Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/340

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չէ որ ես բերիլ տվի, ո՛չ դուք կպրծնիք, ո՛չ նրանք, քյաբ ու ղոռանով, Շահի գլխովը օրթում եմ ուտում։ Գնացե՛ք, էսօր կգան, ազատ էք, էգուց կգան, նմանապես։ Ձեր ու ձեր խալխի կյանքը նրանցից ա կախ։ Թե գան, բալքի թե սիրտս ռահմ ընկնի, բարկությունս անցկացած ըլի, նրանց չսպանեմ, միմիայն պատժեմ, որ ուրշներին խրատ ըլի։ Սար ու ձոր առաջիս դողում են, նրանք պետք է ինձ դեմ կենան, երես եդ դարձնեն։ Գնացե՛ք, ձեր գլուխը լաց էլե՛ք»։ Խ<անը> Ս<ահակ> Ա<ղեն> վեր կացան, աթոռի ոտը համբուրեցին, ու հազար անգամ գլուխ տալով դուս գնացին։

Բանդը բաց արին ու մեր խեղճ քեդխուդեքը մտան ներս,դգուռը փակեցին, աչքըները բաց արին։ Թագուհին էլ էնքան գլխին, ոտին տվել, երեսը չանգռել էր՝ որ Սարդարի մոտ չկարացին բերել, Սվանղուլի Խ<անը> տարավ իրան տունը, որ նրա հոքսն էլ քաշի։

Բայց ինչ մեր Աղասու հալն էր, Աստված ո՛չ շհանց տա։ Ձեռք ու ոտք կապած, դժոխքը փորումը, սադայելյան չար հրեշտակները գլխովը պտիտ տալով՝[1] Զանգվի վրովն անցկացրին և հենց բռնես սար ու ձոր բերանները բաց արած՝ նրանց ըլին կուլ տալիս, էնպես փախցրին նրան ընկերքը։ Շատ տեղ թուլանում, ձիուց քիչ էր մնում վեր ընկնի, էլի ընկերքը հասնում, երեսին ջուր էին ածում, անկաջները քաշում, եդ էին բերում, էլի նրա սիրտը գնում, ձիու գլխովն էր ուզում ընկնի։ Բազի վախտ որ բիրադի ձեն չէ՛ր տալիս «Թա՛գուհի, նա՛նի, բա՛բի, Նազլո՛ւ»՝ քար ու հող ուզում էին կրակվին։ Մութը գետինը առավ թե չէ, նրանք նի մտան Աբարանռւ քանդված եկեղեցին, չունքի օրն էլ կարճ էր, արեգակը քիչ էր մնացել մեր մտնի, որ նրանք գեղիցը դուս էկան։ Ձիանը որ շունչ չէին քաշում, աչքըներիցը արին էր քցում, քթըներիցը ու բերաններիցը՝ կրակ։ Ամեն մեկ շունչ քաշելիս՝ փոր ու աղիք իրար էին կպչում։ Վաթոն սկսեց ձիանը ման ածիլ, Կարոն՝ սար ու ձոր աչքի տակ առնիլ ու դես ու դեն մտիկ անիլ, ղարավուլ քաշիլ։ Մուսեն Աղասուն ուսին դրած՝ ներս տանիլ, գլուխը գոգը դնիլ, ձեռն երեսին՝ երկինքը քցիլ՝ որ իմանա՝ թե աստղերն ինչ են ասում։ Մյուսներն ընկան դես ու դեն՝ որ ձիանոնց համար մի քիչ եմ ճարեն, բայց էն վախտին չոլումն ի՞նչ կըլեր։ Խոտի չոփերն էին մնացել էստեղ էնտեղ ցից ցից կանգնած։ Երկինքը աչք ու ունք կիտած՝ իր չարխը պտտում էր հանդարտ։ Լուսինը ամպերի տակիցը մեկ երեսը շհանց էր տալիս, մեկ էլ ծածկվում ու գլուխն առնում, կորչում։ Գերեզմանատունն էնքան սարսափելի չէին ըլիլ, որքան էս չոլը։ Ամեն մեկ արանքից կամ քարի տակից դժոխքի ձեն էր դուս գալիս։ Գել, չախալ, արջ, մեկ կողմից, դառնաշունչ բորյազը՝ որ էստեղ օրը ճաշին մարդ ա խեղդում, մյուս կողմից, սանդարամետը բաց էին արել ու սար ու ձոր իրար գլխով տալիս։ Ամեն մեկ քար, ամեն մեկ թուփ նրանց աչքին դև էր դառել, ու մեկ ձին ոտը խփելիս, կամ փռնչալիս, քարերն ուզում էին ճաքին, ձորերը տրաքին։ Աղասին նաֆասը փորն ընկած՝ որ բազի անգամ ա՜խ չէր քաշում ու ոտին գլխին անում, գետինն ուզում էր պատռվի, նրանց վեր տանի։

  1. [Էր<ևանի>]