Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/360

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երեսը արեգակի պես չփայլի, հոգին[1] հայլու պես թամուզ չըլի։ Աղբրների քչքչոցը,[2], ջրերի խշշոցը, ծառերի սլսլոցը, ղշերի ծլվլոցը, չոբանի թութակը, գառան, ոչխարի, կովի ու ֆորթի բղղոցը, բառանչալը՝ ուզում էին մարդի սիրտ կրակեն ու ասեն. «թե ուզում ես դրախտ, էստեղ կաց, էսպես կաց, սիրտդ անմեղ պահիր, միտքդ թամուզ։

Չեմ կարող ասիլ, թե էս տեղի փոփոխությունը Աղասու սիրտը բաց չի արեց, քար ըլեր, կկակղեր, կրակ ըլեր, կհանգչեր, ուր մնա նրա սիրտը։ Բայց Աղասու գլխին դեռ չար հրեշտակ էր պտտում ու ինքը ողորմելին չէր իմանում։ Շատ անգամ սարից որ օբեն չէր մտնում, հազար աչք մնում էին վրեն հայիլ մայիլ, իլահիմ որ իմացան նրա պատմությունը․ ամեն աչք ուզում էր նրա համար բացվի, ամեն բերան նրան իր շունչը տա։ Ում որ մեկ ծաղիկ չէր թավազա անում, աչքը արտասնքով լիքը ուզում էր ձեռի տեղակ սիրտը դեմ անի, քթի տեղը, հոգումը դնի նրա տված ծաղիկը։ Ով մեկ անուշ թիքա ուներ, նրա համար էր[3] պահում, մեկը սերն էր նրա առաջին դնում, մեկը ձվաձեղ, մեկը գառան միս, մեկը պախրի խորոված։ Շատը նրան կանչելիս, գառն, ոչխար էին մորթում, որ նրա սիրտն առնեն։ Նրա տխուր բայաթու ձենը, նրա աղիողորմ սուգը կամ արտասունքը՝ որ չէին տեսնում, մեծ, պստիկ ուզում էին նրան մատաղ գնան։ Աղչկերքը որ չէին դաստա դաստա սարի դոշին ման գալիս, ծաղիկ քաղում, գլուխ ու դոշ զարդարում, սիրտն ուզում էր թե տրաքի՝ որ իր Նազլուն էստեղ չէ՛ր։ Բայց Մուսեն, ջիվան Մուսեն՝ ոչ Նազլու ուներ, որ դարդ անի, ոչ հեր, որ բանդումը տանջվի, մեկ[4] ջահել մեր ուներ, էն էլ էսօր էքուց էր ընկել՝ որ մեկ քիր կամ ախպեր նրա համար բերի։ Բոյն էկել շիշակացել էր, չինարի դառել, բեղերն նոր էր բերնի վրա ծաղկել, թուխ թուխ ճալվերը շարմաղ երեսին հովին անելիս՝ հենց իմանաս՝ հրեշտակ ըլի թևով խփուժ։ Տասն վեց տարին անց էր կացել՝ դեռ նա թեք աչքով մեկի երեսի չէր մտիկ արել։ Բազի վախտ մեկ քող կամ սիպտակ լաչակ տեսնելիս՝ ղորդ ա, խելքը գլխիցը գնում, սիրտը կրակով լցվում, աչքերը արտասունքը կոխում, ուզում էր, սար ու ձոր ընկնի, գլուխն առնի կորչի։ Ամա մեկ քանի օր որ անց էր կենում, աչքը էլ որ չէ՛ր տեսնում, սիրտն էլ հովանում էր։ Բազի վախտ էնպես գիտես՝ թե նրան վեր ըլին քաշում։ Հովը տալիս, ծառը ծաղկելիս, ջուրը քչքչալիս, հենց գիտես՝ թե մեկ աներևույթ ձեն նրան ասում ըլի, Մուսա ջան, քնի՛, ես աչքդ կկապեմ, երազումդ հետդ կխոսեմ, որ զարթնես գյում կըլեմ, չունքի վախտը չի հասել՝ որ դու քո նասիբը քթնես, ինչ որ ճակտիդ գրած ա, էն պետք է ըլի։ Քնից որ վեր էր կենում, հենց իմանում էր թե հրեշտակները մոտիցը նոր թռան, նա չէր իմանում՝ թե սերն ա էս, որ քիչ քիչ նրա սրտումը տեղ էր պատրաստում։

Մեկ օր էլ էսպես, մեկ ծառի տակին քնած տեղը, երազում մեկ թաս գինի բերին դեմ արին, ու մեկ հրեշտակի պատկեր նրան՝ թևերն երեսին փռած կամաց ձեն տվեց․ «Մուսա ջան՝ յա խմիր էս թասը՝ յա ինձ սպանիր, իմ կյանքս քո ձեռին ա։ Հերնը մեր չունիմ, ընկել եմ մեկ

  1. [հրեշտակի]
  2. քչքչալը = քչքչոցը
  3. էին = էր
  4. [պառավ]