Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/357

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հարկավոր, չի՛ հարկավոր։ Մեռնելիս էլ՝ անկաջումն էն եմ ասել՝ գնա՝ իմ ջանի հանող, քանի շունչս վրես ա, Աղասին էլ կարմիր չի կապիլ, էլ ձեռները հինա չի դնիլ, նրա հինեն վաղուց քամուն տվի։ Մեկ բարձի գլուխ դրիք, մեկ հողում պետք է քնիք, ինձ էլ մեջըներդ առեք, որ ձեր սերը գերեզմանումն էլ տեսնիմ, երկնքումն էլ վայելեմ, ձեզ օրհնեմ, ձեզ որդի ասեմ, Աստծուն՝ ինչպես առա, էնպես ամանաթ տամ»։

«Գերեզմանի ղրաղին կանգնել եմ, քե՛զ եմ կանչում՝ Աղասի ջան․ ձեռս ու դոշս բաց եմ արել, քեզ եմ ուզում, ջանիդ ղուրբան, հողն իմ ձեռովս եմ առել՝ որ երեսիս քցեմ, քո մատաղդ գնամ, պատանս ես եմ կարել, որ մեջը մտնիմ, խունկս ու մոմս ու ժամոցս իմ ձեռովն եմ տվել, անումիդ մեռնիմ։ Էլ ժամ, պատարագ, էլ տերտեր, բաժակ ինձ չի հարկավոր՝ երեսս ոտիդ տակը․ հազար անգամ հրեշտակիս ոտն եմ ընկել, եդ դարձել՝ որ մեկ ձենդ լսեմ՝ էս քառացած անկաջովս՝ մեկ երեսդ տեսնիմ, էս խավարած աչքովս մեկ է՛դ սուրբ ձեռդ էս քարացած դոշին դնեմ, մեկ էդ ազիզ երեսդ էս հող դառած երեսիս դնեմ ու էս էրված խորովված, քրքրված հոգիս ու շունչս քեզ տամ։ Աղասի՛ ջան՝ բաս սիրտդ էնպես մեռել, փետացել ա, որ էլ ինձ չե՛ս սիրում, էլ չե՛ս անունս տալիս, էլ չե՛ս ուզում որ էն բարձումն ու էն տեղումն՝ որ մեր արևը մտավ, դնես ինձ ու տանես հողը քցես՝ որ էս փուչ աշխարքիցը մի պրծնեմ, մի պրծնեմ»։

Ողորմելի աղչիկը էլ չէր կարացել սրտին հուփ տալ, ոտ ու ձեռ դող էր ընկել, մնացել վեր ընկած։ Կեսուրն էկել էր տուն տարել, ու թուղթը ղրկելիս՝ ընկավ Աղասու հորախպոր ոտները՝ որ էս բայաթին թղթումը գրիլ տա, ու հետը տանի, որ ինքն առաջուց շինած, բերան գիտեր։

Գարունքը բացվել ա, դաշտերը կանաչել,
Ծառերը ծաղկել, սարերը զարդարվել․
Բլբյուլն իր վարդի սիրովն կշտացել.
Հենց ես[1] քո սերին[2] հասրաթ մնացել։ Ա՜խ հասրաթ։

Ինչ քար տեսնում եմ, դու ես առաջիս,
Ինչ խոտ կոխում եմ, դու միտքս գալիս․
Թե ջուրն եմ խմում, քո համն ա տալիս,
Ծաղիկ եմ քաղում, քո հոտն ինձ տալիս։ Ա՜խ, քո հոտն։

Լալով աչքերիս լիսը խավարեցավ․
Ա՜խ, ո՜խ քաշելով լերդս չորացավ.
Ո՞ւմ սիրտս բանամ, ո՞ւմ ասեմ իմ ցավն․
Ասեմ էլ դարդս ո՞ւմ սրտին կտա ցավ։

Չեմ ուզում աչքս երկինքը քցեմ,
Լիսնյակն, արեգակն ինձ հավար կանչեմ,
Նրանք ի՞նչ սիրտ ունեն, որ նրանց դարդս ասեմ․
Արի՛ արեգակ իմ, քեզ[3] հասրաթ եմ։

  1. [ա՜խ]
  2. սիրուցդ = սերին
  3. [ես]