Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/367

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մեկ տափարակ դուզ[1] տեղ բաց ա ըլում հանկարծ տեսնողի առաջին՝ մեկ մեծ դաշտ. չորս սարերով պատած, աջ ու ձախ սևին տալիս ու քանի գնում ա մարդ, ամպ ու դուման քաշվում, պարզվում են ու հենց իմանում ես՝ թե առաջիդ մեկ էնպես քաղաք ա բաց ըլում, որ հազար հազար բնակող միջումն ունի․ ու ցրտի յա շոքի ձեռից բեզարած՝ ուզում ես՝ որ շտապես, գնաս մեկ աստվածասերի դռան վեր գաս, դինջանաս, էլ եդ ճամփեդ բռնես, գնաս։ Մեկ տեղից ահագին բերդի պարիսպն ա քեզ խաբում, մեկ տեղից զարմանալի եկնղեցքանց գմբեթներն ու մեծությունը. մյուս տեղից բարձր մինարեթքը ու քոշք ու սարայի գլխըները։ Մտքումդ ասում ես՝ թե էս տեսածդ[2] մեկ մեծ, զորեղ թագավորի թախտ պետք է ըլի․ էստեղ օսկին ու արծաթն ախպի հետ պետք է խառը ընկած[3]։ Էստեղ օրը հարիր քարվան[4], ներս մտնի[5], հարիրը դուս գա։ Հենց իմանում ես՝ թե ցերեկը թոզն ու դումանն ա աչքդ բռնում, գիշերը մութն ու խավարն ա քեզ խաբում, որ ինս, ջինս, մարդ, անասուն չես տեսնում,[6] հենց ջամդաքակեր ագռավներն են աչքիդ սևին տալիս։ Մարդ չի կա մոտիդ, որ հարցնես, գիր չես կարթացել՝ որ իմանաս, մտքիդ հետ ընկած, տեսածդ հրաշք կարծելով, յա աչքակապություն, որ հանկարծ գլուխդ չես բարձրացնում, ա՜խ՝ սիրելի իմ Հայազգի՝ ջանդ դող ա ընկնում, կռներդ թուլանում, հենց իմանում ես՝ թե[7] մեկ վիշաբ, յա մեկ հարամի հենց էս սհաթին ա մտել ու բոլոր կենացողները յա կուլ տվել, յա սուրը քաշել, յա գերի արել, ինքն էլ փախել, ուզում ես, որ աչքդ խփես, եդ դառնաս։ Ախ չէ, չէ, եդ մի դառնալ, էստեղանց ծուխը հազար տարուց ավելի ա՝ կտրվել ա, կա՛ց, մի՛ վախենալ, անշունչ քարերը ու եկեղեցիքը մարդակեր չեն։ Աչքդ բաց արա, սիրտդ քեզ հավաքիր ու գլխիդ վայ տուր, էս սրբատաշ տաճարները, էս ահագին բերդը, էս քարերը քեզ կասեն՝ թե սա է գոռոզն Անի, քո թագավորների հզոր մայրաքաղաքը, որ էնքան էր իր հարստությունովը, իր փառքովը փարթամացել, ճոխացել, մեծամտել՝ որ չոբանն էլ եկեղեցի էր շինում, ոչխարարածն էլ արծաթե նալնած սաղրի քոշերով ման գալիս, ուզվորն էլ հացի տեղակ փլավ, ղանդ ու շաքար, սև փողի տեղակ՝ արծաթ ու ոսկի էր պահանջում, որ եկեղեցին մտած ժամանակն էլ էնքան Աստված էին նրանք մոռացել, որ կարճ վարդապետ գալիս, բարձր գրքակալ էին դնում, բարձր եպիսկոպոս ըլելիս՝ ցած գրքակալ դուս բերում, որ յա ձգվին, յա կռանան, յա չոքին, յա գիրքը չտեսնին, ու իրանք ծիծաղին, Աստծո տաճարումը քեֆ անեն։ Բայց սուրբն Հովհան Երզնկացին հանաք չվերցնելով, մեկ օր օրհնած բերանը բաց արեց, երկիրը տրաքեցավ, տակը վեր էլավ, խալխը ցրվեցին, փախան՝ որը Ղրիմ, որը Պոլշա, էս անշունչ քարերը մնացին ցից ցից, հազար եկեղեցուցը հինգը մնացին շեն, տաճարք, ապարանք, գանձ, հարստություն անեծքի փայ էլավ։ հողը մտավ Հայոց ազգի մնացած փառքն էլ ու մինչև էսօր էլ երկրի ձենը

  1. [դաշտի վրա]
  2. [թէ]
  3. [ըլի]
  4. [պետք է]
  5. [օրը]
  6. [ու մեկ ա]
  7. [նոր]