Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/372

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էր տեսել, ո՛չ աղոթքի ձեն լսել, էս գիշեր[1] հենց իմացավ՝ թե էն իրան երևելի շքեղ թագավորազունքը կրկին վեր են կացել, իրան[2] հողն օրհնում, իրան ջուրն գովաբանում, որ Հայ ազգն էլ չհավատա՝ թե իրան Աստված էնպես ա անիծել, որ էլ մարդ չի կարող նրա[3] միջումը կենալ։ Ո՛չ երկիրը քանդվեցավ, ո՛չ երկինքը փուլ էկավ։ Քրդստանցիք իրանք էլ էին մնացել զարմացած, թե էն ի՞նչ անճոռնի ասություն պետք է ըլեր, որ մինչև էն օրը սրտըներումը հաստատ տպավորել էին։

Առավոտը որ լուսացավ, Աղասու աչքը մնացել էր սառած, չէ՛ր իմանում[4] աչքին հավատա, թե ո՛չ։ Եկեղեցի, պարիսպ, բերդ, մինարեթ էնքան նոր, էնքան պայծառաշեն, ու անբնակ։ Կարթալ չէր գիտում,[5] որ միտքը բերի, թե էս ի՞նչ քաղաք պետք է ըլի, տերտերին որ չի կանչեց ու պատմությունն իմացավ, խելքը գլխիցը թռավ։ «Վա՜յ իմ օրին, արևին, մեր ազգն էսպես քաղաքներ ա ունեցել, էսպես մեծություն, ու հմիկ ամենն էլ կորցրել, հարամու ձեռին գերի ա մնացել» ասեց հսկայն լալով։ «Չէ՛, տեր հայր, մեզ Աստված ա բերել էստեղ, Աստված մեր թրին, մեր կռանը ղվաթ տվեց, որ մեկ գիշեր էսքան բաներ արինք, էն Աստվածն էլ էնքան կարողություն ունի, որ մեզ միշտ հաջողի, հարամություն հո չենք անում, որ նա բարկանա, հարամու ոտք ենք կտրում, Աստծո ստեղծվածը ազատում։ Մնանք էս սուրբ հողումը, մեր սուրբ թագավորաց գերեզմանը, մեր սուրբ եկեղեցիքը ազատենք գողի, ավազակի ոտքից։ Հարըրից ավել ենք հիմիկ։ Ի՛նչ ձեռք ենք քցել ձեզ ըլի։ Մնա՛նք էստեղ, յա մենք էլ մեր արինը մեր սուրբ թագավորաց հողի վրա թափենք, յա քիչ քիչ նրանց քաղաքը էլ եդ պայծառացնենք։ Տուն կա, ջուրը բոլ, հանդը, դաշտը մեծ, մեկի տեղակ հինգ զարմանալի եկեղեցիք, քարի տակիցը ռզզ կըհանեմ, ձեզ կպահեմ։

Բայց թե քարին ասած, թե մեր քրդստանցի հայերին։ Կռվում ղորդ ա, ամեն մեկը մեկ աժդհա, բայց ինչ գրումը գրած ա, նրա շլինքը տուր, նրան ուրիշ բան մի ասիլ։ Մեռնիս էլ, նա իր ասածը կանի, էնքան կոխքը հաստ ա։ «Իմա՞լ կեղևի, անիծած խողում ո՞վ կմնա։ Հայսմավուրքն սուտ իմա՞լ կխոսի։ Մեր վիզը զարկես, մեր ջանը խանես, վալլախա էս չոլում կեցող հմլա մեկն էլա չէղնի, չէղնի։ Խազար տարի, խա ասա՛, խա գլուխդ ի քարին զարկի։ Մենք չընք կենա, չընք գինա։ Ինչ կասես, ասա՛։ Մենք մեր խողը չընք թողա»։

«Չե՛ք թողալ՝ Աստված ձեզ հետ։ Մեր աստղը մեկ անգամ ծռվել ա։ Մարդ ինքն իր գլուխը որ թրի տակը դնի, էլ ո՞ւմ բանն ա կտրվել, նրան քոմակ անի։ Էսպես արինք, որ մեր տունը քանդվեց է՜։ Գնացե՜ք, Աստված բարի ճանապարհ տա, ու ձեր սիրտը մեկ լիս քցի, որ ձեր խերն ու շառն իմանաք։ Ես իմ տղերքանցովն էստեղանց էլ դուս գալու չեմ։ Թե ձեզանից էլ ուզող կըլի՝ որ ինձ հետ միանա[6], իմ ախպերն ա, իմ աչքի լիսը։ Մեկ թիքա ունենամ, կեսը նրան կտամ՝ ինձ համար աշխարքն յա ըլի, յա չըլի»։ Ասեց ու հրամայեց, որ ինչ ճարել են հավասար ճոթ անեն։ Ինքը մատն էլ ա մի բանի վրա չդրեց, բայց թուր ու ասպաբ հրամայեց, որ վերցնեն, բոլոր ընկերներին մեկ մեկ ձեռք Քրդի շոր հաքցրեց, որ շուտով չճանաչեն.

  1. [իրա<ն>]
  2. իրա = իրան
  3. իրան = նրա
  4. [թե]
  5. [թե]
  6. միաբ<անի> = միանա