Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/31

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գլուխ, երես գրքի միջումը կորցնում, մեկ պստիկ մոմ էլ ձեռներն առնում, յա մոնթի գլխին խփում՝ որ մոմը դուզ բռնի։ Շատ անգամ էլ որդիանց որդի մեկ փիս, անմարս, դժար՝ ատամ, գլուխ կոտրող բառ էլ որ չէր ռաստ գալիս,9) հենց գիտես՝ թե սատանի թամքը կորավ, շաա կռանալուցը, մոմը մոտ բռնելուցը, յա գիրքն էր էրվում, յա նրա միրուքը։ Ամա էսպես բառեր վարավուրդ էին արել, մոտանալիս՝ կամ գլխովն էին պատում, կամ մեկ գիրն ասում, մյուսը կուլ տալիս՝ յա թե չէ՝ սխ կարթալու տեղ սոխ կամ սխտոր ասում, ղս ասելու տեղ՝ ղսրախ,10) ու ժամօրհնողն էլ՝ յա չոռ էր ասում, յա չէ՛ լսում։ Մեկ գիր պակաս ժամանակին հո՝ Աստված հեռու տանի, ժամ ու ժողովուրդ, տերտեր, տիրացու իրար գլխով էին դիպչում ամեն բերնից էնպես մեկ խոսք էր դուս գալիս, որ զուռնի փոխանակ՝ դափ էին ածում, մմի տեղ ցխավելը՝ յա քշոցը կարդացողի ձեռը տալիս, տպողին օրհնում, կազմողին գովում, ու գեջգանգեջ պրծնելիս՝ Աստծուն էնքան իրանց հոգու համար շնորհակալություն չանում, որքան գրքից ավետարանից ազատվելու խաթեր։ Թե մեկ վարդապետ էլ պատահում էր էսպես վախտը, Աստված հեռու տանի, էշը մնում էր ցխումը խրված, կարդացողի ոտն ու ձեռը դող էր ընկնում, լեզուն կապվում։ Չէ՛ զարմանալու, ի՞նչ անեն խեղճերը, գեղերումը վարժատուն չունին, քաղաքներումը օրինավոր վարժապետ ու շատի փորում հինգ օր ման գաս, մեկ այբի կտոր չես գտնիլ։ Է՛ն էլ շատ ա, որ իրանց ջուրը ջրամանիցը հանում են, իրանց բանը յոլա տանում, ժամի կարգը կատարում։ Ամենս էլ լավ գիտենք՝ թե ում մեխքն ա, ամա հիմիկ խոսալու վախտը չի, եդո կասեմ․ ի՞նչ ասեմ, իմացողն իմացավ ու անկաջի տակն էլ բալքի քորեց, բայց անկաջի աակը քորելով՝ փոր չի կշտանալ, լավ է մեկ օր առաջ իր բանը կարգին բռնիլ ու չասել «էքուց, էքուց»․ էքուց էլ էս օրվանից ա, ընչանք էքուց, էլօր քցենք մեր բանը՝ գելը սուրուն կը տանի, ով անկաջ ունի, լսի, թե չէ ոտը քարին կառնի։

Մեր Աղասին, բացի սրանից՝ ղորդ ա, տարին իրեք, չորս անգամ սրբություն էլ էր առնում, խոստովանվում, պաս ու ծում պահում, Զատկի մատաղին ընկեր ըլում, խունկ ու մոմ վառում, իր մեխքր բոլոր տերտերի վիզը կապում, ինքը բերանը սրբում, ձեռները լվանում, ղրաղ կանգնում, բայց էս պարտքիցը պռծածին պես՝ Քրդի ասածին պես՝ «էլմը զեն կիկոն էր, էլմը զեն կիկոն»։ Էլ էն ջուրը, էլ էն ջաղացը, ո՛չ ղուղն էր բան մտնում, ո՛չ բերանը լազաթ առնում։ Շատ անգամ ժամի ճամփեն էլ էր մտքիցը քցում, խունկն ու մոմն էլ։ Էս մեկ ադաթ էր․ աչքը բաց էր արել, էնպես էր տեսել, թե հինգ նավակատյացը միս չպետք էր կերած, ժամ գնացած, ծում պահած, սրբություն առած, պատարագ արած, հոգո հաց տված, գերեզմաններն օրհնած, ուրիշներն անում էին, ինքն էլ էնպես էր անում, աղքաաաց կերակրում, շատ անգամ քահանա, խալխ կանչում ու իրանց ննջեցելոց հոգիքը հիշում։ Բոլոր բոլոր հիանալի սովորություններ էին, աննման օրենք, սուրբ Աստվածապաշտություն և մարդասիրություն․ Աստված տա, ամեն ազգ էս բարեգործությունները ունենան, որ մեր ընտիր Հայերն ունին, ամա Աղասու ջիգրը հենց էնդուր վրա էր շատ անգամ գալիս՝ որ ինչ անում էին, խելքումը չէին նստացնում, թե բանի