Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/413

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ինչպես բուն վեպը, նմանապես և «Զանգի» հավելվածը ունի երկու վարիանտ՝ սևագիր և մաքրագիր։ «Զանգի»-ի երկու վարիանտների միջև կա շատ էական տարբերություն. սևագրում բացակայում է Նազլուին վերաբերող մասը, նրա սուգը Աղասու գերեզմանի վրա և մահը։ Այլ խոսքով՝ սևագիր վարիանտի մեջ չէ շարունակված «Վերքի» սյուժետային գիծը, այն նվիրված է բացառապես «Զանգի»–ի նկարագրությանը։ Սևագիր վարիանտը բացառիկ հետաքրքրություն է ներկայացնում, հատկապես Աբովյանի ստեղծագործական լաբորատորիան ուսումնասիրելու տեսակետից։

61. Այստեղից սկսած մինչև վեպի վերջը տպագրված է հին ուղղագրությամբ։ Դրա անհրաժեշտությունը առաջացել է այն բանից, որ այդ ամբողջ հատվածը գրված է գրաբար։

62. Այս նախադասության մոտ՝ լուսանցքում ծրագրային նշում. «Թուրքերի օրինակը»։ Հեղինակը դատապարտելով հարազատ ժողովրդի նկատմամբ վերնախավի երիտասարդության արհամարհական վերաբերմունքը, մյուս կռղմից մեղադրում է ժամանակի «ուսյալ դասին», որ հոգ չի տանում, այդ երիտասարդությանը կրթելու միջոցով, բարձրացնելու նրա ազգային արժանապատվությունը։ Թուրքերի օրինակով, հավանաբար, Աբովյանը կամեցել է ժամանակի հայ մտավորականության մեջ նախանձախնդրություն առաջ բերել երիտասարդների կրթության գործի նկատմամբ։ Մեր այս ենթադրության համար հիմք է հանդիսանում վեպի մաքրագիր վարիանտը, որտեղ կան այսպիսի տողեր. «Լազգին ու Թուրքի մոլլեքը․․․ անփող են իրենց ազգի երեխեքը կարդացնում... Ամեն մեչըդի հայաթում՝ գեղ տեղարենքն էլ մեկ մեծ վարժատուն կա. ուրտեղ երկու, երեք լեզու են սովորում, մեր եկեղեցըքանց հայաթներումը լագլագն էլ բուն չի դնիլ, բաս ի՞նչ կըլի՝ որ ազգի սիրտն էլ քիչ քիչ չի հովանալ»։

63. Այս նախադասության մոտ՝ լուսանցքում ծրագրային նշում՝ «Աստ պարտ է խոսել զպատվասիրություն»։ Թվում է թե «Վերք»-ի մաքրագիր օրինակում երիտասարդությանն ուղղած հայտնի հատվածը, որ սկսվում է «Ձեզ եմ ասում՝ ձեզ, հայոց նորահաս երիտասարդք» հայտնի խոսքերով՝ վերոհիշյալ մտադրության արտահայտությունն է։ Այդ հատվածից ստորև բերվող տողերը լրիվ կերպով հաստատում են մեր ենթադրությունը․ «Բաս ձեր սիրտը չի՛ ուզիլ որ դուք էլ ոտանավոր գրեք, ձեր միտքը, ձեր խորհուրդը հայտնեք, որ այլազգիք իմանան՝ թե մեր միջումն էլ ա էլել երևելի գրող ու մեր լեզուն դհա ավելի սիրեն»։

64. «Իր սասանահար գթոտ գլուխ ու ջանը մահու տվող ձագեր թևերի տակն արած մոր ծոցիցը» հատվածը, որ հեղինակի ձեռքով գրված է «Վերք»-ի Ա. վարիանտի 51 էջի լուսանցքում, թեև հեղինակի կողմից ցույց տված նշանի համաձայն պետք էր տեղադրել «մատաղ անի» բառերից հետո, սակայն նկատի ունենալով, որ տեղադրման դեպքում խաթարվում է ամբողջ նախադասությունը, նպատակահարմար չգտանք այդ հատվածը բերել նշանակված տեղում։

65. Այս. նախադասության մոտ՝ էջի վերևի լուսանցքում ծրագրային նշում. «Էստեղ պատմել Սարդարի ֆորսից գալը»։ Ինչպես երևում է, հեղինակը հետագայում այդ մտադրությունից հրաժարվել է։ Վեպի ոչ սևագիր վարիանտում և ոչ մաքրագիր օրինակում այդ մասին ակնարկ իսկ չկա։

66. Խլղարաքիլիսի հայտնի ճակամարտի հայ ազգաբնակության ղեկավարի անունը, որին Աբովյանը «Վերք»–ի մաքրագրում «Սարքիս» է կոչում, ըստ երևույթին հեղինակին սկզբնապես հայտնի չէ եղել։ Այդ պատճառով վեպի Ա. վարիանտում այդ անվան տեղը բաց է թողնված։ Մենք նպատակահարմար գտանք «Վեպի» մաքրագրի հիման վրա այդ բացը լրացնել։

67. Այս նախադասության մոտ, լուսանցքում ծրագրային նշում․ «Քանի անգամ հասնելը՝ Աղասու ու թրի ծերով խփելը, Հ<ասան> Խ<անի> ձին բուդուրմիշ ըլի, քյալի վրա վեր ընկնիլը և այլն»։ Աղասու կողմից Հասան Խանին գերի վերցնելը և ապա վերջինիս Աղասու ձեռքից դուրս պրծնելը վեպի թե սևագիր և թե մաքրագիր օրինակներում միատեսակ են նկարագրվում և չեն համապատասխանում վերը բերած՝ հեղինակի ծրագրային նշումին։