Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/328

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԳԼՈՒԽ ԵՐՐՈՐԴ

Լսողը կամ կարթացողը կըլի որ չի՛ հավատա, թե մարդ էսքան անօրենություն, չարություն կարող է անիլ։ Թե Պարսիկք փոքր միջոցի էսքան զորություն ինչպես ստացան․ թե Հայք՝ որ ի բնե անտի[1] ամեն տեղ հայտնի են իրանց մարդասիրությամբը, աշխատասիրությամբը, երկրագործությամբ, հանդարտ բնությունովը, երկիր շինելու, քաղաք պայծառացնելու և ոչ քանդելու հոգս ունին, ինչպե՞ս տարան էսքան թշվառությունը, ինչպե՞ս հանկարծ էն հոգին ստացան, էն քաջությունները, էն տղամարդություններ արին՝ որ պատմության միջումը ոչի՛նչ տեղ, ոչինչ ազգի միջում էսպես օրինակ չկա, չկա։ Սաղ Պարսկաստան պոկ էր էկել, սաղ Կավկազ դոնմիշ էլել, Էրակլի որդի Ալեքսանդրեն՝ որ Վրաստան առնելուցը ետը փախել Պարսից ոտն էր ընկել, հարիր անգամ գրով, մարդով գլուխը քարեքար տվել՝ որ իրան աշխարհը էլի ձեռք բերի՝ էլ սար չէր մնացել, որ անց չկենա՝ էլ օր չէր մնացել որ Շահին չխնդրի, իր երկիրն ազատի ու սաղ Կավկազ ինչպես առաջ՝ իրան ճորտ շինի։ Լազգի, Չաչան, Չերքեզ, Ղազախ, Բոռչալու, Շամշադին, բոլոր Կասպից գավառները ձեռըները հինա էին դրել, թև էին առել որ թռչին, Հայ ազգին յա կրակ էին խոստանում, յա սուր, յա կոտորում, յա թալանում. ինչքան թույն ունեին, Հայի գլխին թափում, յա մեծություն, պատիվ, իշխանություն խոստանում, ֆարման ֆարմանի վրա էր Շահից, սարդարից Հայերի վրա գալիս, բայց նրանց արդար սիրտը, նրանց հաստատ սերն ու ջերմեռանդությունը որ Ռուսաց տերության հետ ունեին, էն ժամանակն էլ նրանց չթողեց, երբ թուրը գլխըներին խաղում, որդի ու զավակն դոշըներին, առաջներին սուրն էր քաշվում, յա կրակում, խորովում։

Թե մենք լսենք, թե բազի անաստված, անօրեն հոգի չուզելով որ Հայի աչքումը լիս ըլի, չամաչի էստեղ, էնտեղ գրքում կամ կազեթում, Հայի միսը ծամի, քարինք կաղաղակեն, սարերը կվկայեն, ու ամենաողորմած կայսեր հրովարտակներն ու շնորհակալությունն, խաչերն ու նշաններն, թոշակն (պենսիա) ու պարգևներն՝ որ շատ անգամ մինչև եդին գյուղացին էլ ստանում էր, թող սուր դառնան էնպես կույր աչքը մտնին՝ որ Հայի ղադրը լավ իմանա և մեր արածը մեր[2] տերության առաջին չսևացնի իր սև հոգովը, իր անհոգի շնչովը։ Թե մարդասեր, անաչառ և ո՛չ հայատյաց Եվրոպացի ոք ձեռք կտա Վրաստանու պատմությունը գրելու՝ որքան Ռուսի ձեռի տակն ա ընկել կարծեմ որ թղթի երես անց չկենա՝ որդեղ Հայի անունն ու քաջությունը, հավատարմությունը ու սերը արեգակի պես լիս չտա։ Հայք էրծաթի, ոսկու և հարստության հետ միայն

  1. [հանդ<արտ>]
  2. [կայ<սրությունը>]