Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/53

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մեկ եքա կճուճ, հինգ տարվա թթու, թանձր, պճպճուն բազկաթանը էնպես նրան ողողեց, որ ջրհեղեղի օրն էլ՝ էնպես ալեկոծում, էնպես զուլում չէ՛ր էլած, չէ՛ր տեսնված, յա լսված։ Տանուտերը հո տանուտերը, քոռ գզրի սիրտը ջուր կապվեցավ։ Բազկաթանի հոտը էնպես քյալլին դիպավ, որ տասը գազ ծուլ էլավ, ու գող շան պես՝ վրվրթալով, սրսրթալով, հեթեթալով՝ եդ թռավ գոմի պուճախն ու մնաց քար կտրած, սառած։ Մեկ մկան բունը որ հազար թումանի տվել էին, կառներ, մեջը կմտներ, որ իր սև օրը լա ու տանդրոչ ձեռիցը պրծնի։ Քո դուշմանի գլուխը չի գա, ինչ նրա հալն էր, տանդրոչը հո Աստված ոչ շհանց տա, ընչանք թաքրար ջուր կբերեին, իրանն իրան հասավ։ Միրուք, բերան, քամակ, ծոց, քուրք, մուրք, հոտած բազկաթանի չխչխպում, ծլծլում էին։ Ջեբ, լաբչին բոլոր լցվել էին, տուտը պճեղն էր հասել։ Քամակը քոր էր ընկել, աչքերը մրմնջում էին, թե ուզում էլ էր՝ որ ժաժ գա չէ, փոխանն էնպես էր լցվել բազկաթանով՝ որ փաչեքը իրար դիպչելիս դափի, զուռնի ձեն էին հանում, չփչփում։

Էս շան հալին՝ էլի գոռում, զռում, հարայ էր տալիս, ձեռները դես ու դեն քցում, որ գզրին ճանգի ու սպանի։ Քոռ հավի պես մնացել էր պատի տակին կանգնած, ամա էլի հենց էն էր ձեն տալիս՝ «թողե՛ք, թողե՛ք դրա քոռ աչքն անիծած՝ թողե՛ք, դրան սպանեմ, շնսատակ անեմ, դա էր մնացել՝ որ իմ գլխիս օյին գա։ Դրան է՛ն օրը քցեմ՝ որ մեծ թիքեն անկաջը մնա»։

Ընչանք ջուր կբերեին, ամենին իրանցը իրանց էր հասել շատը նվաղել, քամակի վրա վեր էր ընկել։ Էլ ի՞նչ կանեին իրար երեսի ալիր փչիլ, մածուն քսիլ, որ շատ անգամ ուրախ վախտըներն անում էին։ Էս բավական ալիր էլ էր, մածուն էլ։ Էս ղալմաղալումը տանդրոչ կնիկը՝ ճրրալով, թոնթորալով՝ դուս էր գնացել, որ իր գլուխը լա, իր մեխքիցը ազատվի։ Խալխը տանդրոչ բնությունը լավ գիտելով, որ բարկացած ժամանակին՝ հրեշտակ էլ ձեռն ընկներ, չէ՛ր խնայիլ, ուր մնաց գզիր Կոտանը, տերտերին աչքով արին՝ որ նա քանի աչքը բաց չի՛ արել, մուննաթ անի, որ բալքի խղճին մեկ ճար ըլի ու էլ եդ գզրին բերեն, տանդրոչ ձեռը պաչիլ տան։ Հենց իմանում էին՝ թե կարգավորի պատիվն էլա կպահի։ «Բարիկենդան օրեր ա, խնամի Օհանես, խելքներս կորել ա, տնաշեն», բերանը բաց արեց ծանրագոգոթ, մեր փառավոր տերտերը, որ իր կարգի պատիվը ճանաչելով՝ ուզում որ բալքի հաշտություն քցի մեջները ու էրկուսին էլ բարըշացնի։ «Աշխարք ա, էդպես կըլի, հո աղչիկ չես, որ խասդ ու վարաղդ գնա, հո շուշա չես, որ կոտրվեիր, խանի խարաբ՝ մոմ չես, որ հալչիս, մի քիչ սիրտդ լեն պահի, ի՞նչ էլավ քեզ։ Քրիստոս սուրբ ավետարանի միջումը գրում ա՝ ամենիդ մուրազն էլ տա, թե երանի՛ խաղաղարարաց, կամ թե թշնամուդ գլխին կրակ կածես,17) թե որ նրան սի․․․ ը՜ը․․․ ղռ՜․․․ րե՜ս․․․ վա՜յ քո հերն էլ անիծած, քո մեռոն քսողինն էլ, քո օխտը պորտին նալաթ, քեզ բարի օր ասողին, բարի լիս տվողի շլինքը հախմիան տերը կոտրի, էս ի՞նչ ա իմ հալը»։ Տերտերը բուխարուցը ձեն տվեց՝ գլուխը քորելով, միրուքը թափ տալով․ «Էս ի՞նչ անիծած մարդի ռաստ էկանք էս օր տո՝ հենց ամեն բանն