Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/44

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տեղը ցավելիս՝ ուզում էին գլխովը պտիտ գան ու ոտները ջուր անեն, խմեն։ Գլուխն ու քամակը դեմ անելիս՝ հարսներն ու աղչկերքը իրար հետ բաս էին մտնում, որ իրանք քորեն կամ քութութեն։ Տրխըները կամ լաբչըները հանելիս՝ ձեռն էր՝ որ բան էր ընկնում։ Որը ոտն էր ճմռում, որը ջուրն էր տաքացնում, որը բերում, որ ոտն ու գլուխը լվանա, որը թևերը վեր քաշած՝ ձեռին ջուր էր ածում, որը մահրամեն տալիս, որը թևն էր քաշում, որը շորերը դասում, որը տեղը քցում, քնացնում։ Քնած վախտին էլ՝ ե՞րբ կարեր մեկ ճանճ՝ որ նրա մոտովն անց կենա, կամ երեսին նստի․ էնքան աչքաբաց էին հարսն ու աղջկերքը։ Մեկ ղոնաղ պատահածին պես, էս պատիվը ղոնաղինն էր՝ ե՞րբ կարեին նրանք բաց աչքով նրա երեսին մտիկ տալ։ Մեկ բան ուզելիս՝ ոտի տեղ գլխի վրա էին գնում՝ որ նրա ասածն անեն ու ձեռըները դոշըներին դրած՝ աչքը կթած ունեին՝ որ տեսնեն՝ թե իրանց տերը կամ ղոնաղը ի՞նչ կհրամայի՝ որ կատարեն։ Կեսուրը կամ կեսառը մեկ աչքը քցելիս՝ ուզում էին՝ որ տեղն ու տեղը հալչին, էնքան հնազանդ էին։

«Բախտ, բախտ էս ա, փողի բարաքյաթին էլ նալաթ, նրա կտրողին էլ», շատ անգամ ասում էին գեղըցիք ու գլխըները ժաժ տալիս. «ուտիլ չի կարելի, հաքնիլ չի կարելի։ Էս օր ջեբդ լցնես, էքուց պետք է մատդ լպստես։ Ո՛չ գիշերը քունդ ա տանում, ո՛չ ցերեկը ղարարդ։ Փորացավ ընկածի պես՝ մարդ չի իմանում, թե թիքեն ո՞ր կողմովն ա կուլ գնում։ Փողը որ կա՝ ժանգ ա, ձեռի կեխտ՝ էս օր կա, էքուց Աստուծով մխիթարիս։ Մեռնիս՝ պետք է շներոց, գիլերոց ըլի։ Թեկուզ փողի համն առած՝ թեկուզ իր միսը կերած, հեսաբը մեկ ա։ Սարդարն էլ ա մեր դուռը գալիս՝ փողատերն էլ։ Տաշտումը հաց ունենամ, կարասումը գինի, ջվալումն ալիր՝ հերն անիծած՝ որ չիփ չիփլախ էլ ըլիմ, դարդ անեմ։ Օջաղս լիքը ըլի, տանս բարաքյաթ, որդիքս սաղ սալամաթ, թող օրը հազար մարդ մտնի, հազար մարդ դուս գա, ի՞նչ եմ հոքում, հացն Աստծուն ա, ես էլ հետը, ո՛վ հասնի, ուտի․ Տերին փառք՝ տեղը հլա շատ կա, տղերքս սաղ ըլին, ջանս ապրի՛․ Աստված իր ստեղծած բանդի ռզղը ի՞նչպես կըկտըի։ Գդակս ծուռը կդնեմ, քեֆս արամիշ կանեմ, ո՛վ թամբալ ա, թող նա դարդ անի։ Չէ՛, չէ՛, փողի սիքեն ճանաչողը ո՛չ հոգի ունի, ո՛չ հավատ։ Փող - հող մին ա։ Զարգար Պ․ որ շատ փող ունի, հենց էն ա, ինձանից մեկ թիզ բարձրացել ու լավ ա ապրում։ Նրա քոռ աչքը գիտենա։ Շատ ֆիքր անելուցը երեսի կաշին գնացել, չոփ ա դառել, քամակն էկել՝ փորին դեմ առել, ատամները ցից ցից մնացել, աչքերը կուլ գնացել, մեկ որ փչես, հազար տեղ գունդ ու կծիկ կըլի՝ մեկ որ քթին հուփ տաս, հոգին էն սհաթը կտա։ Տարենը որ հազար շուն, գել, Թուրք, Հայ, աղքատ, ղարիբ, ղուրբաթ հացս չուտեն, տանս չքնեն, գինիս չխմեն, իմ աչքը հեչ քուն կգա։ Գյոռս էլ որ քանդեն, ձեն չեմ տալ։ Իքուս մասըլի տուտը Թեհրան, Ստամբոլ ա հասել։ Ո՞ւմ հադդն ա՝ որ մեկին չէ ասի։ Ինչ ուտում են չեն ոտում, էնպես ասած ունիմ՝ որ հաբգա, խուրջին էլ լցնեն, որ տանեն իրանց տունը։ Իր տնկած ծառի տակին քնիլը, իր բհամ բերած պտուղն ուտիլը՝ աշխարք աժի։ Նոր չե՛մ հաքնիլ, հին կհաքնեմ, ձեռս ո՞վ ա բռնում, ո՞վ ա գլխիս ծեծում, թե զառ ու ղումաշ հաքիր։ Ե՞ս չեմ իմ գլխիս տերը։