՞ւր ես գնում, գլխիդ չտալիս վա՜յ։
Կա՛ց, մեռի՛ր էստեղ՝ թո՛ղ քո ոսկերքն էլ
Էս սուրբ հողումը կարենաս թաղել.
Որ մարմինդ էլա էս աշխարքումը
Քո թագավորաց հետ ու միջումը
Էստեղ դինջանան, չունքի քո աչքը
Կարոտ մնաց, տեսնի քո ազգի փառքը
Նրանց սուրբ հողն էլա թո՛ղ երեսդ ծածկի.
Նրանց[2] կոխած թուփը քո գլխիդ ծաղկի։
Թողե՛ք սրբազան նախնիք մեր հզոր,
Ձեր սուրբ երեսին զոհ լինիմ մեկ օր.

  1. [հրեշ<տակի>]
  2. [պահած]