Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/32

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

զորությունն ի՞նչ ա։ Հանդն էր դուս գալիս․ իր մասիլն ու պտուղը, դաշտերի ծառն ու ծաղիկը, երկնքի պայծառ արեգակի, լուսնի, աստղերի լիսը տեսնելիս, նրա հոգին վերանում էր, խելքը թռչում, շատ անգամ աչքերը ծով դառած՝ տեղն ու տեղը մնում կանգնած․ հենց իմանում էր՝ թե իրան դրախտը տարան։ Ձեռները քցում, գլուխը բաց անում, երեսը մեկ երկինքը, մեկ երկրի վրա գցում, հոգոց հանում ու ցանկանում էր՝ որ ձեն տա։ «Ա՜խ՝ ո՞վ ես դու՝ ո՞վ, յաբաղանիդ ղուրբան՝ Աստված, որ էսքան բարիքը ստեղծել ես մեզ համար։ Ա՜խ՝ ընչի՞ չես քո սուրբ երեսը մեկ օր մեզ ցույց տալիս, որ ոտներդ ընկնինք, մեր սիրտը, մեր հոգին քեզ մատաղ տանք։ Թե ասեմ երկիրն ա մենակ գեղեցիկ, հազար ծաղիկներով, բուսով զարդարված, բաս երկինքը ո՞ւր թողամ, որ ցերեկը ինձ լիս ա տալիս, հանդիս պտուղը հասցնում․ գիշերը մութն իմ աչքիցս հեռացնում ու էնպես չադրի պես գլխիս վրա կանգնած՝ անձրև, արև տալիս, որ ես ապրեմ, որդիքս պահպանեմ, աշխարքի պետքը գամ՝ որ մեռնելիս էլ՝ գան հողիս վրա, ինձ մեկ դատարկ ողորմի ասեն։ Ա՜խ՝ երկնային թագավոր Աստված՝ քանի աչքս բաց եմ անում՝ էս քո արարածը տեսնում, սիրտս կրակ է դառնում, աչքս ծով, բերանս լռվում, մնում եմ տաքացած, ջեռուցած, բայց ա՜խ՝ ոչ էս կրակն ա ինձ էրում, ո՛չ էս ջուրն ինձ խեղդում։ Աչքս մոլորված էս թփից էն թուփ, էս սարից էն սարն ա ընկնում՝ ծառի տակին ասես, սարի գլխին ասես՝ մտիկ անելով աչքս շաղվում, ջուր ա կտրում։ Հենց գիտես մեկ ձեն, մեկ թև, մեկ աներևույթ հոգի՝ տերևները խշշալիս, շաղը երեսիս թափելիս, ամպը գոռալիս, անձրևը գալի՝ ինձ ձեն ըլի տալիս, ինձ ձեռով ըլի անում, ինձ վրա խնդում՝ թե վայելիր էստոնք՝ հողածին մարդ, բարի կա՛ց, բարություն արա, արարչիդ մեծությունը և խնամքը ճանաչիր, ծառի պես պտուղ տո՛ւր, ծաղկի պես հոտ, սարի պես աղբյուր, դաշտի պես մասիլ, երկրի պես հաց, երկնքի պես լիս, վայելի՛ր Աստուծո բարությունը, ուրըշին էլ փայ տո՛ւր․ աղքատ տեսնելիս՝ կերցրո՛ւ, կշտացրու, ղուշը վրովդ անց կենալիս, կանչի՛ր, կուտ տո՛ւր, դու առատ ձեռք ունեցիր, որ առատ առնիս ու բախտավոր ըլիս։ Ա՜խ, բոլոր կանեմ, կյանքս ուզեն, չե՛մ խնայիլ, բայց ի՞նչ կըլի, տե՛ր իմ և Ա՛ստված ջան՝ էս հոգին մեկ օր էլա՝ մի ինձ երևի, որ էդպես կարոտ չմնամ, չէրվիմ, չմաշվիմ նրա աննման սիրով։ Երազումն էլ ա, որ մեկ նրա պատկերը տեսնեի, սրտումս դարդ չէր մնալ, էսքան չէի հասրաթ ըլիլ ու տանջվիլ։ Թե դու ես նրան ուղարկում՝ ո՜վ տեր իմ և Արարիչ՝ ինչի՞ չես հրամայում, որ մեկ օր, մեկ օր, ա՜խ՝ մեկ րոպե էլ ա, մեկ աչքս բաց ու խուփ անելիս էլ ա, նա մի աչքովս ընկնի, նրան տեսնիմ, սիրտս հովանա ու էլի նրա ասածն անեմ, բերնիս թիքեն հանեմ, ուրըշին ուտացնեմ, հաքիս շորը հանեմ, ուրըշի լաշը ծածկեմ, որ հորնը մորս սիրտն էլ ուրախանա, ասեն թե՝ Աստված իրանց բարի զավակ ա պարգևել՝ որ իրանց խրատը գետնին չի քցում, իրանց բարի ճամփին ա հետևում, իրանց ասածն անում»։

Հանդը դուս գալիս՝ մեր բիրդ Աղասին էսպես էր մտածում ու սիրտն էրվում, ժամիցը գալիս՝ փառք էր տալիս Աստուծո՝ որ շուտ արձակվեցավ, ինքը տուն էկավ՝ որ մի քիչ դինջանա, ու գնա հանդը՝ որ էլի սիրտը