Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/368

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գալիս ա,[1] գող, ավազակ են միջումը բուն դնում, նրանց բանն Աստված հաջողում ա, նրանք չեն տակով ըլում, ու Աստված էնքան իր գութը Հայերիցը պակսացրեց, որ էնքան անմեղ հոգիք, էնքան միլիոնավոր մարդիկ մեկ սհաթումը մեկ սևագլխի խոսքով, ջնջեց, Հայոց տունը քանդեց, էլած փառքն էլ ձեռիցը խլեց, որ գնա էսպես երերյալ, տատանյալ մնա աշխարքիս երեսին։

«Լա՛ց գլուխդ՝ անցավոր, տես թե Աստծու դատաստանն ինչպես արդար է, կարգավոր տեսածին պես՝ ոտները ջուր արա, խմիր, որ էսպես քաղաքը անեծքով քանդեցին, ու էսօր էլ քանդողին եկեղեցումը տոնում են, դու չե՛ս իմանում, որ նրա անունը տաս, սուրբ աղոթքն ու բարեխոսությունն հիշես, որ քեզ էլ չանիծի, քո որդիքը պահի մեծացնի։ Նրա տոնի օրը լավ մտքումդ տպավորի, ի՞նչ կանես Անի քաղաքի անունը։ Նա քանդվեց պրծավ, ամա սրբությունը քեզ միշտ օգնական ու բարեխոս կըլի»։ Ղրաղին կանգնել ես, ձեռդ ծոցդ դրել, խելքդ ցնորվել, լեզուդ պապանձվել։ Ո՞վ էսքան հրաշք տեսավ, վայելեց, երազ է, քնած եմ, աչքս ինձ խաբեց, ասում ես մտքումդ, ուշագնա ըլում, հո նոր են սրանք, բաս սրանց միջումն՝ ընչի՞ չկա ձեն, ընչի՞ են լռվել։ Ա՜խ՝ թշնամյաց սուրն ա նրանց վերջացրել։ Հմիկ հավատում ես, ա՜յ իմ խեղճ ազգ՝ թե քո երկրումն բյուր էսպես քաղաք կամ կրակով փչացան, կամ սուրը քաշվեցին ու քեզ չոր քարեր մենակ թողեցին, որ տեսնիս ու լաս, տաս քո գլխիդ վայ․ խելքդ ժողովես, լինիս կտրիչ Հայ։ Ռուսաց հզոր քաջ ձեռի տակին փոքր դինջանաս ու քո աշխարքին մուղայիթ կենաս, արյունդ թափես, քո ազգը պահես, քեզ անուն ճարես։

Հանգստարանի ձեն էր գալիս, որ մեր ճամփորթքը գիշերվան կեսին էստեղ հասան։ Լավ կտրիչ[2] մարդ պետք է ըլի, որ էս ժամանակին էսպես չոլ յաբանի տեղը սիրտ անի, մտնի։ Կարելի է թե մեր բեզարած ճամփորթքն էլ էս տեղ չէին հասել, թե գիշերվան լիսնյակի լիսը, էս տաճարների, բրջերի գլուխը ու իրանց տգիտությունը նրանց չէին խաբել, էս տարտարոսը քցել։ Անու քաղաքի անունն էլ չէին լսել, ո՞ւր մնաց իմանային, թե նրա խարաբեքը դեռ աշխարքումս կան։ Հեռվանց՝ որ ցից ցից տների գլուխը չտեսան, Ռսի հողիցն էլ դուս էին էկել, հարամու հողը էլ եդ մտել, ղորդ ա, աքլորի[3] ձեն չէր գալիս, ամա սարերի չոբանի շների ձենը լսելով էլ մտիկ չարին, զու քաշեցին ու քու դուշմանիդ գլուխը չի գա՝ որ չմտան էս լուռ, տխուր պարսպների մեջը, հենց իմացան՝ թե մեկ մեռլատուն կամ գերեզմանատուն ընկան ու ամեն մեկ ձիու ոտի շփլթոցը, յա իրանց քաշած շունչը, սար ու ձոր կատաղացնում ա։

Ամեն մարդ փորձած կըլի, որ մութը ժամանակի մարդ որ մեկ գերեզմանատան, կամ մեկ քանդված եկեղեցու ղրաղով էլ ա անց կենում, սիրտը թուլանում ա, ջանը զարզանդում, հազար միտք հոգին կտրատում, քարերն էլ դև համարում, ու հարամի՝ որ իրան կամենում են ուտիլ, շատ անգամ ուշագնա էլ ա ըլում, սրա պատճառը բոլոր էս ա, որ մարդ սովոր ա, ինչ տեղ տուն ա տեսնում, յա շինություն, կարծելով՝ թե մարդ էլ կըլի,

  1. [ու]
  2. [սիրտ]
  3. [յա շան]