Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/394

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քոց, խայտալով ի ծաղկանկար, երփներանգ ծոց քո հրաշագեղ, մինչ տղայն էի, խնդայի, խաղայի, ցնծայի, զմայլեալ, ապշեալ, մերթ ևս զարհուրեալ, սասանեալ յահեղ, գեղեցիկ դէմս քո զայրագին, ահիլ, սարսափմամբ, կամ ի գիրկս ծնողաց վազէի, կամ[1] խնդութեամբ, ցնծութեամբ յալիս քո կայտռէի, այժմ թանձր հառաչք և թախիծք կուտակեալ ի մրրկահոյզ, վարանեալ սրտէս, առ քեզ համբառնան։

Զանգի՛,[2] Երա՛սխ, Հրազդա՛ն, Արա՛զ։ Կաթնածո՛ր[3] ստինք մօր իմոյ սիրելւոյ և գորովագութ ծնողի մեծինն Հայաստանի — ո՞ւր[4] ձեր անուն, ո"ւր այն ոսկեղէն դարք, ո՞ւր դիւցազանց բոյլք, ո՞ւր հսկայից կաճառք, ո՞ւր աթոռանիստք, ո՞ւր քաղաքք ամբարտակք, ո՞ւր բրգունք, ապարանք, կըրկէսք երկնահրոսք — տաճարք պանծալի՛ք, շէնք զուարճալիք՝ որք զձեօքն[5] պնդագոյն զօդիւ, հզօր ձեռամբք, ամուր բազկաւ, քնքուշ սրտիւ, խանդակաթ սիրով, գորովաժպիտ դիմօք՝[6] պաշարեալ պատատեալ, խանդաղատէինն, փարէինն, ողջագուրէինն, փաղաքշէինն և գիրկս արկեալ զանուշահամք երկնատիպ լանջօք[7] ձերովք՝[8] համբուրէինն[9] զնոսա ի համբոյր սրբութեան, ի նշան սիրոյ որդիական, ի ջերմեռանդն ուխտ[10] մտերմութեան, հարազատութեան։

Զանգի՛ իմ, Երա՛սխ, Մասի՛ս, Ալագեազ, դեռ կանգնիք անմռո՛ւնչ, դեռ հայիք անշշո՛ւնչ, գնա՛յք միամիտ, հոսէք ի մեր հովի՛տ, սպառնայք ամպոց, խիզախէք ձորոց, վարսագեղ ալեօք, կատաղի դիմօք, ոմն ձիւնափայլ, ոմն արծաթափա՛յլ, ոմն ի փողփողիլն, ոմն ի փրփրիւն, ոմն վանէ զերկին, ոմն ճնշէ զգետին, ոմն ի ձիւնեայ պսակ, ոմն ի ծաղկանց թագ, յարշալուսին տես, լուսնին ի պայծառ հեզ, ողջունէք միմեանց, համբոյր տաք շրթանց ձեր սուրբ ստորոտաց խնկածին դաշտաց Հայկազանց վայրեաց։ Երկիր[11] աւերա՛կ, դաշտք մեր անբնա՛կ, անսի՛րտք, անողո՛րմք՝ հի՞մ դուք եղէք վկայք կորստեան ազգի, աւերման դաշտի, չքնաղ քաղաքաց, հզո՛ր իշխանաց, որոց զարմ և ճիռ ի ձեռս թշնամեաց ի բանդ, դառն յոճիր, անօրէն ազգաց զոհ եղեն ի սուր,[12] մտին ի բոց հուր, թողին զմեզ ի սուգ,[13] յաղի արտասուք վտարիլ յայլ աշխարհ,[14] զսուրբ հայրենեաց վայր սգալ ողբերգել,[15] հեծեծել ի հեռուստ աչօք՝ արտասուօք մաշեալ, աղէկէզ սրտիւ, կարօտով վառեալ։

Զանգի՛, Զանգի՛, քաղցր իմ Զանգի՛։ Ի քոյդ հայեցեալ անյողդողդ ճակատ վառէինն ի զէնս հսկայք քաջամարտ Հայկազեան տոհմի ընտի՛ր պատանեակք, զքո ալիս տեսեալ ահեղ, սևորակ, մղէին ի մարտ վանել քաջայաղթ զինակուռ բազկաւ տիգօք, ասպարաւ, աղեղամբք, վառեալք զբահիւք զարդարեալք՝ զԲէլայն գունդ ահեղ որոյ[16] մատնեալ ի զոհ, ելին յասպարէզ թշնամեաց ետուն գրոհ՝ ոսկեթել վարսիւք[17] դաբնեայ պսակօք պսակեալ զիւրեանց գլուխ, անվախճան փառօք ճեմեալ[18] յերկնից խումբս, զվերինն վայելեն զկեանս անտրտում, յերկրի կանգնելով զանմահից անուն ի դարս անանց, անհոլով ամաց։

  1. [հիացեալ]
  2. Զանգի
  3. կաթնահամ = կաթնածոր
  4. [քո]
  5. զձեզին = զձեօքն
  6. [գրկեալ]
  7. լանջաց = լանջօք
  8. ձերոց = ձերովք
  9. [զձե<զ>]
  10. [խոնարհութեան]
  11. [մեր]
  12. [անցին]
  13. [ի դա<ռն>]
  14. [թողուլ]
  15. ողբալ = ողբերգել
  16. [ետուն]
  17. հերօք = վարսիւք
  18. [յանմահ]