Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/307

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սարվազներովը, Ջաֆար խանը, Սարդարի մեծացրած փեշղսմաթը (փոքրավորը) իր ղոնշունովը՝ Հայերին ինչպես մեկ սուրու ոչխար մեջ արած՝ ծեծելով, ջարդելով՝ սկսեցին առաջ խաղալ։ Քաջածաղիկ պատանին Վարդան՝ որ հինգ սհաթումը քառասունից ավելի մարդ կամ սպանել էր, կամ յարալու արել, որ արծվի պես էս կտրից էն կտուրն էր ընկնում, ու որին բարութ, որին սիրտ տալիս՝ մխիթարում, լեղապատառ վազեց, հոր անկաջը մտավ ու լացակրկնած՝ մազերը պոկելով, հորը ցույց տվեց, ճտովն ընկավ, երեսը համբուրեց, ոտները պաչեց, որ չունքի մեկ օր պետք է մեռնեին, թո՛ղ էս օր մեռնեին. սել ու տուն կրակ տային, օղլուշաղներն էրին ու իրանք ընկնեին թշնամու մեջը, որ որտեղ թուրը կոտրվեր, բարութը հատներ, իրանք էլ էնտեղ նահատակվեին,[1] որ իրանց ազգի վրա ո՛չ թուր քաշեն, ո՛չ թվանք[2] քցեն։

«Ամեն մարդ իր գլխի տերն ա», գոռաց էս անսիրտ հալևորը էնպես՝ որ աչքերիցը կրակ էր վեր թափում.— «ընչի են էսքան խղճացել, որ իրանց թուրը իրանց սիրտ են կոխում։ Մարդ որ իր տանը, իր աշխարքին մուղայիթ չի կենա, իր հողի ղադրը չգիտենա, մեռնի մեկ օր առաջ, լավ ա, քանց սաղ մնա. հողն էլ ա հո կդինջանա։ Նրանք էն վախտը կըլին մեր ազգը, Հայ քրիստոնյա, որ թե էս սհաթին դոնմիշ կըլին ու համ իրանց կազատեն, համ մեզ քոմակ կանեն։ Գլխիցս ձեռք վերցրու, դու դեռ ջահել ես, հալա մեծացիր եդո ինձ խրատ տուր։ Աշխարքը դեռ փակ ա քո աչքին»։ «Հայր, Հայր, նրանք ի՞նչ մեղավոր են, գլխիդ մեռնիմ — էդ սիրտը մի՛ ունենար, մեր ազգին խեղճ արի, թող մենք մեռնինք, նրանք ապրին։ Մեր օղլուշաղը մեր մոտին ա, նրանցի աչքը ճամփի, մի՛ անիլ»։− «Ձեռք վերցրո՛ւ ասում եմ՝ հրես էկան։ Տղե՛րք, էլ մե՛ք մտիկ անիլ»։— «Աղա ձեր ազգն ենք. Աղա քո արևի սադաղին՝ ամեն մեկս տասը, քսան գլուխ քյուլֆաթ տանը վեր ածած թողել, էկել ենք, թրով են բերել, մենք չէինք գալիս։ Աղա՝ գլխիդ ղուրբան՝ տեսնում ես, որ մեզ զոռով կրակն են ածում, յա բաց արե՛ք ձեր սանգարը, որ մենք էլ ձեր մեջը գանք, ձեզ հետ թուր տանք, մեր օղլուշաղի տերն էլ Աստված. յա՛ թող Հայի թրով մենք չմեռնինք։ Մեզ մորթի՛ր, գլխիդ մեռնիմ, չէ՛ մենք էլ քո ազգն ենք. մեկ ավազանում ծնված, մեկ խաչի պաշտող։ Մեզ ջուրն ածի՛ր, խեղդի՛ր, մեզ մի՛ սպանիր, մեր դառն օրը մեզ հերիք ա։ Մեր փրկիչն էս օր դու, դու ես։ Թուր էլ ունինք, թվանք էլ՝ ամա հազար թուր մեր գլխին սրած, հազար գազան չորս կողմերս բռնած։ Ի՞նչ անենք, ո՞ր ջուրն ընկնինք»։−

Ամպերն սկսեցին սարերիցը գոռալով բարձրանալ, երկինքը երեսը եդ դարձրեց, արեգակը աչքը խփեց։ Արին էին ուզում Հայոց հսկայքը պրծացնիլ, իրանց ազգի արինը պետք է թափեին․ հազար մարդ էին ուզում պահպանիլ, հինգ հազար ջիվան տղերք սրախորով անել, տասը հազար մանր երեխա, մեծ, պստիկ, անհեր, անախպեր թողալ։ Մեկ գեղ էին ուզում[3] շինիլ, մեկ սաղ աշխար քանդիլ։ Իրանք բոլոր մեռնեին, եդի եկողները կասեին՝ թե թշնամին նրանց կոտորեց, բայց թե իրանք իրանց ազգի վրա սուր քաշեին, հազար բերան ազգե ազգս պետք է նրանց անիծեր՝

  1. [ու]
  2. [բռնեն]
  3. [պա<հել>]