Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/30

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է մտիկ անես՝ որ ժամավորները գան, ողորմի Աստված ասեն, որ բալքի թե աչքդ մի բան տեսնի։ Մարդի աչքը ջուր ա կտրում, լերդը չորանում։ Էս օր էլ հո մատաղ չեն մորթել ու ժամի դռանը բաժանում, որ հա թե մտիկ էլ անես, էլի աչքդ մի բան տեսնի, բերանդ մսի համ, քիթդ մսի հոտ առնի։ Տերտերների գլուխն էլ հո՝ էս օր լավ տաքացած, ի՞նչ են մտիկ անում՝ թե գելը ոչխարը տարավ։7) Էլ տուտը չեն կտրում, լավ, օսալ մի քիչ ոտը բարձրացնում՝ որ աղունը շուտով վեր գա, ամեն մարդ իր տուն գնա։ Էլ չեն միտք անում՝ թե էս օր ի՞նչ օր ա։ Էս կարգ դնողին ի՞նչ ասեմ․ նրա հորն ողորմի, ինքը հացի տեղ խոտ կըլի կռծած՝ բա՜ս․․․ Փորս վեց վեց անում, ղլվլոց ա ընկել՝ էլի հա կա՛ց ու գլխիդ վայ տո՛ւր, թե ժամը պետք է արձակվի, որ փորիդ արքայություն ըլի»։

«Տո խա՛նի խարաբ՝ ի՞նչ էլավ քեզ՝ մի քիչ որ համբերես, լեզուդ քեզ անես, լավ չըլի՞լ․ ի՞նչ ես առավոտ առավոտ էլ բերնիդ կապը կտրել, հո կրակ չի՛ ընկել փորդ ու քեզ էրում, խորովում, ասեց մերը բարկանալով, հո աշխարքը տարան ո՛չ, դու մնացիր։ Մենք ջա՞ն չունինք՝ մեզ Աստված չի՞ ստեղծել, հողի՞ցը դուս էկանք։ Պա՛ պա՛ պա՛ պա՛... էս ժամանակիս տղերքը՝ հենց սալթ գժվել, կապովի են դառել։ Ո՛չ մեծի պատիվն են ճանաչում, ո՛չ հավատի գինը, ո՛չ ժամի, աղոթքի զորությունը։ Էս ա, որ Աստված մեր գլխին բարկացել, ամեն կողմից մեզանից զուլումը պակաս չի ըլում՝ է՜։ Ամենն էլ իրանց ձին են քշում։ Էրեկվան երեխեն էլ դեռ ոտը չի էլած, ոտն ա բարձրացնում, հո Աստված չի՛ վերցնիլ։ Վեր կացար տեղիցդ, տո մեկ հլա Աստծուն փառք տո՛ւր, երեսիդ խաչ հանիր, հոգիդ միտքդ բե՛ր ու եդո ուզածդ արա՝ է՜ հո ճաքեցիր ոչ։ Տա՛, տա՛, տա՛... Աստված ազատի էս ժամանակվա երեխեքանց ձեռիցը, որ թողաս, աշխարք կըքանդեն։ Լավ ա, որ Աստված էսպես անօրեն բանին համբերում, ես ըլիմ, չեմ համբերիլ»։

Աղասին հնազանդ որդի էր։ Ղորդ ա մորը ոչինչ չասեց, լռվեց, բայց ասածը մեկ անկաջովը մտավ, մյուսովը դուրս է լավ։ Ոտի տակին կրակ էր վառվում․ սիրտն ուզում էր բերնովը դուս գա։ Գեղումը մեծացած ռամիկ տղա՝ հազարից մեկ անգամ ժամի երես չէ՛ր տեսել, մեզի ձեն չէ՛ր լսել, կոխքերն ու գլուխը չոլում, սարում հաստացրել։ Մեկ Զատկին, մեկ էլ ջրօրհնեքին՝ սատանի աչքը քոռ՝ ղորդ ա, զանգակի ու պատարագի ձեն իմանում էր, բայց վա՜յ էն իմանալուն, ո՛չ սրտին էր քյար անում, ո՛չ ջանին։ Նրա համար ժամն ու գիլի հարսանիքը մեկ էր․ ո՛չ բառն էր իմանում, ո՛չ զորությունը, ծունր դնելիս, կամ չոքելիս էլ մեջքն ու ոտներն էին ցավում․ ծալապատիկ նստում էր, բեզարում էր, ոտի վրա կանգնում էր, չէ՛ր կարում համբերի։ Շատ անգամ ճարը կտրում էր, դուս էր գալիս ժամի հայաթը, մեկ գերեզմանաքարի վրա նստում, մեկ կուշտ քնում, էլ եդ ներս մտնում։ Շատ անգամ էն վախտին էր ժամ գնում, որ ամեն բանը կերել պրծել Օրհնյալ եղերուքն էին ասում։ Ո՛չինչ․ մեկ էրկու խաչ էր հանում երեսին, ժամի դուռը պաչում, եդ դառնում։ Սաքի մենք է՞նպես չենք անում, կոպիտ գեղըցու վրա ի՞նչ ենք զարմանում, կամ ծիծաղում։ Գրի սևն ու սիպտակը հո՝ էսպես տեղը տերտերներն էլ բռանց էին ջոկում,8) ավետարան կարթալիս՝ հազար անգամ՝ յա չեշմակը (գյոզլուկը) դզում, յա տիրացվի, մղդսու վրա բարկանում, յա գրակալը դոշըներին քաշում, յա