Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/334

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իրան ձեռովը կրակ տվեց, ու սկսեցին լալով, սգով իրանց քաղցր, ազիզ սիրելյաց գերեզմանին[1] համբուրելով, բարով մնա ասելով՝ թոփի[2] մեջն ընկնի,— Դվալու սարն անց կենալ՝ էս կողմը։ Դեռ կիսաճամփի էինք՝ որ Նազի Խ<անը> իր ղոնշունովն էկավ Ղարաքիլիսեն մտավ ու սարի դոշիցը ամեն մարդ իր տան ծուխը տեսնելով՝ քթի ծուխը դուս գալիս, ու աչքը խփում էր՝ որ էս կսկիծն էլ ա չտեսնի։ Քոչվորի մեկ տուտը Ջալալօղլի էր հասել, մյուսը դեռ էն կողմն էր։ Թուրքերը ջամդաքակեր ագռավի պես գլխըներիս պտիտ էին գալիս ու սարից ձորից թվանքները կրակում։ Էն օրը գնա, ո՛չ ես գա, ինչ մեր հալն էր։ Լացի ու սգի ձեն անկաջ էր տանում։ Սաղ դաշտ ու ձոր լցվել, խալխը իրար վրա էր թափել, ո՛չ տուն կար, ո՛չ տեղ։ Ով բարեկամ կամ ծանոթ ուներ Լոռի, գնաց նրա մոտ, ով հարուստ էր, գլուխը պահում էր։ Ով մեկ Աստվածասերի ռաստ էր գալիս գեղարենքումը, իրան քյուլֆաթին մեկ տաք գոմ էլ ա ճարում էր. ով չէ՝ սարում, ձորում, էրում, քարափում բուն էր փորել ու իրանց գլուխն ու մեջքը քարին տվել։ Լոռվա ձորի մեջը, գետի ղրաղին՝ էս գլխիցը մինչև էն գլուխը խալխը էր՝ որ իրար վրա վեր էր թափել։ Շատը հողը ծակել էին, մեջը մտել, շատը փետեր իրար վրա տվել, տա կին կուչ էկել, բայց հաց որդիա՞նց ստանային։ Հացի կոտը դառավ օխտը, ութ մանեթ. բայց էնքան հաց ո՞վ կտար, էնքան փող ո՞վ։ Սարերումը էլ բանջար, խոտ չէր մնացել, քաղել, կերել էին։ Ձուկը բռնելով, ֆորս անելով ինչպես կարելի էր տուն պահել, որ քչիցը ամեն մեկը տասը ջան կըլեին, էլ սատկած տավար չէր մնացել՝ որ չեփեն, չուտեն։ Տավարն էլ ուտելիք չուներ։ Շատ հեր, ախպեր, հարիրավոր, հազարավոր՝ երեխի, քոռփի ձենին էլ չդիմանալով՝ գլխըները փեշըներն էին դնում, տասնով, քսանով էլ եդ թաքուն Փամբակ գնում՝ որ հաց բերեն, բայց ա՜խ՝ հազարիցը մեկը սաղ եդ չէր գալիս, ու եթիմները՝ թողում դուռն երեսին հետ արած։ Ձմեռն էլ էկավ, վրա հասավ։ Մարդ, տավար, անասուն սովի ձեռիցը ազար ընկավ ու Աստված հեռու տանի, ինչ էս անճարների հալն էր։ Քար էր՝ որ գերեզման էր դառնում, հող էր՝ որ ջիվան, ջիվան երեխեք իրեք, չորս օրով սոված, թաղաթը կտրած՝ տակովն անում։ Մեկ հացի ֆոտ դուս գալիս՝ հազար աղքատ շլինքը ծուռը դուռդ կտրում, չտայիր՝ սիրտդ էր էրվում, տայիր, երեխեքդ մնում սոված, կարոտ էինք մնացել՝ որ մեկ օր ցամաք հաց էլ ա ունենանք։ Ով ինչ զարդ, շոր, արծաթեղեն կամ մարգարտեղեն ուներ՝ որը՝ ծախեց, որը գրավ դրեց, շատը որդիքը տարան Շուլավեր, Բոռչալու եսիր տվին։ Իմ տան տերը դերձիկ ըլելով՝ որ գնում չէր, բանում ու մեկ երկու շաբթից ետո մեզ համար հաց բերում, հենց իմանում էինք թե հրեշտակ ա[3] երկնքիցը վեր գալիս։ Էսպես հազարավորք մեռան, սովամահ էլան ու շատ փայն էկան, ընկան Վրաստանու հողը ու գլխըները պռծացրին։ Էսպես ա հայն իր խեղճ օրը հազար տարի պահել, իրան էս տեղը հասցրել։ Մեկ թշնամի ոտը բարձրացնելիս նրա

  1. [բա<րով>]
  2. [չորս]
  3. հրեշտակ է = հրեշտակ ա