Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/370

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մնացել էին նստած, որ հանկարծ նրանց վրա չխոժոռեց, ամեն մեկը տեղն ու տեղը ուզեցավ՝ որ հալչի, էնքան էսպես նրանց աչքը մոխիր ածեց, որ ընկերների ոտի շփլթուն իմացավ, ու շունը ուրախ ուրախ ներս ընկավ, ոտներովը փաթաթվեցավ։ Հենց շունը տեսան հարամիքը թե չէ աչքըների փառը վեր ընկավ՝ ամեն մարդ թրին վրա վազեց, որ նրան փառչալամիշ անի. առաջի թուր վրա բերողի գլուխը կես էլավ,[1] փշտովների երկուսն էլ իրանց ֆորսը ճարեցին ու ղամեն ձեռն առած՝ որ գոռաց ո՛չ. «Տղե՛րք՝ ձեր արևին ղուրբան՝ Աստված մեր կողմն ա, դուռը կտրեցեք, որ սրանց մատաղն էս գիշեր անենք»։ [2]Հայի լեզուն որ բաց չէլավ, հենց բռնես պատերը լեզու առան. «Աման ձեր էկած հողին ղուրբան, ճար ունեք տեսե՛ք, մեզ ազատեցեք, տնով, տեղով ձեզ եսիր կդառնանք», տասը տասնը<հինգ> քրդստանցի Հայ էլ որ էս կողմից, էն կողմից գլուխ չի բարձրացրին, ու Քրդերի մնացած թրերն ու[3] մզրախները ձեռք առան, Քրդերի աստղը թեքվեցավ, ութը կոտորվել էին, երկուսը մնացել յարալու ընկած։ Սրանց էլ կապեցին մեկ ձիու բհրի վրա, ու աչքդ բարին տեսնի, ոչինչ սհաթի մարդին քաջությունը էն բարերարությունը չի արել, ինչպես հիմիկ։ Աղջիկ ասես, տղա, հարսը, երեխա, ծծկեր հազար չվանով չաթած տուն էին արել, Ղարսա գեղերիցը եսիր բերել, որ տանին, յա Սարդարին փեշքաշ անեն, յա Ախլցխա ծախեն։ Ո՞ւմ էսպես սհաթին մարդ ձեռք, կյանք տա, որ նրա առաջին ծունր չդնեն, երկրպագություն չանեն։ Բայց հսկայն Աղասին ինքն էր ընկնում նրանց ճտովը, ինքը նրանց կապը եդ անում, ինքը երեխին ջոկ, մորը ջոկ, սիրում, գուրգուրում՝ որ Աստծուն փառք տան, սուրբ Սարքսին խունկ ու մոմ վառեն, թե չէ, էս նրա հունարը չէ՛ր։ Ոչինչ գիշեր էն լիսը, էն կյանքը չի տեսել, չի քաշել, ինչպես էս ազատվողք թե ազատողք, իրար տեսնելիս՝ հենց իմանում էին՝ թե երկընքումն են, ու ոչ երկրումս։

Փոքր ինչ որ դինջացան, աչքդ բարին տեսնի։ Քրդերի շորերն, ասպաբն, ձի, ռախտը ու խուրջինները որ բաց չարին, հազար արնի գին կար մեջըներումը, ամեն մեկի վրա հարիր թումանի զինքս,[4] արծաթ ու ոսկի, թող նաղդ փողը։ Աղասին ո՛չ մեկին էլ ա մտիկ չարեց, ղրկեց ձիանը բերիլ տվեց, ներս քաշեց, ու քրդստանցի Հայերին հարցրեց՝ որ իրան միամըտացնեն՝ թե էն գիշերը կարող են էնդեդ ռհաթ մնալ, թե ո՛չ։ «Աղա, գըլխուդ, արևուդ ղուրբան՝ վալլա խա չընք գինա, թե էս շան լաջերիցն էլ կան, թե չէ,[5] ամա օյաղությունն աղեկ է։ Սրանց չանդիցը շունը չի խլսի, մարդն իմա՞լ կխլսի։ Մգա[6] Աստծուն փառք, խազար էնպես ջանավար մեր առաջը գան, զէնոնց խերն անիծեմ, մեկ թուր տո՛ւր մեր ձեռը, մենք գինանք թե իմա՞լ քո ճակատը պարզ կէնենք։ Մեր ամեն մեկը սուրբ Կարապետ գինա, էսոնց[7] տասնին խավի պես կծալի, տակը կքաշի։ Դու դարդ մի՛ արա։ Ռահաթ պարկի, մեր[ջանը քո] երեսը ոտացդ հողն ըլի։ Էսոնց քոքը կտրվի, քանց շուն շատ են, քանց գել առավել։ Թե մեզ կխարցնես, մենք էմլա խեյրաթ կտեսնինք,[8] որ մեր կես[9] պարկի, կես ղարավուլ քաշի։ Էս ձորեր խամա լիքն են»։

  1. [թուրը]
  2. [Հենց]
  3. [յարաղն]
  4. [ու]
  5. ոչ = չէ
  6. Մկա = Մգա
  7. սրանց = էսոնց
  8. կաշինք = կտեսնինք
  9. [քնի]