Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/50

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թալան ա, նամարդը իշի փալան ա։ Հա կա՛ց ու քեֆ արա՛, բարիկենդան օրեր ա, խելքըներս կորել ա, եդո ես կգամ, առաջ դու գնա՛»։

3

Անջախ մի անջախ իրար բոթբոթելով, համեցեք անելով, կռնից, թևից քաշելով, տուն ընկան։ Օրհնյալ է Աստված, փառք հավիտյանս չամիչ, սրտըներն ընկավ տեղը, մատըներն ընկավ եղը, աքլորին բարձեցին գեղը, ու կուզըկուզ անելով՝ մտան տաք տեղը։ Նամարդ ըլի՝ ով չասի․ Աստված վերջը խեր անի։ Արի՛ հմիկ գոմի դռանը կանգնե՛նք ու մեր քեդխուդեքանց քեֆին թամաշ անենք։ Բայց ի՞նչ անես, որ չե՛ն թողում, հազար յադ ու այլազգի էլ որ ըլիս, սրանց սովորությունն էնպես ա, որ առանց քեզ թիքա չեն բերանները դնիլ, չգնաս՝ կխռովին ու ամեն մարդ իր տունը կերթա, գնանք, ի՞նչ կա որ, հո մե՞զ չեն ուտիլ։ Տարով մեջըներումը մնաս, քեզ տնետուն ման կածեն, քեֆ շհանց կտան։ Բարիկենդան օրը հո՝ որ քարվան մտնի գեղը, ճամփից եդ կդարձնեն՝ քեզ էլ կպահեն, նոքարներիդ էլ, ձիանոնցդ էլ, իրանք քո հոգսը կհոգան, քեզ քնից, տեղից չեն ժաժ տալ էնքան ղոնաղասեր են։ Հա՛յ դե, ջո՛ւր տու, քշի․ ձիդ ներս քաշի։ Մտնինք գոմը. տեսնինք համը, ուտենք փլավը, մարսենք չլավը, ամա աղլուխդ դի՛ր քթիդ, որ հոտը չդիպչի սրտիդ։ Լսեցի՛ր, նստեցի՛ր, չէ՛՝ կանգնի՛ր, իմացի՛ր, բանը բանի նման չի, ա՛ռ քեզ տրաքոց։ Շփոթ ու խաշիլ ու, որ հմիկ իրար կխառնվի։ Թե ճար ունիս, փեշդ ձեռիդ պահի՛ր, գդակդ գլխիդ՝ թե չէ՛[1] գլխաբաց որ դուս գաս, խարփուխ կընկնիս, թե ասածս չանես՝ պարտական ըլիս։

Գոմի սաքուն էնպես էր տաքացել, ինչպես համամ։ Աթարի կրակի մարմանդ գոլը մեկ կողմից, եզի, կովի, ձիու հոտը մյուսիցը՝ մարդի քյալլա էին ծակում։ Փորները սոված, գլխըները դարդակ, ձեռք ու ոտք մրսած, գոմի ծանրացած բուղն ու կրակի սև ծուխն էլ որ քթըներին չըդիպավ, մաղձ ու աղիք իր<ար> գլխով տվեց։ Որը բերնին էր հուպ տալիս, որը աչքին, որը փորին, որը քթին, որն էլ թութուն էր քաշում, որ բալքի թե էն զահրմար հոտը մի քիչ կտրվի։ Որը փռշտում էր, որը հազում, որն էլ էնպես էր զկռտում, որ սիրտ ու թոք հետը դուս էին գալիս։ Ամեն մեկ քիթ նաղրախանա էր դառել, ամեն մեկ բողազ ղոռոտոտո, ամեն մեկ փոր դափ ու դարյա։ Հազալիս՝ երես ու միրուք էր, որ ներկվում էր։ Փռշտալիս՝ հենց գիտես, անձրև էր գալիս, քթի ցելթուկը ինչ տեղ ասես, հասնում էր, երես, բերան, աչք, ունք էլ չէր ասում՝ թե Աստված ա ստեղծել։ Շատը աղլուխ չունենալով, կամ փեշով էր սրբում քիթը, կամ ձեռը պատին քսում, կամ թե չէ քիթն է՛նպես էր սաստիկ վեր քաշում՝ որ մեկ բոլոր ծուխ ասես, բուղ ասես, գոմի հոտ ասես, թոզ ասես՝ քուլա քուլա բարձրանում, բեին էին համբարձվում։

Էս միջոցումը խեղճ տանդրոչ կնիկն էլ՝ փեշերը վեր քաշելով, քիթը սրբելով՝ գլուխը քարը չի տվեց՝ ուզեցավ՝ որ ներս մտնի, ու ղոնաղներին բարի լիս ասի ու գալըները շնորհավորի։ Հազի, փռշտոցի ձենը լսելով քաղաքավարություն բանացրեց՝ գոմի դուռը բաց արեց, որ մի քիչ հոտն ու

  1. [անգդ<ակ]